Հայրս հոգու խորքում դեմ էր դերասանուհու մասնագիտության ընտրությանս. Նարինե Գրիգորյան

Մասնագիտության ընտրության, դերասանուհու աշխատանքի,  թատրոնների և այլ հարցերի մասին զրուցել ենք Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ:

Երբ սկսվեց Նարինե Գրիգորյան դերասանուհու կարիերան բեմում, կայի՞ն մարդիկ, ովքեր դեմ էին ձեր ընտրությանը:

Ոչ թե դեմ էին, այլ ավելի լավ ապագա էին պատկերացնում, քան ուղղակի դերասանուհու մասնագիտությունն է: Դպրոցում ոսկե մեդալակիր էի, և բոլորը կարծում էին, որ կգնամ գիտության ուղղությամբ: Հոգու խորքում դեմ էր հայրիկս, բայց ոչ ֆիզիկական դաշտում (Հեղ. ժպտում է):

Ես իրականում շատ էի վախենում, որովհետև, եթե մաթեմատիկայում դու գիտես, որ խնդիրը ճիշտ ես լուծել ու քեզ պատկերացնել թատերական ինսիտուտում, որտեղ պետք է հանձնես՝ առակ, արձակ, բանաստեղծություն, վախդ էլ ավելի է մեծանում:

Դպրոցում գերազանց մաթեմատիկա եք սովորել, ինչո՞ւ այդպես էլ թվերը Ձեզ իրենց հետևից չտարան ու գնացիք դեպի արվեստ:

Հավատացե՛ք, որ տարան: Իմ խաղում, հատկապես բեմադրությանս մեջ գլխավոր դեր ունի մաթեմատիկան: Եթե ուզում ես կատարյալ կյանք ստեղծել բեմում, պետք է օրենքները կատարյալ իմանաս: Ի վերջո, մաթեմատիկան թվերը չէ, այլ հակառակը: Դու օդում պատկերի հետ խնդիր ես կատարում և նույնն էլ, երբ որոշում ես բեմադրել: Կարծես թե հենց դա էլ իմ յուրահատկությունն է, քանի որ ինձ համար ընդհանրապես ոչինչ չի փոխվել:

Դերասան, ռեժիսոր, հիմա արդեն նաև ղեկավար: Ո՞րն է ավելի հարազատ Նարինե Գրիգորյան արվեստագետին:

Երբ դերասան ես, պատասխանատու ես միայն քեզ համար, դու քո խնդիրն ես կատարում, որը քո շուրջն է պտտվում:

Երբ դառնում ես ռեժիսոր պատասխանատվությունն ավելի է մեծ, որովհետև ամեն ինչ կատարվում է բեմում, դա ոչ միայն դերասաններն են, այլ նաև լույսերը, երաժշտությունը, ճարտարապետությունը:

Իսկ արդեն գեղարվեստական ղեկավարն ունի տասնապատկված պատասխանատվություն, որովհետև պատասխանատու ես խաղացանկի, դերասանական կազմի և այլնի համար:

Ձեր աղջիկը, եթե ընտրի այս մասնագիտությունը, կո՞ղմ  կլինեք:

Միայն երջանիկ կլինեմ, ես շատ եմ ուզում, որ ինքը դերասանուհի դառնա: Միևնույն է, ամենաերջանիկ մասնագիտությունը հենց դերասանությունն է: Իհարկե, եթե չցանկանա, չեմ պարտադրի, ցանկության դեպքում միայն կօգնեմ:

Դուք ամենազգացմունքային դերասանուհիներից եք համարվում: Ինչպե՞ս եք կարողանում սեր խաղալ, սիրային տեսարանները հե՞շտ են ստացվում:

Դե, երևի հենց դա է մեր մասնագիտության գաղտնիքը. Դա ինքնըստինքյան է ստացվում, անգամ զարմանում ես ինքդ քեզ վրա, քո խաղի վրա, թե ինչպես ստացվեց: Դրա համար էլ անվանում եմ ամենաերջանիկ մասնագիտությունը, որի միջոցով կտրվում ես իրականությունից:

Ճի՞շտ է, որ Նարինե Գրիգորյանը բնույթով շատախոս է, եթե այո, ապա հե՞շտ էր «Կյանք ու կռիվ» ֆիլմում խաղալ համր աղջկա դերը:

Իրականում զարմաքս շատ էր, քանի որ ինձ, ով շատ է սիրում խոսել, բաժին է ընկնում հենց այսպիսի դեր(Հեղ. ժպտում է):

Ի սկզբանե, գիտակցում էի, որ շատ լավ դեր ունեմ և գիտակցում էի, որ պետք է լիովին վստահեմ ռեժիսորին, իսկ պատասխանատվությունն անսահման մեծ էր և ավելի էր մեծանում, երբ պետք է սովորեի ժեստերի լեզուն:

Կա՞ ժանր, որտեղ ձեզ դեռ չեք փորձել, բայց շատ կուզեիք:

Ֆիլմում շատ կուզեի կոմիկական դեր խաղալ և հանդիսատեսին տալ հնարավորություն ինձ այլ տեսակի մեջ տեսնել:

Թատրոնների համար խնդիրների նոր փուլ էր համավարակը: Սա կարելի է համարել նոր մարտահրավեր, փորձություն թատրոնների համար, որը Համազգային թատրոնն անցավ, որովհետև այսօր դուք նոր ֆորմատով եք ներկայանում: Ինչպե՞ս է աշխատում Համազգային թատրոնը համավարակի ընթացքում:

Կարելի է ասել, որ հաճելի մարտահրավեր էր, որն ընդհանրապես թևաթափ չարեց, այլ հակառակը: Ունեինք ստեղծագործելու և այլ ձևով արտահայտվելու հնարավորություն: Կար մտավախություն, որ մարդիկ թատրոններ չեն այցելի, բայց արդյունքն ուղղակի ապշեցուցիչ է: Իրականում մարդը կարոտել է մարդու, իսկ թատրոնը կարոտն առնելու ճիշտ տեղն է:

Մենք անընդհատ խոսում ենք սերիալների որակի մասին և շատ քիչ խոսում թատրոններից: Ինչպիսի՞ն են թատրոնները Հայաստանում՝ամենատարբեր առումներով՝շենքային պայմաններ, ֆինանսներ, դերասանական կազմ, բովանդակություն:

Կա լավ տենդենց, սա ասում եմ առանց սուտ լավատեսության, որը թույլ տվեց թատրոնին դուրս գալ ճահճից: Եղան նաև շատ փոփոխություններ թատրոններում, նշանակվեցին հետաքրքիր ղեկավարներ, որոնք փառատոնների ղեկավարներ էին:

Փառատոնը դա պատուհան է դեպի դուրս, նշանակում է, որ գնում ես համաշխարհային թատրոնի շուկա ու ցույց տալիս՝ դու կա՞ս, թե չկա՞ս:

Եվ վերջում, ի՞նչ կա ձեր մեջ, որի մասին միշտ ցանկանում եք, որ բոլորն իմանան:

Ինձ թվում է, երբ առիթ է լինում ինձ տեսնելու, խոսելու, ես միշտ այնքան բաց եմ լինում, որ երևի թե չկա էնպիսի բան, որը չգիտեն (Հեղ. ժպտում է):

Կարծում եմ՝ ամենակարևորը ինքնահումորն է, որը ազգովի պետք է ունենանք:

Հարցազրույցը՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ  Զալիբեկյանի