Երևանում տեղադրվել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ։

Հուշարձանի տեղադրման նախաձեռնողները ընդգծել են, որ այն արտացոլում է Հայոց ցեղասպանության ընթացքում հալածանքները վերապրած և ԱՄՆ-ում նոր կյանք սկսած Ավրորա Մարդիգանյանի կյանքն ու ուղին: Քանդակի հեղինակը հայ-իտալական քանդակագործ Վիգեն Ավելյանն է, իսկ ճարտարապետը՝ Աշոտ Արշակյանը: «Որպես հայուհի, ինձ համար այս հուշարձանը մեծ նշանակություն ունի: Այն արտահայտում է մեր շնորհակալությունը Ավրորա Մարդիգանյանին և մեր ուրախությունը, որ նա վերջապես վերադարձել է տուն», – հայտարարել է «Ավրորա» հուշարձանի գեղարվեստական խորհրդի ղեկավար, թատերագետ Մարինե Ալեսը, ով հանդիսանում է այս քանդակի գաղափարի հեղինակը։

Քանդակագործը ներկայացրել է Դեր-Զորի անապատի ճանապարհներում տառապող կանանց, որոնց շարքում երևում է նաև երիտասարդ Ավրորան: Քանդակի առջևի մասում Մարդիգանյանը պատկերված է որպես կին, «ով հաղթահարել է մահն ու պատմել իր պատմությունն աշխարհին, դառնալով գոյատևման խորհրդանիշ ապագա սերունդների համար»:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուբեն Վարդանյանի կին՝ Վերոնիկա Զոնաբենդը և Աֆեյան ընտանիքի հիմնադրամի համնախագահ Աննա Աֆեյանը: Հուշարձանը բացել են «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Ավրորայի» խորհրդի անդամներ Էրիկ Էսրայիլյանը և Արման Ջիլավյանը: Հանդիսության ավարտից հետո տեղի է ունեցել «Ավրորայի լուսաբացը» փաստավավերագրական անիմացիոն ֆիլմի հատուկ ցուցադրումը, որը պատմում է Մարդիգանյանի ճանապարհորդության մասին:

Ավրորա Մարդիգանյանը Հայոց ցեղասպանության զոհ է, ում հրաշքով հաջողվել է փրկվել։ Նա, լինելով վկա և զոհ ահավոր հանցագործությունների, կարողացավ փախչել և հասնել ԱՄՆ, որտեղ սկսեց նոր կյանք: Այս իրադարձությունները Մարդիգանյանը նկարագրել է իր գրքում, որի հիման վրա ստեղծվել է ֆիլմ: