ԿԻՆԸ ՃԻՇՏ Է ՄԻՇՏ․ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

«Կինը ճիշտ է միշտ» ընտանեկան կատակերգության պրոդյուսեր, դերասան Աբել Աբելյանը 25 տարվա դադարից հետո նոր ներկայացմամբ կրկին կլինի բեմում։

«Կինը ճիշտ է միշտ»․ այսպես է վերնագրված նոր ներկայացումը, որտեղ խաղալու են Աբել Աբելյանը, Լիլիթ Սարգսյանը, Օլյա Հակոբյանը, Արաքսյա Մելիքյանը և «Աբելյան» Արվեստի դպրոցի շրջանավարտներից Նարեկ Վարդանյանը։ Բեմադրության ռեժիսորն Արթուր Սարիբեկյանն է։

Ներկայացումը մի տղամարդու մասին է, ով հասցրել է երեք անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել, սակայն նախկին կանանց հետ պատմություններն այդքանով չեն ավարտվել․ միանգամից երեք կանայք որոշում են նույն օրը տարբեր ժամերի գալ նախկին ամուսնու մոտ՝ տարբեր պահանջներով։

Ներկայացման, կերպարների և այլ հարցերի մասին CityLife.am-ը զրուցել է դերասանների հետ։ 

Աբել Աբելյան

25 տարի առաջ ես լքեցի թատրոնը, որովհետև այդ ժամանակ ուղղակի սիրահարված էի հեռուստատեսությանը և կինոյին, բայց ես ինքս ինձ խոստացել էի վերադառնալ թատրոն՝ իմ նախագծով և իմ գաղափարներով․ հիմա խոստումս կատարում եմ։

Կինը ճի՞շտ է միշտ․ իմ կյանքի փորձը ցույց է տվել, որ ինչ իրավիճակ էլ լինի, վերջում հիմնականում լինում է կնոջ ուզածով, հետևաբար ստացվում է, որ կինը ճիշտ է միշտ։

Լիլիթ Սարգսյան

Ներկայացման մեջ խաղալուն իրականում շատ հեշտ եմ համաձայնել, անգամ չի էլ քննարկվել։ Իմացել եմ թիմը, ովքեր են խաղում ու համաձայնել եմ։

Ինչ վերաբերում է կերպարիս՝ խորամանկ աղջկա կերպար  եմ խաղալու, որը շատ աղջիկների կսվորեցնի ինչ որ չափով խորամանկ լինել տղամարդկանց հետ՝ ուզածին հասնելու համար։ Այն նաև ինձ է սովորեցրել, թե ինչպես պետք է շփվել տղամարդկանց հետ։

Օլյա Հակոբյան

Առաջարկը երկու օր առաջ եմ ստացել և երկար բանակցությունների ժամանակ չի եղել։ Հիմա փորձում եմ ինտեգրվել, որովհետև լավ, թեթև, ուրախ ներկայացում է սպասվում բոլորին։

Իմ կերպարը երազանք ունի մեկնել ԱՄՆ և դրա համար պետք է, որպեսզի ժամանակավոր կրկին ամուսնանա իր նախկին ամուսնու հետ։ Այդ իսկ պատճառով փորձում է ամեն բան անել, որ իր նպատակին հասնի։

Ինչ վերաբերում է հարցին՝ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին ամուսնուս՝ Աբել Աբելյանի հետ եմ խաղալու, ասեմ, որ ոչ, որովհետև ես դերասան եմ, ունեմ կերպար, որը պետք է խաղալ։

Արաքսյա Մելիքյան

Խաղալու եմ «կյանք տեսած» կնոջ կերպար, որն իրականում ինձ հետ բացարձակ ոչ մի կապ չունի, բայց որպես կանոն ստացվում են այն դերերը, որոնք բացարձակ կապ չունեն դերասանի հետ, որովհետև ես պետք է խաղամ, այլ ոչ թե լինեմ։

Կարծում եմ, որ այս կերպարս հանդիսատեսին հաստատ մտածելու տեղիք կտա։ Կլինեն նաև հակասական բաներ, օրինակ՝ մեր հայ տղամարդկանցից շատերը հաստատ վերնագիրը լսելով կմտածեն, թե «Կնիկը ո՞նց կարա միշտ ճիշտ լինի»։

Իսկ կինը ճի՞շտ է միշտ․ ես կարծում եմ, որ ոչ, որովհետև կինն էլ է մարդ, իսկ մարդը սխալական է։

Նարեկ Վարդանյան

Ես առաջարկը ստացել եմ ու միանգամից եմ համաձայնել, որովհետև բացի այն, որ սա իմ առաջին դերն է, նաև մեծ պատիվ ունեմ խաղալու իմ ուսուցչի՝ Աբել Աբելյանի հետ։

Ներկայացման մեջ ես մի առաքիչ եմ, ով հերոսներից Աբել Աբելյանին պարբերաբար առաքումներ է անում և խորհուրդներ հարցնում ու կիսվում իր անձնական կյանքից։

Կինը ճի՞շտ է միշտ․ չեմ կարող այս հարցին հստակ պատասխանել, որովհետև կանանց հետ մեծ փորձ չունեմ, բայց նայելով շուրջս, կարող եմ ասել, որ այո, կինը միշտ ճիշտ է։

Արթուր Սարիբեկյան

Աբելի հետ համաձայնեցի իրականացնել ներկայացումը, որովհետև փորձ եմ ունեցել աշխատել իր հետ «Չորս երազանք» հեռուստանախագծում և վստահ եմ, որ այս համագործակցությունը ևս կհաջողվի։

Իսկ կինը ճի՞շտ է միշտ․ այո, կինը ճիշտ է միշտ։

«Կինը ճիշտ է միշտ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին՝ Բոհեմ թատրոնի շենքում՝ Բաղրամյան 3 հասցեում։

Տոմսերը կարող եք ձեռք բերել միայն օնլայն՝ www.yourticket.am և www.ticketsystem.am կայքերից։

Հարցերի դեպքում զանգահարել 098 37 88 03 հեռախոսահամարին։