Եթե նորից ընտրելու լինեի, հավանաբար կրկին իմ մասնագիտության վրա կանգ կառնեի․ Էդուարդ Քալանթարյան

Մասնագիտական ընտրության, սպորտի և այլ թեմաների մասին զրուցել ենք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ։

Դուք 16 տարի զբաղվել եք պրոֆեսիոնալ թենիսով, ինչո՞ւ որեշեցիք գործունեությունը շարունակել հեռուստատեսությունում՝ արդեն որպես մեկնաբան:

Որոշումս թենիսի հետ ընդհանրապես կապ չուներ, թենիսը պատճառը չէր, որ դարձա մարզական լրագրող և մեկնաբան: Ուղղակի թենիսիստի կարիերան ավարտեցի բանակ զորակոչվելուց հետո և երբ վերադարձա սկսեցի աշխատանք փնտրել։ 2 տարբերակ ունեի՝ շարունակել մարզիկի կարիերան, կամ փնտրել ուրիշ աշխատանք: Բայց քանի որ տարիքը ստիպում էր արդեն աշխատել, ընտրեցի երկրորդ տարբերակը և ստացվեց այնպես, որ ինձ համար միջնորդեցին և Հանրային Հեռուստատեսություն սկսեցի գնալ նախ որպես պրակտիկանտ, հետո նաև հիմնական աշխատող:

Եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայիք, կշարունակեի՞ք թենիսը, նորից կընտրեի՞ք սպորտային մեկնաբանի աշխատանքը, թե՞ այլ մասնագիտություն կուզեիք:

Թենիսը չէի շարունակի միանշանակ, որովհետև որքան էլ սիրում եմ այն, գիտակցում եմ, որ Հայաստանում մնալով թենիսում, հաջողությունների չես հասնի: Լավ թենիսիստ դառնալու համար մեծ ներդրումներ են հարկավոր, մեծ գումարներ և անընդհատ շրջագայություններ, մրցաշարի մասնակցություններ: Այդ ամենը Հայաստանն ինձ չէր տա, իհարկե, իսկ այլ մասնագիտություն ընտրելու հարցում չգիտեմ՝ ինչ մասնագիտություն կընտրեի: Ես չեմ ունեցել ուրիշը, որ համեմատեմ և ասեմ: Իմ մասնագիտությունն ինձ շատ է դուր գալիս, ես  սիրում եմ աշխատել:

Ես ինստիտուտ եմ ավարտել և ստացել մարզիչ-մանկավաժի որակավորում, բայց միանշանակ այդ աշխատանքն ինձ չի գրավել, չնայած երբեք չեմ դասվանդել, բայց մարզչություն անել չեմ սիրում: Այնպես որ, եթե նորից ընտրելու լինեի, հավանաբար կանգ կառնեի նորից իմ մասնագիտության վրա:

Դուք նաև դասավանդում եք, ինչո՞վ է առանձնանում Ձեզ համար դասախոսի աշխատանքը և ավելի երիտասարդ սերնդի հետ շփվելը:

Առանձնանում է նրանով, որ շատ բարդ է ինչպես մարզիչի գործը, այնպես էլ դասախոսինը, որովհետև, եթե ուսանողը պայմանական ցանկություն չի ունենում սովորելու, և դու նրան ինչ որ բան պետք է ստիպես, սկսում ես աշխատանքդ չսիրել: Իսկ, երբ տեսնում ես նվիրվածություն ուսանողի կողմից և ձգտում, ինքդ էլ ավելի ես ոգևորվում և սկսում ես ավելի լավ աշխատել: Հետևապես, կախված է դասախես-ուսանող կապից, եթե այդ կապը միանգամից լինում է, ապա հաճելի և լավ է:

Իսկ որո՞նք են ավելի շատ գերակշռում, մասնագիտությունը սիրողնե՞րը,  թե՞ չսիրողները:

Կոնկրետ իմ պարագայում գերակշռում են սիրողները, որովհոտև սա մասնագիտություն է, որը սիրված է Հայաստանում: Շատերն են ցանկանում դառնալ մեկնաբան, բայց ցավոք սրտի, շատ քչերին է հաջողվում:

Դուք տարբեր մրցաշարեր եք մեկնաբանել՝ Աշխարհի ու Եվրեպայի առաջնություններ: Հատկապես ո՞ր սպորտաձևի առաջնություններն եք սիրում մեկնաբանել:

