Զրուցել ենք Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի գիտաշխատող Անժելա Լալայանի հետ:
Բավականին երկար ժամանակ եք աշխատում թանգարանում, ի՞նչ առանձնահատկություններ ունի թանգարանի գիտաշխատողի աշխատանքը:
Գրեթե երեք տարի է, ինչ աշխատում եմ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում` որպես գիտական աշխատող և պետք է նշեմ, որ իսկապես շատ եմ սիրում իմ աշխատանքը:
Թանգարանի գիտաշխատողի գործունեությունը բազմաբովանդակ է: Իրականացվում են այցելուների կազմի, նրանց պահանջների և հետաքրքրությունների ուսումնասիրություններ, թանգարանի այլ բաժինների աշխատողների մասնակցությամբ մշակվում և իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր, իրականացվում են նաև կրթական և գիտական դասախոսություններ, կատարվում է թե´ մշտական ցուցադրության մաս կազմող, թե´ ֆոնդերում պահվող ստեղծագործությունների գիտական ուսումնասիրություն և գիտական վերլուծություն, կազմվում և մշակվում են գործող և նորաստեղծ ցուցադրությունների էքսկուրսիոն թեմաներ: Թանգարանի ֆոնդապահի հետ միասին իրականացվում են նաև մի շարք ֆոնդային աշխատանքներ:
Ցավոք, այսօր թանգարաններում, պատկերասրահներում, թատրոններում մարդիկ քիչ են վաստակում և հենց այդ պատճառով էլ որոշ ժամանակ աշխատելուց հետո, որոշում թեկուզ սիրելով, բայց թողնել աշխատանքը: Ձեզ մոտ ինչպե՞ս ստացվեց երեք տարի աշխատել թանգարանում:
Իրականում այդ ժամանակահատվածն այդքան էլ երկար չէ սիրված գործով զբաղվելու համար: Կարծում եմ` թանգարանի յուրաքանչյուր աշխատակից մեծ նվիրյալ է, և բոլորս միտված ենք միևնույն գաղափարին` պահպանել, հանրահռչակել և հետագա սերունդներին փոխանցել մեր ազգային, մշակութային, նյութական և ոչ նյութական ժառանգությունը:
Թանգարանում կան բավականին արժեքավոր գործեր, նման հարուստ էքսպոզիցիան ինչպե՞ս է հասել և տեղ գտել ձեր թանգարանում:
Մեր թանգարանի պատկերասրահը կազմավորվել է 1958 թվականին` Հովհաննես Շարամբեյանի և Բորիս Պիոտրովսկու ջանքերով: Բ. Պիոտրովսկին 1942-ին մասնակցել է հնագիտական պեղումների, և շատ հնագիտական առարկաներ տեղափոխվել են Էրմիտաժ: Պատերազմի հետևանքով շատ ու շատ աշխատանքներ Խորհրդային Միության տարբեր երկրներ են տեղափոխվել, դրա արդյունքում նաև հասել են Հայաստանի ազգային պատկերասրահ և այնուհետև տեղափոխվել նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ: Որոշ աշխատանքներ անձամբ նկարիչները, ովքեր եղել են մեր թանգարանում, նվիրաբերել են մեզ` հարստացնելով կերպարվեստի ֆոնդը:
Խաչատուր Ժերանյանը 1968-ին իր անհատական ցուցահանդեսն է ունեցել մեր թանգարանում և թանգարանին է նվիրաբերել իր աշխատանքներից շատերը, այդ թվում ֆրանսահայ նկարիչներ Գառզուի և Շահինի աշխատանքներից` համալրելով մեր գրաֆիկայի ֆոնդը:
Ըստ Ձեզ, թանգարանն արդյո՞ք դաստիարակող գործոն է հանդիսանում այցելուների համար:
Թանգարանը, թերևս, հանդիսանում է մշակութային ժառանգության պահպանության ուսումնասիրման և տարածման առանցքային այնպիսի մի կառույց, որն այսօր վերաճել է որպես կրթական, սոցիալական կարևոր հարթակի` ընդլայնելով իր դռները հանրության զարգացման, առողջ ու գիտելիքահեն հասարակության ձևավորման գործում:
Թանգարանը հասցրե՞լ է ճանաչելի դառնալ հանրությանը, և հատկապես ո՞րն եք համարում ձեր թանգարանի այցեքարտը, որը գրավում է թե´ տեղի, թե´ օտարերկրյա այցելուներին:
Թանգարանի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ բացի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից, ներկայացված են նաև քանդակներ, հնագիտական, ազգագրական և կիրառական արվեստի նմուշներ: Ցուցադրված են նաև արծաթյա իրեր, լուսանկարներ և հնատիպ գրականություն:
