Շատ կարևոր է, որ այս բնագավառի մարդիկ շատ ուժեղ լինեն և ոչ մի դեմքում չկոտրվեն. Զրուցել ենք երգիչ-երաժիշտ Գարուշ Սիմոնյանի հետ

Զրուցել ենք երգիչ-երաժիշտ Գարուշ Սիմոնյանի հետ: Գարուշը 18 տարեկան, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։

Որտեղի՞ց ես արմատներով։

Ես արմատներով Արմավիրից եմ, 17 տարի ապրել եմ Արմավիրում, իսկ այժմ ապրում եմ Երևանում։

Ընտանիքում երաժիշտներ կա՞ն։

Ոչ, ընտանիքւմ երաժիշտներ չկան։

Իսկ ինչպե՞ս ընդունվեց ընտանիքի անդամների կողմից քո մասնագիտական կողմնորոշումը։

Ընտանիքիս անդամները շատ են սիրում երաժշտական արվեստը և ինձ շատ են աջակցել։ Հենց նրանց ցանկությամբ էլ ես 10 տարի նվագել եմ դուդուկ, իսկ հետո իմ որոշմամբ ընտրեցի երգը։

Մի փոքր պատմիր, թե մասնագիտական ի՞նչ ուղի ես անցել։

Ավարտել եմ Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դուդուկի բաժինը։ Մասնակցել եմ «Art Music» և «Վերածնունդ» ամեն տարի կայանալիք միջազգային մրցույթ-փառատոններին։ Մասնակցել եմ Բելոռուսի «Радуга над Витебском»  փառատոնի դուդուկի մրցույթին և զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը։ Այս տարի էլ ընդունվել եմ համալսարան։

Ապագայում բացասական մեկնաբանությունների միանշանակ սպասել պետք է՝ անկախ քո կատարած աշխատանքի բարձր որակից։ Դու ինչպե՞ս քեզ կդրսևորես նման իրավիճակներում, կամ արդյոք նախկինում եղել են նման մեկնաբանություններ։

Իրականում այո, եղել են, որովհետև երկար տարիներ է ինչ այս ասպարեզում եմ և շատ անգամներ են փորձել կոտրել, վատաբանել աշխատանքս, չգնահատել, բայց ամեն պարագայում ես փորձում եմ չկոտրվել։

Ելնելով մերօրյա Հայաստանի իրավիճակից եւ երաժշտական արվեստի մակարդակից, ինչպես ես պատկերացնում քո ապագան Հայաստանում։

Ելնելով Հայաստանի քաղաքական իրավիճակից, այդ հարցին հստակ պատասխան չեմ կարող տալ, բայց լինելով հայրենասեր մարդ ամեն գնով կփորձեմ մնալ և ստեղծագործել իմ երկրի համար։

Ըստ քեզ մեր օրերում Հայաստանում արվեստը որքանո՞վ է գնահատվում։

Հայաստանում արվեստը չի գնահատվում այնպես, ինչպես պետք է գնահատվի, որովհետև շատ տաղանդավոր մարդիկ ստվերում են մնում։ Ես լինելով երաժիշտ, նպատակ ունեմ արվեստի այս բնագավառում որքան հնարավոր է փոփոխություններ մտցնել` բարելավելով արվեստի ճաշակն ու որակը։

Ըստ քեզ միայն տաղանդը բավակա՞ն է հաջողությունների համար։

Միանշանակ ոչ, որովհետև բացի տաղանդը, աշխատասիրությունը շատ մեծ դեր ունի։ Ինչպես նաև ֆինանսական միջոցներ են հարկավոր ուսում ստանալու համար։

Իսկ Հայաստանում երաժիշտներն ինչպե՞ս են վարձատրվում։

Իրականում դա անհատական բնույթ է կրում, քանի որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են գործածում իրենց տաղանդը։ Խոսքս նաև արվեստի մյուս բնագավառի ներկայացուցիչների մասին է։

Հնարավո՞ր է քեզ ապագայում տեսնենք եթերում՝ տարբեր նախագծերի շրջանակներում եւ ոչ երգարվեստում:

Եթե ստանամ նման առաջարկ, ապա անմպայման: Գուցե տվյալ մասնագիտությանը համապատասխան կարճաժամկետ դասընթացների կմասնակցեմ, որպեսզի հնարավորինս գաղափար կազմեմ տվյալ ոլորտի վերաբերյալ։

Ի՞նչ նորություններ են սպասվում մոտ ապագայում։

Նորություններ կլինեն, երբ ավարտեմ Կոնսերվատորիան։

Իսկ ի՞նչ կմաղթես այս ուղին ընտրած սկսնակներին։

Շատ կարևոր է, որ այս բնագավառի մարդիկ շատ ուժեղ լինեն և ոչ մի դեմքում չկոտրվեն, քանզի արվեստը յուրաքանչյուրի մոտ յուրովի է դրսևորվում։

Հարցազրույցը՝ ԱՐՓԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