Շատ եմ սիրում թենիս մեկնաբանել, չնայած ֆուտբոլն իմ հիմնական աշխատանքն է և բնականաբար սիրում եմ նաև այն: Բայց ֆուտբոլն այնքան շատ է եղել իմ կայանքում, որ հաճույքով կզոհաբերեի ֆուտբոլը հանուն այլ մարզաձևի, այն ինչ-որ չափով կպահեի, բայց ոչ այս ծավալով: Թենիս եմ շատ սիրում մեկնաբանել և հոկեյ, չնայած, ցավոք սրտի, Հայաստանում հոկեյ շատ քիչ են ցուցադրում, որովհետև ուժեղագույն լիգան ամերիկյանն է և ժամերի առումով հարմար չէ, բայց եթե հնարավորություն լինի, անպայման կօգտվեմ և հոկեյ կմեկնաբանեմ: Սիրում եմ նաև հանդբոլ մեկնաբանել, և երբ Օլիմպիական խաղերի ժամանակ առիթ է լինում, միշտ հանդբոլն ինձ եմ վերցնում, որովհետև իմ սիրած մարզաձևերից է:

Ֆուտբոլային  հանդիպումներից ո՞րն է ամենահիշարժանը, որ մեկնաբանել եք:

Շատ հանդիպուներ եմ մեկնաբանել, ճիշտն ասած՝ մեկ հիշարժանն առանձնացնելը դժվար է, բայց դա կլինի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերից մեկը և եթե այնուամենայնիվ ստիպված եմ ընտրել մեկը, երևի 2011-ին, եթե չեմ սխալվում Մակեդոնիա-Հայաստան հանդիպումն էր, որը 2-2 հաշվով ավարտվեց, և մենք հաղթանակը բաց թողեցինք՝ վերջում 11 մետրանոց հարվածն ընդունելով: Երևի էմոցիոնալ ու ընդհանուր առմամբ խաղի կառուցվածքի առումով այն ամենահիշարժանն էր:

Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հանդիպումների մասին:

Ինձ համար շոկային և զարմանալի ոչինչ չեղավ, երբ 3 խաղում անընդմեջ հաղթեցինք: էյֆորիան բնականաբար եղավ, բոլորը սկսեցին խոսել եզրափակիչ փուլի մասին, բայց ես այնքան բան եմ տեսել հավաքականի կատարմամբ, որ հասականում էի՝ չի կարող մեր մակարդակի հավաքականն անընդմեջ այդպես հաղթել, որովհետև այն 3 հաղթանակներում ինչ-որ տեղ բախտի գործոնն էլ մեր կողմից էր: Հիմա բնականաբար բախտի գործոնը երես թեքեց, այդպես միշտ լինում է՝ մեկ անգամ քո կողմն է, մյուս անգամ՝ ոչ: Հայաստանի հավաքականը երբեմն մի քանի ընտրական մրցաշարը մեկ այսպես «կրակում» է, բայց խոսել եզրապակիչ փուլի մասին, իմ կարծիքով՝ շատ վաղ է, որովհետև մենք դեռ այդքան չենք հասունացել, որ ուժեղագույն հավաքականների հետ պայքարենք աշխարհի առաջնության եզրապակիչ փուլի համար, առավել ևս չենք հասունացել այդ եզրապակիչ փուլում խաղալու համար:

Ձեր համար ինչո՞վ են տարբերվում այն միջազգային մրցաշարերը, որոնց նաև հայ մարզիկներ են մասնակցում:

Տարբերվում է էմոցիոնալ տեսանկյունից, որովհետև դա միակ պահն է, երբ դու կարեղ ես չթաքցնել քո հույզերը, կարող ես երկրպագել հեռուստադիտողի հետ միասին, և դա չի դիտարկվի որպես կողմնապահություն: Դա հեշտացնում է գործը, բայց մյուս կողմից նաև դժվարացնում է, որովհետև, եթե հայ մարզիկը կամ թիմը հաջող հանդես չի գալիս, դու ստիպված ինչ-որ կերպ պետք է քողարկես թերությունները, չքննադատես կամ քննադատելիս շատ նուրբ գիծ կա, որը պետք է չանցնես, որ չվիրավորես, դրա համար և՛ բարդություններ կան, և՛ բնականաբար հաճելի պահեր:

Ի՞նչ կփոխեիք ձեր ոլորտում: Ասում են, որ այսօր Հայաստանում մեծ խնդիրներ կան հատկապես լրագրության ոլորտում: Ի՞նչ վիճակում է հենց սպորտային լրագրությունը:

Իմ կարծիքով՝ ցավալի վիճակում է, չնայած հաշվի առնելով մեծ տարածվածությունը երիտասարդների շրջանում, սկսում է քանակը որակ տալ և  ավելի շատ են հայտնվում որակյալ մասնագետներ: Բայց ի՞նչ կփոխեի․ ես շատ խիստ ընտրություն կանցկացնեի՝ ցանկացած լրատվամիջոցի ղեկավար լինելու պարագայում: Այսինքն հայոց լեզվի գերազանց իմացությունը ես կդնեի որպես խիստ անհրաժեշտ նախասպայման, և ով չհանձներ քննությունը, աշխատանքի չէր ընդունվի: Եթե փոխելու լինեի, դա կփոխեի, որ աշխատող լրագրողները լավ հայերեն իմանան: Ցավոք, ինձ համար այսօր հայերենը մեր ոլորտում շատ լուրջ կաղում է, և դա պետք է փոխել:

Շատ հաճախ քննադատւթյուններ կան այն մասին, որ Հայաստանում գրեթե ոչ մի սպորտաձևի պատշաճ ուշադրություն չի դարձվում պետության կողմից: Ի՞նչ կարծիք ունեք դուք, այսօր այս կամ այն սպորտաձևում մեր մարզիկներն ունե՞ն համապատասխան հնարավորություններ մարզվելու և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար:

Հայաստանը հարուստ երկիր չէ և չի կարող հավասար պայամաններ ապահովոլ բոլոր մարզաձևերի համար: Ցավալի է այդ մարզաձևերի համար, որ գումար չունեն և չեն ստանում պետությաունից, բայց մյուս կողմից մեղադրել պետությանը, որ չի տրամադրում այդ գումարը, նույնպես չի կարելի, որովհետև սպորտը մեր երկրի մի մասն է, բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այն կարևորագույն օղակը չէ երկրի համար, հետևաբար չի կարող պետությունը թողնել ավելի կարևոր խնդիրները և զբաղվել բոլոր սպորտաձևերով: Առաջին պարզ պատճառը՝ չկա այդքան գումար, բայց պետք է ինչ-որ կերպ խրախուսել, ինչ-որ կերպ մոտիվացնել այն մարզաձևերի ներկայացուցիչերին, որոնք քիչ գումար են ստանում, որովհոտև, ի վերջո, կհիասթափվեն: Մենք մարզաձևերի օրինակներ ունենք, որոնք շատ տարածված են եղել, ուժեղ են եղել, բայց հիմա գրեթե գոյություն չունեն, օրինակ՝ մականախաղը, որը Հայաստանում մոռացվել է որպես մարզաձև, չնայած մենք ավանդույթներ ենք ունեցել: Խորհրդային Միության տարիներին նաև շատ ուժեղ թիմ ենք ունեցել Հրազդանում, շատ ուժեղ խաղացող ենք ունեցել՝ Սոս Հայրապետյանը, ով Խորհրդային Միության հավաքականի անդամ էր և մեր հավաքականի նախկին պաշտպան Լևոն Հայրապետյանի հայրը: Բայց այդ ամենը գնաց կորավ, որովհոտև մարզաձևին ուշադրություն չդարձրեցին: Հիմա դա կանխել է պետք, բայց ցավոք, դրա լուծումը ոչ մի ոք հրաշքով կամ կախարդական փայտիկով լուծել չի կարող, պետք է ուժեղանա պետությունը, որ հետո սկսի արդեն առանձին մարզաձևեր ուժեղացնել:

Եթե ձեր երեխաները որոշեն զբաղվել սպորտով կամ հենց մարզական լրագրությամբ, կխրախուսե՞ք, թե՞դեմ կլինեք՝ իմանալով դժվարությունները:

Աղջիկս լողով զբաղվեց ու շատ լավ էր ստացվում, բայց ինչ-որ մի պահի ես էլ կողմ եղա, որ ավարտի, որովհոտև գիտեի՝ միևնույն է, մինչև կյանքի վերջ լողով չի զբաղվելու, իրեն մասնագիտություն է ընտրել, արդեն սովորում է, և ես դրան դեմ չեմ: Որդիս արդեն ֆուտբոլի և լողի գնում է, բայց նա փոքր է, դեռ փորձում ենք, տեսնենք, թե ինչ կստացվի, եթե ինչ-որ պահի որոշի, որ այլևս չի ցանկանում, ես ոչինչ չեմ ստիպի, թե ինչ մասնագիտություն ընտրի: Կլինի մեկնաբանի, թե այլ մասնագիտություն, դա արդեն իր գործն է, որովհետև ես այն ծնողներից չեմ, որ ստիպելու եմ իմ երեխային ընտրել իմ ցանկացածը, թող ինքն ընտրի և դառնա իր ոլորտում լավագույնը:

Ի՞նչ սպորտով եք զբաղվում հիմա:

Պրոֆեսիոնալ մակարդակի բնականաբար ոչ մի, բայց խաղում եմ ֆուտբոլ, Հայաստանի լրագրողների հավաքականի անդամ եմ, խաղում եմ թենիս, երբ առիթ է լինում: Վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեցի: Այս երկու մարզաձևով զբաղվում եմ, մնացածը առիթից առիթ:

Ո՞րն է ձեր ամենասիրելի վայրը Հայաստանում և աշխարհում:

