Ես համարում եմ իմ կյանքը ստացված և շնորհակալ եմ Աստծուն իր պարգևած շնորհի համար. Արմինե Գրիգորյան

Կյանքի, գործունեության, քաղաքականության և այլ հարցերի մասին զրուցել ենք երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ:

«Երևանի սիրուն տղա»-ից մինչև այսօր ի՞նչ փոփոխություններ կան Ձեր կյանքում։  Ինչպե՞ս եք ժամանակի փոփոխությունների հետ համակերպվում։

«Երևանի սիրուն տղա»-ից հետո կյանքը փոխվել է, իհարկե, որովհետև այդ երգը եղավ պատճառ, որով ինձ ճանաչեցին ավելի մեծ շրջանակներում։

Ժամանակի հետ պետք է քայլել, որպեսզի հասցնես (ժպտում է…) ամեն ինչ անել։

90-ականների արվեստագետներն էին գնահատված, թե՞ այս օրերի։

Իհարկե 90-ականների։ Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց քչերն են կարողանում հանդես գալ և դրանով փոքրանում է ընտրության հնարավորությունը։ Ամեն տարի տեղի են ունենում միջազգային մրցանակաբաշխություններ (կոնկուրսներ), կան շատ լավ ձայներ, պարզապես նրանք Հայաստանում հայտնի ու ճանաչված չեն։

 90-ականների շոուբիզնեսի ներկայացուցիչները շատ համերգներ տալու պատճառով իրենց ավելի գնահատված էին զգում։ 2000-ականներից համերգները հետզհետե քչացան։ Հատուկենտ երգիչներ էին կարողանում համերգներ կազմակերպել ու իրականացնել։ Դա դարձավ պատճառ, որ երգիչները գնան դեպի ակումբային, ռեստորանային համերգների։

Սկսել եք ավելի պասիվ գործունեություն ծավալել, ինչո՞ւ, դա Ձեր որոշո՞ւմն է, թե՞ հանգամանքների բերումով է այդպես ստացվել։

Այս պահի դրությամբ բոլորն են պասիվ։ Մեր ոլորտը ոչնչացված է, ջնջխված։  Չգիտեմ՝ երբ է վերականգնվելու, բայց այսօր բոլորն են պասիվ։ Ես այսօրվանից մի քիչ ավելի առաջ էլ էի պասիվ, որովհետև հիմա առանձնապես անելիք չունեմ։

Այժմ մենք նախընտրում ենք ավելի շատ տեղ տալ երիտասարդ երգիչ-երգչուհիներին, որպեսզի նրանք տեսահոլովակներում նկարահանվեն ու երգեն։ Մենք մեր ընտանիքով ներգրավված ենք ռեստորանային բիզնեսում։ Ես այն տարիքում եմ, որ առանձնապես չեմ ուզում երևալ, բայց որպես արտահայտման միջոց երգում կորպորատիվներում։ Եթե լինում են հրավերներ արտասահմանից, գնում ենք ու հանդես գալիս, բայց կորոնավիրուսի պատճառով դրանք էլ են սահմանափակված։ Ընհանուր առմամբ ներսում ավելի պասիվ է քան ամբողջ աշխարհում։

Բեմում դուք էներգիա եք և շատ արագ կարողանում եք հանդիսատեսին տանել ձեր տրամադրության հետևից, իսկ ինչպիսի՞ն եք կյանքում՝ տեսախցիկներից և խոսափողերից հեռու:

Հիմա ես ավելի պասիվ եմ կյանքում, ոչ բեմի նման։ Երիտասարդ ժամանակ ավելի ակտիվ էի։ Հիմա ավելի շատ հանգստության կողմնակից եմ, երևի դա էլ տարիքից է գալիս։ Գերադասում եմ հնարավորին չափ քիչ երևալ, քիչ «թռչկոտել»։

Կա՞ն սկզբունքներ, որոնց երբեք չեք դավաճանի։

Իհարկե, նախ՝ դավաճանությունը, սուտ խոսելը։ Ինձ համար ստախոսները ամենավախկոտ մարդիկ են։ Ատում եմ սուտը։ Չեմ սիրում գլոբալ սուտ խոսացողներին։ Ինքս չեմ ստում:

