
Զրուցել ենք դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանի հետ:
Վերադառնանք մանկություն. հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբ խնդիր էր լինում ձեր մայրիկի բեմադրած ներկայացումներից որևէ մեկում, դուք թողնում էիք բակի խաղերն ու շտապում օգնության, քանի որ անգիր գիտեիք բոլոր դերերը։ Ձեզ հենց այդ ժամանակվանի՞ց է սկսել հետաքրքրել բեմը, արվեստը, թատրոնը, թե՞ ուղղակի խաղում էիք, որովհետև անհրաժեշտ էր։
Այդ ժամանակ չեմ էլ մտածել՝ ինձ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Քանի որ մայրս թատրոնում էր աշխատում, ինձ մենակ չէր կարող թողնել, հետը տանում էր փորձերի, ու ես ստիպված այդ աթոռների վրա եմ մեծացել: Էդպես բոլոր դերասանները, ներկայացումներն իմ առօրյան էին դարձել, ու ես չգիտեի էլ՝ դա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ուղղակի էդպես է ստացվել: Իսկ ներկայացումները փրկելը մի քանի անգամ անհրաժեշտութնուն է եղել, որովհետև եթե չխաղայի, կտապալվեր: Օրինակ՝ մեկ անգամ «Մոխրոտիկն» էին բեմադրում, ու բարի փերու օգնականի դերակատարը ոտքը վնասել էր, եկան ինձ բակից կեղտոտ վիճակով տարան ներկայացման, ես էլ պատվով խաղացի ու դուրս եկա իրավիճակից:
Մինչև թատերական ինստիտուտ ընդունվելը որոշել էիք ընդունվել տնտեսագիտության բաժին, բայց Ձեզ մոտ չի ստացվել։ Սա ձեր կյանքում միա՞կ տեղն էր, որտեղ չընդունեցին, թե՞ մասնագիտական ճանապարհին էլ հաճախ հանդիպել են փակ դռներ։
Դա միակ դեպքն է եղել, բայց ես դա չեմ համարում փակ դուռ, որովհետև կյանքը միշտ հետաքրքիր անակնկալներ ունի, երբեմն որևէ բան քեզ անհաջողություն է թվում, իսկ հետո հասկանում ես, որ դա այդպես չէր: Այս դեպքում էլ, եթե ես ընդունվեի Պոլիտեխնիկական ինստիտուտ, շատ շուտ դուրս կմնայի, որովհետև իմ ուղեղը չի աշխատում այդ ուղղությամբ: Այնպես որ կյանքն ինձ թույլ չտվեց ընդունվել այնտեղ, որպեսզի հաջորդ տարի ընդունվեմ այն բուհը, որն իմ կյանքի ճանապարհն էր դառնալու և որով ես քայլում եմ մինչ օրս:
Ինչո՞ւ էիք ցանկանում այնտեղ ընդունվել, բացի այն, որ այն ժամանակ մոդայիկ տեղ էր:
Այն ժամանակ դերասանները, այս ոլորտը, արվեստն այդքան էլ լավ վիճակում չէին: Շատերը, երբ ասում են, որ հիմա ոլորտը լավ վիճակում չէ, ես վստահեցնում եմ, որ այն ժամանակ էր ոլորտը շատ վատ վիճակում, որովհետև դերասանները նկարահանվելու տեղ չունեին, դերասանների աշխաատավարձերը թատրոններում շատ ցածր էին, «Հայֆիլմը» նոր էր փակվել ու որպես դերասան ոչ մի երաշխիք չունեիր, որ կկարողանաս ընտանիք պահել: Այդ ժամանակ տնտեսագետի մասնագիտությունը բավականին արդիական էր, ու ես էլ որոշեցի այդ ուղղությամբ գնալ:
Ապահովված լինելու համա՞ր:
Սոված չմնալու, երևի դրա համար:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ինչպես ֆիլմերում են դերերը տարբեր, այնպես էլ իրական կյանքում եք շատ տարբեր՝ կախված իրավիճակից։ Այդ տարբեր դերերից ո՞րն է եղել Ձեզ ամենահարազատը և ո՞րն է եղել առավել մոտ իրական Աբել Աբելյանին:
Դժվարանում եմ ասել, որովհետև ես չեմ փորձել կերտել իրենց այնպես, ինչպես ինձ ավելի մոտ կլինեն: Դեր է եղել, որի վրա ես աշխատել եմ, հակառակ դեպքում կստացվի, որ դու չես խաղում: Միգուցե ինձ շատ ավելի մոտ կամ հաճելի էր, երբ ինձ հրավիրեցին Արմենիա թիվիում խաղալ «Կյանքի գինը» սերիալում, որտեղ ես խաղում էի մի բիզնեսմենի անվտագության ծառայության պետ: Բավականին մեծ ու ծանր դեր էր, բայց սկսեցինք նկարահանվել, ու հիմա կարող եմ ասել, որ դա երևի իմ ամենահարմար դերն էր:
Ասացիք՝ ամենահարմար դերը դա էր, իսկ օրինակ «Խավարման օրը»ֆիլմում Ձեր դերը, որը կարծեմ՝ ձեր առաջին դերն է եղել, որն իրական Աբելին այնքան էլ նման չէ:
Ճիշտն ասած՝ ես այդ դերը չեմ սիրում, այն ինձ համար հարմար դեր չէր, ուղղակի առաջին դերն էր, որ ինձ առաջարկել էին ֆիլմում: Գոռ Վարդանյանն էր առաջարկել, ու ես մեծ հաճույքով նկարահանվեցի: Իրականում այդ դերը դեմք չուներ, ես ինձնից հորինում էի այդ մարդուն, որովհետև դա իմ տեսակը չէր, բայց դերասանն անկախ իր տեսակից, պետք է կարողանա խաղալ ցանկացած դեր:
Դուք զբաղվել եք մի քանի տարբեր մասնագիտություններով՝ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար․ ո՞ր աշխատանքն եք մեծագույն սիրով կատարել, ո՞րն է ամենաշատը ձերը։
Ժամանակին դերասանությունը, որը ես կատարում էի մեծ սիրով: Հետո, քանի որ ես բնավորությամբ մի քիչ կշտացող մարդ եմ, ուշ, թե շուտ գալիս է ինչ-որ ժամանակ, որ տվյալ բանից կշտանում եմ: Այդպես եղավ նաև դերասանության հետ: Երբ եկավ այդ պահը, բոլորի համար դա տարօրինակ էր, որովհետև ամենապիկային ժամանակն էր, երբ բազում դերերի առաջարկներ կային, ու բոլորն ինձ գիտեին, ճանաչում էին, բայց ես որոշեցի, որ էլ չեմ ուզում: Հետո եկավ ժամանակ, որ ինձ պրոդյուսերությունը գերեց, ու ես երկար ժամանակ՝ մինչև այսօր դրանով եմ զբաղվում, ես այստեղ հաճույք եմ ստանում: Իհարկե, պրոդյուսերությունը նշանակում է քաոսի մեջ փորձել ստեղծել համակարգ, որը հանդարտ, հանգիստ կաշխատի ու ինձ դուր է գալիս այդ քաոսը կառավարելն ու կանոնակարգելը:
Ընդամենը 28 տարեկանում հիմնադրեցիք Հայաստանում առաջատար հաղորդավարական դպրոցը, այնուհետև մեկ տարի անց Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան։ Այդ ժամանակ կայի՞ն վախեր, մտքեր, որ հնարավոր է չստացվի և պետք չէ ռիսկի դիմել։
Ինձ մոտ վախեր չկային, քանի որ ես գիտեի՝ ինչ եմ անում, ես ունեի այն գիտելիքերը, որոնք պետք է փոխանցեի երեխաներին: Ու ես ունեի իմ առջև դրված նախապայման, որ մեկ տարում, եթե ոչ մի արդյունքի չհասնեն իմ աշակերտները, ես նախաձեռնությունը կփակեմ: Վեց ամիս անց մեր դպրոցից երեք շրջանավարտ ընդունվեց «Դար 21» հեռուստաընկերություն աշխատանքի, նույնիսկ մեկը մինչ օրս աշխատում է՝ Մարինա Գրեգը: Նա հենց այն առաջին ուսանողն էր, որը ոչ մի կերպ չէր հավատում, որ կարող է դառնալ հաղորդավար, բայց ստացվեց: Հետո արդեն իմ վախերն էլ անցան, որովհետև վստահ էի, ես գիտեի` ուր եմ գնում, ես գիտեի` ոչ մի բան ստի վրա հիմնված չէ: Վախենում ես, երբ ստի վրա ես լինում հիմնված, իսկ երբ արդար ես, անկեղծ ես ու պարզ, ոչ մեկից վախենալու բան չունես:
Մեկ անգամ նշել եք, որ երբ խոսքը վերաբերվում է գործին, դուք մտածում եք 30 վայրկյանից ոչ ավել: Եղե՞լ են դեպքեր, որ սխալվել եք երկար չմտածելու պատճառով:
Իհարկե, եղել են դեպքեր, որ սխալվել եմ նաև շատ երկար մտածելու դեպքում: Այ, հիմա էլ մենք օրինակ՝ ամենօրյա օնլայն ժողով ունեինք բոլոր մասնաճյուղերի տնօրենների հետ, ու ամեն մասնաճյուղի ղեկավար երևի թե 40 րոպեում մոտ 15 հատ խնդրի մասին ասաց, որը պետք էր լուծել: Հիմա եթե ես ամեն մեկի 15 խնդրի մասին երկար մտածեմ, վաղը էլի են խնդիրներ լինելու, արդեն կսկսեմ կուտակվել խնդիրների մեջ ու արդյունքում դրանք չեն լուծվի: Իսկ լուծումները պետք է տաս հստակ ու հիմա, հնարավոր է սխալվես, բայց ավելի լավ է արագ սխալվես ու շատ, քան դանդաղ, բայց մեկ անգամ: Արագ արածդ սխալը, արագ էլ կուղղես, էլի մի 30 վայրկյան կունենաս, բայց եթե 3-4 օր մտածես, նոր որոշում կայացնես, հետո պարզվի, որ սխալ էիր, նորից 3-4 օր չես ունենալու ուղղելու համար:

Որոնք ե՞ն դերասան դառնալու բարդ կողմերը, սա դժվա՞ր, թե՞ ավելի շատ հաճելի մասնագիտություն է։
Կարծում եմ՝ դերասան դառնալու ամենաբարդ կողմը այն է, որ կարողանաս անընդհատ վերահսկել սեփական ինքնագնահատականդ, որ անկում չունենաս: Դերասանի մասնագիտությունն ընտրող մարդն անընդհատ մտածում է, որ գուցե իր մոտ չստացվի, հետո նայում է իրեն ու էլի մտածում, որ չէ, լավ չէր: Այսինքն դու անընդհատ ինքնագնահատականդ չգցելու խնդիր ունես, որ սկսես քեզ արդեն ասել՝ ոչ թե վատ էր, այլ լավ էր, դեռ ժամանակ ունես: Պետք է կարողանաս ամեն անգամ քեզ գովել, սա մեր մասնագիտության մեջ բարդ կողմ է՝ գրեթե բոլոր դերասանների պարագայում:
Ի՞նչն է պատճառը, որ այսօր հայկական ֆիլմերը հաջողություններ, ճանաչում չեն ունենում: Ինչո՞ւ մենք չենք կարողանում ժամանակին համընթաց շարժվել։
Այնքան էլ համաձայն չեմ ասվածի հետ: Հայաստանում բավականին ժամանակ է, ինչ ունենում ենք լավ ֆիլմեր: Իմ ընկներները` նույն ինքը պրոդյուսեր Արման Միտոյանն անում է պրոյեկտներ, որոնք բոլորն էլ հաջողված են: Այո, քանակով քիչ են, որովհետև ցանկացած կինո ենթադրում է մեծ բյուջե, մեծաքանակ թիմ և այլ ռեսուրսներ: Այնպես որ չնայած քիչ քանակով, բայց այն, ինչ արվում է, հույս են տալիս, որ մեր կինոն գնում է առաջ: Խոսքը չի գնում երկարատև սերիալների մասին, չնայած իրենք էլ իրենց տեղն ունեն, ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում դրանք արտադրվում են, մեկը մի քիչ թույլ, մյուսը մի քիչ ուժեղ, և ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հայկական կինոյի նկատմամբ, որովհետև տեսնում եմ բաներ, որոնք ինձ շատ են դուր գալիս:
Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունում մեկը մյուսի հետևից շատ լավ նախագծեր են իրականացվում: Կան նաև կոմերցիոն պրոյեկտներ, որոնք էլի լավն են: Այնպես որ տարիներ առաջ, եթե այս հարցը տայիք, ես գուցե ասեի՝ այո, շատ վտանգավոր փուլում ենք, բայց հիմա՝ փառք Աստծո:
Եթե թույլ կտաք, խոսենք նաև ձեր անձնականի մասին: Չնայած քիչ եք խոսում անձնականից, բայց արդեն գաղտնիք չէ, որ ամուսնալուծվել եք։ Երբևէ չե՞ք մտածել կյանքը վերադասավորելու մասին, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իրավունք` սիրելու և սիրված լինելու:
Ճիշտն ասած դրանից էլ եմ մի քիչ կշտացել (ժպտում է) բայց որքան էլ ասեմ՝ չէ, չեմ ուզում, ես չեմ որոշողը, դա այնպիսի բան է, որ գուցե ես չուզեմ, որովհետև Աստված ինձ պարգևել է երկու հրաշալի տղա, ես ամեն օր իրենց հետ շփվում եմ, իրենցով եմ զբաղված, իրենց նպատակներին հասցնելով, բայց չեմ ուզում ասել՝ չէ, որովհետև չէ ասողն ավելի շուտ է դրա մեջ ընկնում:
Միգուցե վախենո՞ւմ եք:
Չեմ վախենում, ուղղակի դա իսկապես չուզելով չէ, կյանքն այնպիսի բան է, որ կարող է հայտնվել քո կյանքում մի մարդ, որ էլ չհասցնես ասել` չեմ ուզում:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այն կինը, որը տեղ կգտնի ձեր կյանքում:
Չեմ ասի, ես գիտեմ` ինչպիսին պետք է լինի, ես իրեն տեսնում եմ, բայց էդպես…

Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
Այո:
Ո՞րն է գլխավոր գործոնը:
Մի քանի գործոն կա` առողջ, խելացի երեխաներ, լավ երեխաներ, որը շատ կարևոր է, իսկ իմ տղաները լավ տղաներ են: Սա նրա համար չեմ ասում, որ իմն են, ես կողքից շատ բծախնդիր եմ, բայց իրենք լավ տղաներ են: Ունեմ սիրած աշխատանք, որից ես հաճույք եմ ստանում, ունեմ շատ նվիրված ընկերներ, որոնք իմ կողքին են եղել ամենավատ պահերին, ու ովքեր իմ կողքին են ամենալավ պահերին, ունեմ Հայաստանում մոտ 200 աշակերտ, բոլորին շատ սիրում եմ, իրենք ինձ ոգևորում են` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում: Այս պահին երևի ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Կարող է կողքից նայողն ասի՝ քիչ ունի, բայց ինձ այսքանն է պետք ու այսքանը հերիք է: Ես ունեմ բազում նպատակներ ու երազանքներ, որոնք գնում են դեպի իրականացնում, ու ես ավելի լավատես մարդ եմ, փորձում եմ ամեն ինչի մեջ ավելի շատ լավը տեսնել, քան վատը. դրանով իսկ ես ինձ համարում եմ երջանիկ մարդ: Գուցե մեկ ուրիշն իմ փոխարեն ասի, որ արդեն 43 տարեկան եմ ու այս կամ այն բանը չունեմ, բայց ես ասում եմ, որ դեռ 43 տարեկան եմ ու գնում եմ առաջ:
Եթե ունենայիք հնարավորություն հանդիպել Աստծուն, ի՞նչ կհարցնեիք:
Հարց չէի տա, ես շնորհակալություն կհայտնեյի նրան, որ իմ բոլոր խնդրանքներն ու բոլոր աղոթքներն անտեսված չեն եղել: Ես աստվածավախ մարդ եմ, գուցե մոլի հավատացյալ չեմ եղել, բոլոր կանոնները չեմ պահել, բայց ես օրը երկու անգամ աղոթում եմ, ունեմ իմ վերաբերմունքն այդ ամենին:
Հարցազրույցը՝ ՍՅՈՒԶԻ Քեշիշյանի
