Զրուցել ենք NewMag հրատարակչության իվենթ մենեջեր Լենա Ղուկասյանի հետ։
Այսօր ի՞նչ խնդիրներ ունեն հրատարակչությունները Հայաստանում:
Իրականում այսքան ժամանակ ես չեմ տեսել որևէ խնդիր, դեռ ավելին՝ հրատարակչություններին դուր է գալիս, որ մեր երկրում կան հրաշալի գրողներ: Եվ ցանկացած հրատարակչություն ուրախ է օգնել և աջակցել հայ ժամանակակից գրողներին, որ իրենց գրքերը տպագրվեն և թարգմանվեն տարբեր լեզուներով: Այնուամենայնիվ չեմ կարող չնշել, որ գրի տպագրման և թարգմանման համար անհրաժեշտ է ունենալ կա՛մ հովանավոր, կա՛մ կլորիկ գումար՝ տպագրության համար նախատեսված:
Այս փոփոխությունների շրջանում, երբ ամեն ինչ օնլայնի է գնում, դուք ինչպե՞ս եք փորձում ադապտացվել, հարմարվել փոփոխություններին:
Անկեղծ ասած ես երբեք չեմ ընդունել ու չեմ էլ ընդունի այն մարդկանց, ովքեր գրքերը կարդում են հեռախոսներով, պլանշետներով կամ նոթբուքերով: Այդ ձևով գրքեր կարդալը չեմ ընդունում: Գիրքը պետք է լինի քո ձեռքում, որպեսզի զգաս գրքի բույրը, ապրես այդ գրքով:
Ո՞րոնք են հրատարակչությունում աշխատելու առանձնահատկությունները, հատկապես ի՞նչն է ձեզ այնտեղ գրավում:
Գիրք, գիրք ու էլի գիրք: Նախկինում, երբ բանկում էի աշխատում, մի երազանք ունեի` աշխատել մի ոլորտում, որտեղ գիրքն ու գրականությունն ունենան առաջնային նշանակություն: Այդ հարցը միշտ է ինձ տանջել: Օգոստոս ամսին ինձ զանգեց NewMag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, հրավիրեց հանդիպման ու ասաց, որ ցանկություն ունեն ինձ տեսնել իրենց թիմում: Իրականում ուրախությանս չափ ու սահման չկար, քանի որ ինձ տրվել էր հնարավորություն ներկա լինելու գրքի թարգմանության, հրատարակման և շնորհանդեսների գործընթացին:
Ինչպե՞ս եք գնահատում հայ ժամանակակից գրականությունը: Ինչպիսի՞ գործեր են ստեղծվում այսօր:
Իհարկե, բոլորս էլ շատ ենք սիրում հայ ժամանակակից գրողներին և փորձում անել ամեն ինչ, որ իրենց գրքերը ունենան շատ վաճառք թե՛ մեր երկրում, թե՛ արտասահմանում, ինչու ոչ նաև դառնան bestseller: Մենք ունենք շատ հոյակապ գրողներ և դժվար է առանձնացնել, քանի որ ունենք բավականին բազմաժանր գրականություն:
Նշեք ձեր ամենասիրելի 5 հեղինակներին և ինչո՞ւ հենց նրանք:
Անկեղծ ասած՝ ցանկությունս շատ մեծ է խոսել միայն մեր հայ գրողների մասին: Կառանձնացնեմ Անի Քոչարին, Արթուր Աբաղյանին, Գոհար Նավասարդյանին, Նարինե Կռոյանին և Հուսիկ Արային: Արտասահմանյան գրականությունից էլ կառանձնացնեմ Ռեմարկին` ում ստեղծագործությունները երբեք չեն հնանում, ինչպես նաև իմ կողմից շատ սիրելի Մայքլիդիսին:
Առանձնացրեք ձեր 3 ամենասիրելի գրքերը և ինչո՞ւ հենց դրանք:
Առաջինը Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը», որը կարդացել եմ 2017 թվականին ու ինձ համար այդ գիրքը գլուխգործոց է: Հաջորդը` Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդ»-ն է, առանձնացնում եմ դա, որովհետև կյանքիս ամենաառաջին թրիլլեր ժանրի գիրքն է, որ կարդացել եմ, երկրորդը` Արթուր Աբաղյանի «Դավաճանությունից 30 րոպե առաջ և հետո»-ն է, որը մի տղայի մասին է, ով վերադառնում է հայրենիք ծառայելու նպատակով:
Դուք, որպես գրաքննադատ ու ընթերցասեր, ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք դեռահասներին:
Քանի որ հասունացման շրջանում գտնվող դեռահասներն ունեն տարբեր նախասիրություններ, ես նրանց համար կառանձնացնեմ 3-4 գիրք: Առաջինը՝ Անի Քոչարի «Հանձնվել չկա», հաջորդը՝ Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես»-ը, այն թեթև և սիրային գիրք է, որն ակամայից սիրահարվելու ցանկություն է առաջացնում: Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ»-ը և միանշանակ «Լռակյաց հիվանդը», որը չունի որևէ տարիքային սահմանափակում:
Մեր օրերում գիրք գնելն ու կարդալը դարձել են շատ քիչ հանդիպող երևույթ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է դրա պատճառը:
Ի ուրախություն բոլորիս, ստիպված եմ հակադարձել այն մտքին, որ այսօր գրքեր չեն վաճառվում: Վերջին 2-3 տարվա ընթացքում գրքի գնման քանակը կտրուկ աճել է: Ես հստակ կարող եմ խոսել NewMag-ի մասին: Մեր վերլուծությունների արդյունքում հստակ կարող ենք նշել, որ մեր երիտասարդները սկսել են ավելի հաճախ գրքեր գնել:
Ձեր խորհուրդն այն երիտասարդներին, ովքեր ունեն գրելու հակում, բայց գաղտնի են պահում, քանի որ կա վախ, որ չեն ընդունվի հասարակության կողմից:
Իրականում ես բավականին ակտիվ եմ սոց. ցանցերում և իմ հետևորդների գրեթե 80% ինձ դիմում են և ուղարկում իրենց ստեղծագործություններն ու ասում, որ վախենում են չընդունվել: Ես փորձում եմ օգնել իրենց հաղթահարել այդ վախերը և տպագրել աշխատանքները, ինչու չէ նաև թարգմանել:
Ինչպես խրախուսել երիտասարդ գրողներին:
Ուրախ եմ ասել, որ Հայաստանում տարին մեկ անգամ տեղի է ունենում գրքի փառատոն, որտեղ երիտասարդ գրողները ներկայանում են իրենց աշխատանքներով: Անցկացվում է մրցույթ, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը շահում է գրքի հրատարակում, երկրորդ տեղը զբաղեցրած հաղթողին տրվում է ֆինանսական պարգևատրում:
Պատմեք NewMag հրատարակչության առաջիկա անելիքների մասին:
Իրականում NewMag- ի գերհզոր թիմն ու աշխատավայրս դարձել են իմ երկրորդ տունը: Փակագծերը շատ բացել, իհարկե, չեմ կարող, բայց 2022 թվականի հունվարից սկսած նախատեսում ենք թարգմանել շա՜տ հետաքրքիր գրքեր: Ամսվա կտրտվածքով մենք թարգմանում ու հանրությանն ենք ներկայացնում 2-3 գիրք: Ավելացնեմ, որ ձմռանը սպասում են շատ հետաքրքիր նորություններ, ավելի կոնկրետ` գիրք նվիրելու տոնի ընթացքում:
Եթե ոչ NewMag ապա…
Ապա էլի NewMag: 2017 թվականին Նյումեգ ամսագիրը՝ գլխավորությամբ Արտակ Ալեքսանյանի, սկսեցին գրքեր թարգմանել: Առաջին գիրքը, որ թարգմանեցին «Ռոնալդու»-ն էր, ու ես լինելով ֆուտբոլի մեծ երկրպագու` հավաքեցի իմ մի քանի ամսվա կրթաթոշակից, որպեսզի կարողանամ գնել այդ գիրքը, որը արժեր 5800 դրամ: Դրանից անմիջապես հետո NewMag-ը դարձավ իմ ամենասիրելին, ու ինչ գրքեր, որ թարգմանում էին, փորձում էի ձեռք բերել: Չնայած համագործակցել եմ այլ հրատարակչությունների հետ, բայց ինձ համար լավագույնն են իրենք, այդ պատճառով միայն և միայն NewMag:
Հարցազրույցը՝ ՆԱՐԻՆԵ Պողոսյանի