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը կազմված է հինգ բաժիններից` հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, կիրառական արվեստ և կերպարվեստ: Նշանակում է, որ այցելուն, գալով մեր թանգարան, հնարավորություն ունի միաժամանակ տեսնելու և ուսումնասիրելու հենց այդ հինգ բաժինները: Մեր պատկերասրահն ընդգրկում է սկսած 16-ից մինչև 20-րդ դարաշրջանին պատկանող գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ:
Հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների բնօրինակ աշխատանքներով, այդ թվում Այվազովսկու, Բաշինջաղյանի, Գարզուի, Գրյոզի բնօրինակ գործերով: Այս ամենն ընդհանրական կարող եմ համարել թանգարանի համար որպես այցեքարտ:
Վերջին մի քանի տարում որքանո՞վ է բարելավվել այցելուների հոսքը դեպի թանգարան:
Վերջին տարիներին բավականին շատ է այցելուների հոսքը դեպի Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որին նպաստում է թանգարանում անցկացվող վարպետաց դասերը, որոնք բավականին հետաքրքիր են: Այդպիսիք են գորգի, կարպետի, զարդերի պատրաստման, բատիկի վարպետաց դասերը, ինչպես նաև գեղարվեստական տպագրության դասերը, որոնք տարիքային առանձնահատկություն չեն ներկայացնում, և այդ դասերին կարող են մասնակցել և´ մեծահասակները, և´ փոքրերը:
2011 թվականին թանգարանի շենքը վերակառուցվեց և շահագործման հանձնվեց, այսօր ի՞նչ խնդիրներ ունի այն, և արդյո՞ք համայնքապետարանը կարողանում է հոգալ բոլոր տեխնիկական խնդիրները:
Թանգարանի նախկին շենքը երկհարկանի փայտե կառույց էր, 2005 թվականին այն հիմնովին քանդվեց և մի քանի տարիների ընթացքում կառուցվեց այս նորակառույց շենքը` համայնքի ֆինանսավորմամբ, որի գլխավոր ճարտարապետն էր Նվեր Դանիելյանը: 2010-ին շենքի պաշտոնապես բացումն է եղել, իսկ 2011-ի ապրիլի մեկից իր դռներն է բացել այցելուների համար:
Բոլորովին վերջերս վերանորոգվեց թանգարանի ապակեպատ տանիքը` համայնքի ֆինանսավորմամբ, ինչի համար մեծապես շնորհակալ ենք: Սակայն նշեմ, որ թանգարանում առկա են այլ խնդիրներ ևս, որոնցից կնշեմ կարևորագույնները:
Թանգարանը չունի օդափոխիչ համակարգ, բացակայում են նաև խոնավաչափերը, որոնք շատ կարևոր են ֆոնդարանում գտնվող էքսպոնատների ջերմաստիճանը պահպանելու համար, խիստ անհրաժեշտ է նաև թեքահարթակների առկայությունը: Այսպիսի խնդիրները պայմանավորված են բյուջեի սղության հետ, սակայն կարծում եմ,որ աստիճանաբար լուծում կստանան:
Կխոսե՞ք այն կտավների մասին, որոնք առայժմ ցուցադրված չեն և պահպանվում են ֆոնդերում:
Մեր թանգարանն ունի բավականին արժեքավոր և հարուստ ֆոնդ: Կարելի է ասել, որ գեղանկարչական աշխատանքներից լավագույնները ցուցադրված են: Ֆոնդապահոցներում հիմնականում պահպանվում են խորհրդային շրջանին պատկանող գեղանկարչական աշխատանքներ: Իսկ ինչ վերաբերում է գրաֆիկայի ֆոնդին, իսկապես հրաշալի ֆոնդ ունենք և կարծում եմ՝ պարբերաբար պետք է ցուցադրվեն այդ ստեղծագործությունները: Ներկայումս Այվազովսկու հրաշալի մի կտավ վերականգնման գործընթացում է: Առաջիկայում մեր այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Այվազովսկու ևս մեկ աշխատանք մեր թանգարանում` «Քրիստոսն իր աշակերտներով»:
Մեկ նախադասությամբ բնորոշեք թանգարանն այնպես, որ առաջացնի ընթերցողի հետաքրքրությունը:
Թանգարաններից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, նրանք պարզապես իրեր և ցուցանմուշներ պահելու տեղ չեն, այլ արտահայտում են այն մշակույթը, որոնք այնտեղ ներկայացված են, ներառյալ դրանց սոցիալական կառուցվածքը, մտածելակերպն ու քաղաքականությունը:
Հարցազրույցը՝ ԱՍՅԱ Սարգսյանի