Եթե հնարավորություն ունենայիք Ձեր կյանքը նորց վերսկսել, ին՞չ կփոխեիք և ին՞չու։

Ոչինչ չէի փոխի։ Ես փառք եմ տալիս Աստծուն, որ ունեմ այս մասնագիտությունը։ Ես համարում եմ իմ կյանքը ստացված և շնորհակալ եմ Աստծուն իր պարգևած շնորհի համար։ Եվ երբ նայում ես շուրջդ, թե ինչ դժվարությամբ են մարդիկ փող վաստակում և ապրում, քեզ համարում ես Աստծո կողմից ընտրյալ։

Կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Մարդ ինքը պետք է արժանանա լավ ապրելու պատվին։ Ես այսպես էլ կապրեմ։ Գլոբալ առումով ոչինչ չէի փոխի։

Կցանկանայի՞ք գործունեություն ծավալել քաղաքական դաշտում, եթե այո, ապա ին՞չ կփոխեիք մեր երկրում:

Քաղաքական դաշտում չէի ցանկանա երբևէ լինել, որովհետև իմ ամենաչսիրած ոլորտն է։ Ես միշտ զարմանում եմ՝ մարդիկ ոնց են ձգտում դեպի քաղաքականություն։ Ես դա միշտ համարել եմ ժամանակավոր երևույթ։ Իմ անուն-ազգանունն արդեն ամեն ինչ է, որ ես ապրեմ ինձ համար շատ լավ, առանց քաղաքականություն մտնելու։

Քաղաքականության մեջ շատ բան կփոխեի՝ սկսած այսօրվա մեր ղեկավարներից, կուղարկեի գրողի ծոցը բոլորին։

Դուք ունեք երկու կատակ զուգերգ Աշոտ Ղազարյանի հետ, կա՞ մտադրություն նոր համագործակցության, նոր զուգերգով հանդես գալու։ Եվ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում համագործակցություններին։

Առաջիկայում կա զուգերգի տարբերակ, իհարկե, ոչ Աշոտ Ղազարյանի հետ, թող լինի անակնկալ ում հետ։ Շատ լավ եմ նայում համագործակցություններին։ Իմ բոլոր երգերն են կատակ երգեր, Աշոտի հետ երկու երգ ունենք։

Այժմ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ նորություններ ունեք երկրպագուների համար։

Ունեմ նոր երգ և նոր զուգերգ, չգիտեմ ժամանակի առումով, որ մեկն  ավելի շուտ կներկայացնեմ։

Ձեր մաղթանքը հայ ժողովրդին, հայ զինվորին։

Ես իմ ազգի ֆանատն եմ, շատ եմ սիրում հայ ժողովրդիս ու ազգիս։ Անցիալ տարի կյանքը ցույց տվեց ինչ սարսափելի բան է պատերազմը։ Ես տեսել էի պատերազմ, ձեր տարիքի երիտասարդները չպետք է տեսնեին, բայց ինչ արած։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, թող զինվորը փառք ու պատվով, ողջ և առողջ վերադառնա իր ծնողի գիրկը։

Պինդ լինենք, համբերություն բոլորիս, թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր երկրին։ Սա Աստծո կողմից օրհնված երկիր է, անհնարին է, ովքեր էլ գան, ինչ վասալներ էլ գան, մենք չենք կարող կորցնել, Աստված չի թողի, որ մեր երկիրը կորցնենք, որովհետև դարերից եկած երկիր է։

Ես շատ ցավում եմ վերջին իրադարձությունների համար։ Վստահ եմ, որ անպայման շատ բան հետ կվերադարձնենք, կմեծացնենք, կհզորացնենք և մեր արժանապատվությունը կվերականգնենք։ Հայ ազգին ու զինվորին մաղթում եմ, որ առողջ լինեն, խաղաղություն լինի երկրի վրա, թող հայ ազգը երբեք չտխրի։

 Հայի աչքերը գեղեցկանում են, երբ նա ժպտում է։ Թող ամեն տուն գա խեր ու բարիք, թող վերջապես մի օր մեր ազգը հպարտ ու վստահ ապրի վաղվա օրվա հանդեպ։

Հարցազրույցը՝ ՍԻՄՈՆ Քահվջյանի