
Աբելյան Արվեստի Դպրոցի գործունեության և առաջիկա պլանների մասին զրուցել ենք դպրոցի հիմնադիր-տնօրեն Աբել Աբելյանի հետ:
Citylife.am-Գիտենք, որ նորից վերսկսվելու են Աբելյան Արվեստի Դպրոցի մարզային մասնաճյուղերի ընդունելությունը, ի՞նչ նորություններ ունի դպրոցը:
Աբել Աբելյան-Որոշում ենք կայացրել, որ 2023 թվականի հոկտեմբեր ամսից Աբելյան Արվետի Դպրոցի Գյումրու, Վանաձորի, Արմավիրի, Աբովյանի և Էջմիածնի մասնաճյուղերում ուսուցումը լինելու է լիովին անվճար: Ընդունելությունը շատ խիստ է լինելու՝ ամեն մասնաճյուղում ընդունվելու է ոչ ավելի, քան 22 ուսանող: Ուսման ընթացքում ևս շատ խիստ ենք լինելու՝ թե՛ դասապատրաստման, թե՛ բացակայությունների մասով:

Citylife.am-Այսինքն վճարովի խմբեր ընդհանրապես չեն լինելու:
Աբել Աբելյան-Այո, վճարովի ուսուցում մարզերի մեր մասնաճյուղերում չի լինելու: Սրանով մենք փորձում ենք հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր ուզում են իրոք հասնել իրենց ամենանվիրական երազանքին, ցանկանում ենք օգնել, որ այն իրականանա:
Citylife.am-Իսկ դպրոցի Երևանի մասնաճյուղում հնարավո՞ր է առաջիկայում նման ֆորմատով անցկացնեք ուսումը, այսինքն այստեղ ևս անվճար կրթություն լինի սաների համար:
Աբել Աբելյան-Ոչ, Երևանում ուսուցումը շարունակելու է լինել վճարովի: Մեր դպրոցը կողմնակի ֆինանսավորում չունի, և մենք ամեն բան անում ենք մեր ունեցած ռեսուրսներով: Այնպես որ նման ճոխություն այս պահին մեզ թույլ տալ չենք կարող: Հուսանանք մի օր էլ դա կլինի, մենք այդպիսի երազանք ունենք:

Citylife.am-Իսկ ո՞րն է այս ամենի նպատակը, կամ ո՞րն է ձեր օգուտը, որովհետև վստահ ենք, որ ընթերցողի մոտ հաստատ հարցեր կառաջանան:
Աբել Աբելյան-Ամեն ինչի մեջ չէ, որ պետք է օգուտ փնտրել։ Մեկ-մեկ ուղղակի պետք է անել լավ ու բարի նախաձեռնություններ ու ուրիշ ոչ մի այլ բանի մասին չմտածել։ Բարի գործ անելու ժամանակ չպետք է մտածել ոչ մի օգուտի մասին։
Citylife.am -Կարծես այս նախաձեռնությամբ դուք գրեթե մոտենում եք ձեր երազանքին: Իսկ ինչպե՞ս կարող են դիմել մարզերի բնակիչները:
Աբել Աբելյան-Այս պահին հայտեր չեն ընդունվում,հայտերն ընդունվելու են սեպտեմբեր ամսից։
Citylife.am-Շնորհավորում ենք և՛ ձեզ, և՛ մեր մարզերի բնակիչներին նման բարի և կարևոր նախաձեռնության համար: