Այսօր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցն է

1988 թ. դեկտեմբերի 7–ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը` մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ: Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր: Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը:Պաշտոնական տվյալներով` մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամություն է ձեռք բերել, 500 հազարն` անօթևան մնացել:Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Սպիտակ քաղաքը (շուրջ 17 հազար բնակչություն), 58 գյուղ, 80 տոկոսով ավերվել է Լենինականը (այժմ Գյումրի), մասամբ ավերվել են Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայր: Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկել է Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Աղետի գոտում է հայտնվել 970 000 մարդ։ Վտանգի պատճառով դադարեցվել է ատոմակայանի գործունեությունը։Երկրաշարժի գոտում շարքից դուրս էին եկել ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվել կամ վթարային էին դարձել մի շարք դպրոցներ ու մանկապարտեզներ, առողջապահության 416 օբյեկտ, 2 թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակույթի տներ։ Շարքից դուրս էր եկել ավտոճանապարհների 600 կմ հատված, երկաթուղու 10 կմ հատված, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել էր արդյունաբերական 230 ձեռնարկություն։

Չնայած դրսից եկած անշահախնդիր մեծ օգնությանը` աղետի բնակչության մեծ մասը շարունակում է մնալ անօթևան և առանց աշխատանքի: Աղետի հետևանքով անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4000-ը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:

 

Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/