
Աշխատանքի, հավատքի, սիրո և հիասթափությունների մասին զրուցել ենք «Դեպի ճամբար» հեռուստասերիալից դերասան Համլետ Կյուրեղյանի հետ:
Ինչպիսի՞ն էր նախորդ տարին և ինչպե՞ս սկսեցիք այս տարին:
Նախորդ տարին ավելի թեթև էր, թե՛ ստեղծագործական, թե՛ երկրի վիճակի առումով։ Իսկ տարին սկսեցի ուրախ ու արկածներով լի։ Չեմ բայցահայտի, թե ինչ արկածներ, բայց ավելի լավ՝ քան նախորդ տարվա սկիզբը։
Ի՞Նչ սպասելիքներ կան 2022 թվականից, ինչ նորություններ ունեք։
2022 թվականին ունեմ ստեղծագործական մտքի առաջխաղացման նպատակ։ Կարծում եմ՝ 2022-ին ավելի շատ կկենտրոնանամ սցենարական աշխատանքի վրա։ Նորություններ ունեմ, մշակման փուլում են։
Կարծիք կա, որ միայն դերասանի աշխատանքով հնարավոր չէ նորմալ ապրել, և իսկապես շատ դերասաններ կան, ովքեր զուգահեռ այլ աշխատանքով են զբաղվում: Դուք ձեր հետագան ինչպե՞ս եք պատկերացնում, կշարունակե՞ք մնալ այս ոլորտում, թե՞ մի օր ամեն դեպքում կորոշեք այլ աշխատանքով զբաղվել:
Կարծում եմ, քանի որ արվեստն ինձ հետաքրքրել է, հաստատ կմնամ և կհամատեղեմ առաջին մասնագիտությանս հետ։

Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եք, ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք նաև դերասանի մասնագիտությունը։
Դերասանի մասնագիտությունն ընտրել եմ շատ պատահական։ Հեռուստացույցով տեսա մեր ստուդիայի երեխաների ներկայացումները և հետաքրքրեց ինձ, որոշեցի փորձել։ Սկզբնական շրջանում մեծ ցանկություն չկար, բայց հետո շատ սիրեցի ու հասկացա, որ միանշանակ պետք է լինեմ արվեստի ու դերասանության մեջ։
Կարծրատիպ կա, որ շատ քիչ դերասաններ են կարողանում ընտանիք կազմել և երկարատև հարաբերություններ ունենալ, և ինչ-որ պահի կանգնում են ընտրության առջև՝ ընտանիք կամ կարիերա: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս մասնագիտությունը կարող է խանգարել անձնական հարաբերություններին:
Կարծում եմ, եթե իսկապես սիրես կողակցիդ, հաստատ չի խանգարի։ Կարելի է համատեղել և՛ կարիերան, և՛ ընտանիքը։ Բայց ես ավելի շատ ընտանիքի կողմնակիցն եմ։
Հավատո՞ւմ եք Աստծուն:
Այո, իհարկե։
Ասում են՝ այսօր մարդիկ ավելի նյութապաշտ են դարձել, հեռացել են հոգևոր արժեքներից: Դուք ի՞նչ եք կարծում, մարդիկ իսկապես հեռացե՞լ են Աստծուց:
Կարծում եմ՝ որքան էլ մարդը փոխվի, չի հեռանա հոգևոր արժեքներից, որովհետև հոգևոր արժեքներն են մեզ ստիպում բարին մտածել։

Հե՞շտ եք հուսահատվում կամ հիասթափվում:
Որոշ չափով հեշտ, որոշ չափով՝ ոչ, կախված հիասթափության պատճառից։ Եթե հիասթափությունը աշխատանքի մեջ է, փորձում եմ շտկել։
Իսկ ի՞նչը կարող է ձեզ հիասթափեցնել:
Մարդկանց սխալ պահվածքն ու ոչ հավատարիմ լինելը։
Ինչո՞վ եք առաջնորդվում ձեր կողքի մարդկանց ընտրելուց։
Ամենակարևոր հատկանիշը հավատարմությունն է, նաև նույն հայացքները՝ կարևոր հարցերի շուրջ։
Եվ վերջում կխնդրեի, որ շարունակեք հետևյալ արտահայտությունը. կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե…
Եթե չլինեին ինձ մոտիվացնող մարդիկ։
Հարցազրույցը՝ ԹԱԳՈՒՀԻ Եղիյանի