Բարդ հարց է. Հայաստանում հավանաբար կպատասխնեմ՝ Երևանը, որովհետև գեղեցիկ վայրեր Հյաստանում շատ կան, բայց Երևանի կենտրոնում զբոսնելիս ինձ շատ հարազատ միջավայրում եմ զգում, դրա համար կասեմ, որ Երևանը: Իսկ աշխարհում բազմաթիվ երկրներում և քաղաքներում եմ եղել, բայց առայժմ չեմ եղել մի քաղաքում կամ երկրում, որտեղ կցանկանայի բնակվել մշտական, այսինքն այս առումով էլ Երևանը դեռ ինձ համր առանձնանում է:

Ո՞վ է ձեր ամենասիրելի ֆուտբոլիստը և ո՞ր ֆուտբոլիստների հետ եք դեմ առ դեմ հանդիպել:

Դեմ առ դեմ շատ ֆուտբոլիստների եմ հանդիպել, որոնց հետ ժամանիկին առիթ է եղել նաև լուսնկարվել: Երբ Իսպանիայի հետ խաղացինք 2008 թվականին փոքրիկ Ալբասետե քաղաքում, ինձ հաջողվեց Չավիի, Պույոլի, Կասիլիասի, Բոյան Կրկիչի հետ հանդիպել, լուսանկարվել: Թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում շատերին եմ տեսել, լեգենդար խաղացողների էլ եմ հանդիպել: Իսկ սիրած ֆուտբոլիստը եղել է ու կարծում եմ, որ միշտ կմնա, Լիոնել Մեսսին է:

Ինչպե՞ս կգնահատեք Ալաշկերտի շանսերը Կոնֆերենցիաների լիգայում:

Ինձ թվում է՝ Ալաշկերտն արդեն բավարարվել է նրանով ,որ խմբային փուլ է դուրս եկել: Ես շատ կցանկանայի, որ Ալաշերտը գոնե հաղթանակ ունենա, գոլեր խփի և ուրախացնի իր երկրպագուներին, որովհետև դրա համար են ստադիոն գնում: Բայց խմբից դուրս գալու տարբերակ ուղղակի չեմ տեսնում, որովհետև խումբը իսկապես Ալաշկերտի համար շատ ուժեղ է և այս անգամ թերևս կաբավարարվենք մասնակցությամբ:

Ո՞րն է ձեր կյանքում տեղի ունեցած ամենազավեշտալի դրվագը:

Գիտե՞ք,  երբ 41 տարեկան ես, դժվար է հիշել ամբողջ կյանքը. զավեշտալի դրվագներ շատ եղած կլինեն, բայց երևի ամենազավեշտալին ինձ համար հենց մասնագիտության հետ է կապված, երբ ֆուտբոլային հանդիպումներից մեկը մեկնաբանելիս տրիբունայում տվեցի մի մարդու անուն, ով իբր ներկա էր հանդիպմանը, բայց պարզվեց, որ այդ հայտնի մարդը վաղուց մահացել է: Իհարկե, դրանից հետո դա գիտակցելով շատ վատ վիճակում հայտնվեցի, բայց երիտասարդությունը մնում է երիտասարդություն և շատ կարելի է սխալվել: Դա փորձ էր, որի միջով ես անցա և հետագայում ավելի հավասարակշռված եմ խոսում, որպեսզի հանկած եթերում ինչ-որ սխալ բան չասեմ:

Ի՞նչ նորությունների սպասենք ձեզանից հաղորդումների տեսքով:

Իմ նոր հաղորդումը արդեն գնում է եթեր: Ամեն ուրբաթ 19:30-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում իմ հեղինակային վերլուծական հաղորդումն է՝ «Խաղից դուրս Քալանթարյանի հետ»: Մոտավորապես 20 րոպե ես խոսում եմ հայկական ու միջազգային ֆուտբոլում տեղի ունեցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների մասին:

Ի՞նչ խորհուրդ կատաք նրանց,  ովքեր ցանկանում են դառնալ լրագրող:

Խորհուրդ կտամ լավ իմանալ մայրենի լեզուն և աշխատասեր լինեն ու նպատակասլաց: Մեր գործում շատ կարևոր է չհանձնվելը, որովհետև երիտասարդները հաճախ մասնագիտությունը ձեռք բերելուց հետո, երբ աշխատանք չեն գտնում, կոտրվում են և ցանկանում են այլ ոլորտում աշխատել. մի փոքր պետք է սպասել, համառություն դրսևորել, մրցակցություն ապահովել և երբ տեղ է ազատվում, անմիջապես կառչել այդ տեղից. համառությունը հաջողություն կբերի:

Հարցազրույցը՝ ՄԻՔԱՅԵԼ Նալբանդյանի