Ցանկացած մարդ կարող է դառնալ այն, ինչ երազում է․ Ռուբեն Եսայան

Զրուցել ենք վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանի հետ։

Ո՞րն է ձեր հաջողության բանաձևը։

Երազող լինելը:

Ինչպե՞ս հասնել նպատակներին.

Երազել, հավատալ, քանի որ շատ շատերը մտածում են, որ իրենք չեն կարող հասնել իրենց երազանքներին, բայց ցանկացած մարդ, ով այս աշխարհում ինչ-որ բան է փոխել, նա ինչ-որ բան է արել, որ հասել է դրան, ոչ ոքին չեն նվիրել իրենց հաջողությունը:

Ցանկացած մարդ կարող է դառնալ այն, ինչ երազում է, օրինակ՝ վերցնենք Իլոն Մասկին, երբ նա երիտասարդ էր, ոչ ոք չգիտեր, որ դառնալու է աշխարհի ամենահարուստ մարդը։ Առաջին հայացքից նա էլ մեզ նման սովորական մարդ է, արտասովոր ոչինչ չկա, մարդ, ով պարզապես մեծ գումարներ է աշխատում, բայց նա հավատացել է ինքն իրեն, որն էլ նրան հաջողություն է բերել։ Եվ այստեղից գալիս ենք այն համոզմանը, որ պետք է հավատանք ինքներս մեզ:

Ձեր ոգեշնչման աղբյուրը, շարժիչ ուժը։

Քանի որ ես տարբեր ոլորտներում եմ հանդես գալիս, այդ պատճառով տարբեր ոլորտներում տարբեր ոգեշնչման աղբյուրներ կան, օրինակ՝ վիդեոբլոգինգում ոգեշնչման աղբյուր կարող է լինել իմ ամենասիրելի վիդեոբլոգերը՝  Միսթր Բիսը: Տարիներ առաջ՝ երբ լսում էի միայն հայկական երաժշտություն, քանի որ ինտերնետը սահմանափակ էր, և արտասահմանյան երաժշտությունն այդքան էլ հասանելի չէր, երաժշտության ոլորտում իմ ոգեշնչման աղբյուրը եղել է Գարիկ Պապոյանը, իսկ հետագայում, երբ սկսեցի ուսումնասիրել նաև արտասահմանյան երաժշտությունը, առաջացան մոտիվացիայի այլ աղբյուրներ:

Ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ հետ կագնեցնել կայացրած որոշումից։

Ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, ով շատ է սիրում խորհուրդներ լսել և եթե ինչ-որ պահի ինձ համար շատ կարևոր մի մարդ խորհուրդ տա հետ կանգնել կայացրածս որոշումից, և ես հասկանամ, որ դա ճիշտ խորհուրդ է, նա կդառնա այն մարդը, ով ինձ հետ կպահի իմ որոշումից: Իմ շրջապատում կան նման մարդիկ:

Խանգարողները շա՞տ են ձեր կյանքում։

Երբեմն ավելի շատ ես եմ ինքս ինձ խանգարում, բայց դրա արդյունքում սովորում եմ և էլ չեմ կրկնում սխալներս:

Ու՞մ կամ ինչի՞ն եք անվերապահորեն հավատում։

Հոգևոր տեսանկյունից շատ եմ հավատում Աստծուն, հավատում եմ նաև ինքս ինձ, քանի որ ասում են, որ ինչին հավատում ես, հասնում ես դրան: Աստվածաշնչյան ասույթ կա, որ եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք, ապա ամեն ինչի էլ կհասնենք:

Ի՞նչը չեք ների։

Կարծում եմ՝ միանշանակ չի կարելի այս հարցին պատասխանել, քանի որ կարող է լինել այնպիսի սուտ, որը կարողանաս ներել և կարող է լինի այնպիսի սուտ, որն անհնար է ներել, նույնը դավաճանության մասին կարող եմ ասել:

Սցենարիստ, վիդեոբլոգեր, երաժիշտ, դերասան, ո՞րն է ամենահոգեհարազատը։

Երկար ժամանակ ինձ համար ամենահոգեհարազատ ոլորտը եղել է վիդեոբլոգինգը, բայց հիմա կամաց-կամաց հոգեհարազատ է դառնում երաժշտությունը, երաժիշտ լինելը, քանի որ շատ-շատ եմ սիրում երաժշտությունը, հատկապես երաժշտություն ստեղծելը: Ես մինչև այսօր մեղադրում եմ ծնողներիս, որ ինձ մանուկ հասակում չեն տվել վոկալ կրթության, քանի որ ես շատ կուզեի երգել: Ես չունեմ երգելու բնատուր տաղանդ, ուստի պետք է այն մանկուց զարգացնեի, որը չեմ արել, դրա համար ես հիմա ստեղծում եմ երաժշտություն, նվագում եմ, բայց կատարում է մեկ ուրիշը:

Ձեր ամենամեծ քննադատը։

Երբեմն ես ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ հենց ինչ-որ մեկը բացասական կարծիք է հայտնում իմ, իմ գործունեության վերաբերյալ, ես զայրանում եմ, բայց որոշ ժամանակ անց, հասկանում եմ, որ դա նորմալ է: Նույնիսկ կար ժամանակ, որ ընդհանրապես չէի ընդունում քննադատությունը, բայց հասկացել եմ, որ դա իմ էմոցիոնալ լինելու հետևանքն է: Իրականում ցանկացած առողջ քննադատություն ընդունում եմ, իսկ ամենամեծ քննադատը երևի ես եմ:

Պատահականություններ լինու՞մ են կյանքում։

Իհարկե, շատ են լինում:

Գործու՞մ է ձեր կյանքում բումերանգի էֆեկտը։

Ես մտածել եմ այդ մասին, որ ինչ-որ մի բան եղել է, դա հետևանքն է մեկ այլ բանի:

Մարդու մեջ ամենակարևոր հատկանիշը։

Անկեղծությունը: Խոսքը նրա մասին չէ, որ փորձեն ինձ խաբել, այլ գնահատում եմ մարդու մեջ իրական լինելը, քանի որ մեր օրերում շատ-շատ մարդիկ կերպաներով են հանդես գալիս, տանը լրիվ ուրիշ մարդ են, դրսում՝ ուրիշ, և դա անում են կոնկրետ նրա համար, որպեսզի ուշադրություն գրավեն, բայց եթե մարդը լինի այնպես, ինչպիսին կա՝ պարզ ու անկեղծ, միանշանակ ավելի շատ ուշադրություն կգրավի:

Ե՞րբ հասկացաք, որ առեղծվածային ձայն ունեք։

Երբ նոր էի սկսել վիեոբլոգինգի իմ գործունեությունը, մարդիկ մեկնաբանություններ էին գրում ձայնիս հետ կապված։ Մինչ այդ ես իմ ձայնը չեմ համարել շատ առանձնահատուկ, հետո, երբ մեկնաբանություններում շատ սկսեցին գրել, որ շատ տարբերվող է ձայնս, շատ առանձնահատուկ է, շատ լավն է, հասկացա, որ կա ինչ-որ տարբերվող բան:

Ինչպե՞ս եք ընտրում ձեր երգերը կատարողներին։

Ես զգում եմ, որ հենց նա կարող է կատարել այս կամ այն երգը, ես երբեմն լսել եմ կարծիքներ, որ ընտրեմ մեկ այլ կատարողի, բայց ես ներքուստ զգացել եմ, որ հենց այդ կատարողի մոտ լավ կստացվի: Մի փոքր դժվարություն կա այն առումով, որ տարբեր երգեր տարբեր կատարողներ են երգում, քանի որ, երբ համերգի առաջարկ է լինում, ապա ես պետք է մի տեղ հավաքեմ բոլորին, որն այդքան էլ հեշտ գործ չէ: Հիմա ես փորձում եմ սկսել աշխատել մեկ կատարողի հետ, որ այլևս նման խնդիրներ չառաջանան:

Ամենհիշվող զվարճալի դեպքը ձեր անցյալից։

Շատ են եղել նման դեպքեր, բայց այս պահին հիշեցի իմ վիդեոբլոգինգի հետ կապված դեպք։ Երբ նոր էի սկսել վիդեոբլոգինգը և վիդեոներում ես չէի երևում, միայն ձայնս էր լսվում, ինձ շատ էին նամակներ գրում և հարցնում՝ հոպար ջան, կամ ձյաձ ջան, երբ կլինի հաջորդ վիդեոն, մարդիկ չգիտեին, որ ես ընդամենը 17-18 տարեկան եմ։

Ի՞նչ կմաղթեք նոր կյանք մտնող երիտասարդությանը։

Չնայած ես ինքս էլ եմ նոր կյանք մտնում, բայց խորհուրդ կտամ երբեք չկոտրվել, զբաղվել նրանով, ինչը սիրում ես, կապ չունի, որ սովորում ես համալսարանի 3-րդ կուրսում և հասկացել ես, որ դա քոնը չէ։ Պետք չէ մտածել, որ այդքան սովորել ես, ուրեմն պետք է շարունակես մնալ այդ բնագավառում, պետք չէ ափսոսալ այդ տարիները, քանի որ դա մեզ կտանի կործանման, չնայած որ այդ կրթությունը հաստատ ինչ-որ բան կտա մեզ կյանքում: Ես ինքս էլ ընդունվել եմ համալսարանի ծրագրավորման ֆակուլտետ, ինձ մաթեմատիկան շատ բան է տվել, բայց ես ծրագրավորող չդարձա, դարձա այն, ինչ այսօր կամ: Չպետք է կոտրվել անհաջողություններից, ես միշտ օրինակ եմ բերում, որ Հարրի Փոթերի Ռոլինգը 12 կամ 14 անգամ մերժվեց տպագրվել, բայց արդեն այսօր աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկն է։ Դրա համար պետք է այնքան փորձել, թեկուզ 10, 20 անգամ, մինչև կհասնես հաջողության:

Հարցազրույցը՝ ՎԱՀԵ Պետրոսյանի