«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:

«Նա մեծացել է երգիչների ընտանիքում եւ երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը եւ Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ, հետաքրքրված է ֆուտբոլով եւ ընթերցանությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը: Հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միեւնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին»:

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը եւ տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

Մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 16-ին՝ Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Հայաստանյան մրցույթի փորձագիտական խմբում էին երգչուհի Իվետա Մուկուչյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2021 և 2023-ի գործադիր պրոդյուսեր, FRANCE TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, Մանկական Եվրատեսիլ 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական “Festival de Canção” երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն: