Երեք պատերազմ եմ տեսել, բայց ոչ թե երեք, այլ միլիոնավոր անգամ մահս աչքիս դիմացով անցել է

Պատերազմի, կյանքի, երազանքների ու վախերի մասին զրուցել ենք երեք պատերազմի մասնակից , կամավորական Կորյուն Պողոսյանի հետ:

Հայ լինելն առավելությո՞ւն է:

Հա, իհարկե, որովհետև ես հայ եմ, մենք հայ ենք: Հայ լինելը միայն առավելություն չէ, հայ լինելը մեծություն է, բայց ՀԱՅ:

Ճի՞շտ եք համարում, որ 18 տարեկան տղաներն են զենքը ձեռքներին հայրենիք պաշտպանելու գնում:

Այո, բայց եթե մարտավարությունը սովորեցնեն: Դարերից եկած բան է, ես նույնպես ծառայել եմ 18 տարեկանում:

Մարդու մեջ ի՞նչն եք ամենաշատը գնահատում:

Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ մարդ լինելը:

Ձեր կյանքի ամենակարևոր 3 բաները:

Ընտանիքս, կյանքս, պատիվս:

Եթե հնարավորություն լիներ ձեր կյանքում փոխել 3 բան, ի՞նչ կփոխեիք:

Ոչ մի բան չէի փոխի, ես արդեն ապրել եմ իմ կյանքը և որևէ բան փոխելու համար ուշ է արդեն :

Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք զինվորական, դա՞ էր ձեր կյանքի նպատակը:

Չէ, իմ կյանքի նպատակը չի եղել, որ Հայաստանում պատերազմ սկսվի ու ես դառնամ զինվորական, պատերազմն ինքն է եկել մեր տուն, դրա համար էլ գնացել ենք մեր երկիրը պահելու: Դա ամենևին նպատակ չի եղել, ուղղակի այդպես ստացվել է:

Առաջին անգամ զենք բռնելիս ի՞նչ զգացողություններ ունեիք:

Առաջին անգամ զենք բռնել եմ 17 տարեկանում, զենքը որսորդական էր, երկու անգամ խփեցի, վրիպեցի նշանակետից ու շատ էի նեղվել: Իսկ հիմա… հիմա արդեն առաջին կարգի դիպուկահար եմ :

Դուք մասնակցել եք Շուշիի ազատագրմանը, ինչպես նաև վերջին պատերազմին: Ինչ զգացողություն ունեիք, երբ Շուշին Շուշա դարձրին:

Մեզ համար Շուշին կյանքում Շուշա չի դառնա: Ոնց կա Շուշի, էդպես էլ կմնա, իսկ զգացողությունները, որպես էդպիսին, ափսոսանք էր : Միայն Շուշին չեմ ափսոսում, այլ նաև էդքան զոհերը, էդ էրեխեքի կյանքի հաշվին էդքան սխալները… Շուշին երբեք Շուշա չի դառնա, սրանք ժամանակավոր բաներ են:

Պատերազմի ընթացքում վստահ եմ, որ բախվել եք բավականին լուրջ փորձությունների և փորձանքների, կմանրամասնե՞ք իրողությունը:

1992 թվականն էր, լույսը նոր-նոր էր բացվում, երբ թշնամին հարձակվեց: Էդ գիշեր էլ անձրև էր եկել, խրամատի մեջ 40-50 սմ ջուր կար: Ես բլինդաժում էի, երբ տղերքը գոռացին, որ հարձակվում են, դուրսը եկա ու երևի մի 4-5 քայլից ընկա: Երբ ընկա, ավտոմատի մեջ ցեխ էր լցվել, այսինքն ավտոմատն էլ ենթակա չէր կրակելու մինչև մաքրելը: Կարճ ասած՝ ամենավատ իրավիճակն էր, երբ թշնամին գլխիս վերևում էր, ես ուզում էի կրակել, բայց ավտոմատը չէր կրակում, մեխանիզմը չէր աշխատում: Էդ իրավիճակից ինձ փրկեց հորեղբորս տղան, նա էլ էր ինձ հետ, «պուլեմյոդչիկ» էր ու էդ իրավիճակը եղավ իր աչքի առաջ: Էդ պահին էդ ծանր զենքը թեքեց իմ կողմ ու փրկեց ինձ, չնայած նրան, որ իր մոտ բացի դրանից, ավելի փոքր ու հարմար զենք էլ կար:

Երբ պատերազմ էիք գնում, գիտակցո՞ւմ էիք, որ հնարավոր է դուք էլ զոհվեք, թե՞ այդ մասին չէիք էլ մտածում:

Պատերազմ գնացածն արդեն իր կյանքը դնում է կշեռքի նժարին, այն կշեռքի, որի վրա հասարակ փետուրն իր քաշն ունի: Երեք պատերազմ եմ տեսել, բայց ոչ թե երեք, այլ միլիոնավոր անգամ մահս աչքիս դիմացով անցել է:

Պատերազմի ժամանակ ո՞րն է ամենամեծ վախը, որ ունեցել եք:

Կան վախեր, իհարկե, վախերից են ընկերոջ կորուստը, գիշերով խրամատում քնելը, վիրավորվելը, իսկ ամենամեծ վախը, որ մարդ չթողնեմ: Եթե հետ ենք գալիս, ուրեմ բոլորով, թե զոհեր էլ ունեցել ենք, դիերը բերել ենք ու ոնց հարկն է հուղարկավորել:

Ի՞նչ է փոխում պատերազմը մարդու կյանքում:

Ամեն ինչ, ամեն ինչ փոխում է, մարդ 180° փոխվում է, անգամ կարող է ամենավախկոտ մարդն այնպիսի հերոսություն անել, որ անհավատալի լինի:

Եթե ձեր կյանքի ավարտին մնար 10 վայրկյան, ի՞նչ կանեիք:

Կասեի՝ Աստված ջան ու կխաչակնքվեի:

Այսօր ինչի՞ մասին եք երազում:

Որ պատերազմ չլինի, որ խաղաղություն լինի, բայց ոչ խայտառակ եղանակով: Ես իմ երկիրը չեմ կրվել, հրաման են տվել իջնել, դիրքերը տալ թուրքերին ու գալ տուն …

Հարցազրույցը՝ ՄԱՐԻԱՄ Զաքարյանի