Զրուցել ենք բժիշկ, սեքսոպաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ։
Բժշկի մասնագիտությունը ձե՞ր ընտրությունն էր, թե՞ ծնողների ցանկությունը:
Միանշանակ իմ ընտրությունն է եղել, ծնողների ցանկությունն ամբողջովին այլ էր: Ես միանշանակ որոշել էի դառնալ բժիշկ ու հենց այդ ուղղությամբ էլ գնացի:
Դժվա՞ր է մարդկանց կյանքի հետ գործ ունենալը, թե՞ ավելի շատ հետաքրքիր է:
Երբ ուսանող ես, հետաքրքիր է, երբ արդեն աշխատող բժիշկ ես, դժվար է, որովհետև պատասխանատվությունն արդեն քեզ վրա է: Ե՛վ դժվար է, և՛ հետաքրքիր: Երբ սիրով ես անում, չես հոգնում, բայց մեծ պատասխանատվություն է ենթադրում բժիշկ լինելը:
Բժշկության մեջ ինչո՞ւ հենց այս ուղվածությունն ընտրեցիք:
Ես, ի սկզբանե, ցանկացել եմ աշխատել մի ոլորտում, որը հիմնականում կապված է հոգե-էմոցիոնալ և սեռական կյանքի հետ, և սեքսոլոգիան քանի որ համարվում է հոքեբուժության ճյուղերից մեկը և ամբողջական խնդիրները հենց գալիս են հոգե-էմոցիոնալ խանգարումներից և խնդիրներից, ինձ ավելի գրավեց հենց այս ուղղությունը:
Շատ երկար եմ մտածել, թե որ ուղղությամբ գնամ՝ հոգեբուժությա՞ն, թե՞ կլինիկական սեքսոլոգիայի: Վերջում որոշեցի, որ ուզում եմ ավելի մասնավոր պրակտիկայով աշխատել, ոչ թե հոգեբուժարանում ու ընտրեցի սեքսոլոգիան: Քանի որ ես ուզում էի բլոգերական աշխատանք վարել, բացի իմ հիմնական աշխատանքից, որը հիմա իրականացնում եմ բոլոր սոցիալական հարթակներով, նպատակահարմար գտա հենց այս մասնագիտությունը, որովհետև շատ հետաքրքիր է, հարցերը շատ-շատ են: Տվյալ ոլորտում կայանալը միգուցե ավելի հեշտ լինի, որովհետև վիրաբուժության ոլորտում և մնացած ոլորտներում գիտենք՝ վիճակը ինչպիսին է, իսկ տվյալ ոլորտում, քանի որ մասնագետները քիչ են, դու կարող ես ինքնուրույն կայանալ: Դա էր նաև հիմնական պատճառը, և այս ուղղությունն ավելի նպատակահարմար էր ինձ համար:
Հայաստանում հիմնականում բժշկի են դիմում, երբ դանակը ոսկորին է հասնում, իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն մարդիկ սեքսոպաթոլոգների նկատմամբ: Ձեզ ազատ դիմու՞մ են, թե՞ դեռ Հայաստանում կաշկանդվում են խոսել սեռական խնդիրներից:
Ես չգիտեմ՝ ինչպես է եղել ժամանակին, որքանով իմ ավագ կոլեգաներից տեղյակ եմ, ժամանակին փակ է եղել, բայց ես ինչ աշխատում եմ, հատկապես վերջին տարիներին շատ մեծ դրական միտում կա: Մարդիկ դիմում են առանց ոչ մի գանգատի, պրոֆիլակտիկ նպատակով, նախաամուսնական խորհրդատվության համար: Իհարկե, կան դեպքեր, երբ ունեն բավականին խնդիրներ ու չեն դիմում մասնագետի, բայց հիմնականում իմ պացիենտները շատ հաճախ են դիմում բժշկի՝ ուղղակի պրոֆիլակտիկ նպատակներով, հասկանալու խնդիր ունե՞ն, թե՞ չունեն և թե ինչ է իրենց սպասվում հետագայում, որոշակի խնդիրների կանխարգելման համար: Նախաամուսնական խորհրդատվության, հղիություն պլանավորելուց առաջ անպայման դիմում են, ու մենք ունենք շատ մեծ առաջընթաց: Երբեմն շատ-շատ են բողոքում, որ Հայաստանի վիճակն այդ առումով վատ է, ոչ մեկ չի դիմում բժշկի մինչև ծայրահեղ վիճակի չի հասնում և այլն, բայց կարծում եմ, որ այդ վիճակները ժամանակին մեղմացել են:
Կան մարդիք, ովքեր կաշկանդվում են, հատկապես գյուղական համայնքներում, բայց քանի որ կերպարային առումով ես շատ թեթև եմ ու խրախուսում եմ ժամանակ առ ժամանակ հետազոտվելը, կարծում եմ՝ ինձ մի փոքր ավելի հեշտ են դիմում: Մեր համար մեկ խնդիրն այն է, որ աղջիկներն առաջին գինեկալոգիական զննումը ոչ թե 15 տարեկանում են անցնում, ինչն անկախ նրանից ունե՞ն սեռական կյանք, թե՞ չունեն, կարևոր է, այլ 30 տարեկանում, երբ ամուսնանում են: Իհարկե, մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք իրազեկել, որ անկախ նրանից՝ դուք ցանկանո՞ւմ եք ամուսնանլ, թե՞ ոչ, 15 տարեկանում շատ կարևոր է, որ ձեր երեխաներին տանեք առաջին գինեկալոգիական զննմանը՝ հետագայում խնդիրները բացառելու համար, սիստեմատիկ դիմել բժշկի անկախ նրանից, ունե՞ք սեռական կյանք, թե՞ չունեք:
Կարծում եմ՝ հիմա որոշակի դրական դինամիակա ունենք, բայց բավականին ժամանակ է պետք, որ այդ գաղափարները տարածվի, հասնենք մինչև գյուղեր, փորձենք մարդկանց իրազեկել: Իրականում այդ ամենն անհատներից կախված չէ, պետք է լինի հստակ մշակված պետական ծրագրեր, որոնք միգուցե կան, բայց իրենց նպատակին այդքան էլ չեն ծառայում:
Դուք այսօր նաև շատ ակտիվ եք տիկ–տոկում, ի՞նչ դեր ունեն սոցցանցերը ձեր կյանքում: Ի՞նչ է տալիս այն հանրությանը:
Հանրությանը տալիս եմ ինֆորմացիա, թե ինչ են ցանկանում լսել։ Փորձում եմ տալ այն ինֆորմացիան, որը հենց իրենց է պետք, ինչի մասին իրենք մեկնաբանություններով, նամակներով գրում են: Ես հանրությանը տալիս եմ այն ինֆորմացիան, ինչի մասին ցանկանում եմ, որ իմանան, ինչն արդիական է աշխարհում, բայց Հայաստանում այդքան էլ լայն տարածում չունի: Ես սոցցանցերի միջոցով փորձում եմ նաև կոտրել կարծրատիպեր: Ինչ վերաբերում է այցելուների քանակին, բնականաբար, դա էլ որոշակի ազդեցություն ունի, քանի որ ես նաև սոցիալական ցանցերով աշխատում եմ՝ հաշվի առնելով իմ գովազդների ակտիվությունը, տարբեր դասախոսություների հրավերները: Բացի դրանից չեմ կարող ասել, որ առանց դրա առանձնապես փոփոխություններ կան այցելուների քանակի հետ կապված, քանի որ մինչ սոցիալական ցանցերում ակտիվ լինելը ես միևնույն է, 24 ժամ աշխատում էի կլինիկայում և գրեթե միշտ պացիենտների պակաս չեմ ունեցել:
Սոցիալական ցանցերում ակտիվությունը որոշակի պատասխանատվություն է ենթադրում, դու ակտիվություն ես ցուցաբերում, մարդիկ արդեն ավելին են պահանջում, պետք է պատրաստ լինես այդ նյութերը տրամադրելուն: Երբեմն կարծում են, թե ինչ հարց գրեն, բժիշկը պետք է միանգամից պատասխանի, չեն պատկերացնում, թե դու որքան գործ ես անում կլինիկայում:
Հիմա Իսպանիայում վերապատրաստվում եք, որքանո՞վ են կարևոր բժշկի համար հիմնական կրթությունից հետո վերապատրաստումներն ու սեմինարները:
Իհարկե, առանց դրա չի լինի,առանց այդ վերապատրաստումների կստանանք մի վիճակ, որի դեպքում բժիշկը ժամանակակից մոտեցումներին կլինի անտեղյակ:
Դուք ակտիվ եք ձեր սոցիալական կայքերում, ինչից կարելի է ենթադրել, որ երկրպագուների պակաս չեք ունենա, ինչպիսի՞ վերաբերմունք ունեք նրանց հանդեպ:
Երբեմն, իհարկե, նյարդայնացնող է, չեմ կարող ասել, որ միշտ հեշտ է, երբեմն դու չես ուզում ուշադրության կենտրոնում լինել, բայց շարունակում ես: Եվ քանի որ ես շարունակում եմ ակտիվությունս, ընդհանուր առմամբ կարծում եմ, եթե այս ամենը չցանկանայի, ու դա այդքան էլ հաճելի չլիներ, այսօրվանից բոլոր հնարավոր հարթակներում կջնջեի իմ պրոֆիլները և կմատնվեի մոռացության:
Ձեր կարծիքով ամուր հարաբերությունների գաղտնիքն ինչո՞ւմ է
Ամուր հարաբերությունների գաղտնիքը մշտապես հաղորդակցումն է, վստահությունն է և անընդհատ իրար հետ իրար սեռական ֆանտազիաներով, հետաքրքրություններով և խնդիրներով կիսվելն է: Համար մեկ խնդիրը զույգերի մեջ առկա հաղորդակցումն է, որը ցավոք սրտի, շատ հաճախ բաժանվող զույգերի դեպքում բացակայում է: Զույգերը միմյանց նկատմամբ անկեղծ չեն, և ազնիվ խոսելու մշակույթը զարգացաց չէ, որպես կանոն չեն խոսում իրար հետ բավականին երկար, որն էլ իր հետ բերում է հիմնականում բաժանություների: Չկա առողջ հաղորդակցում ասվածը, և դրա պատճառը կարող է լինել կարծրացած մտածուղությունը։ Երբեմն մարդիկ չեն ցանկանում կիսվել, որովհետև մտածում են, որ կարող է չհասկացվեն դիմացինի կողմից, այսինքն շատ զույգեր չեն հաղորդակցվում ու անգամ չես հասկանում, թե ինչու են ամուսնացել:
Ես միշտ ասում եմ, եթե զույգերը իմանան, թե ինչի համար են ամուսնանում, գուցե այդքան շատ չբաժանվեն, բայց քանի որ շատերն ամուսնանում են նաև առանց հասկանալու, այսինքն հասարակության ճնշման ներքո, որ տարիքն է, պետք է ամուսնանան, տանեցիները պահանջում են, ամուսնանում են, բնականաբար այս պարագայում բաժանվելու հավանականութունը մեծ է:
Ի՞նչ հետաքրքիր հարցերով են երբևէ ձեզ դիմել:
Հետաքրքիր դեպքեր շատ են եղել իմ պրակտիկայում, մի դեպք չէ, որ կարող եմ առանձնացնել այս պահին:
Կա՞ն հարցեր, որոնք նյարդայնացնում են:
Կան որոշակի մոտեցման տարբերակներ, որոնք ինձ նյարդայնացնում են: Ասենք կնոջ փոխարեն հարցը գրում է, կամ բժշկի է գալիս սկեսուրը, կամ ամբողջ ընտանիքով գալիս են հասկանալու՝ հարսը կո՞ւյս է, թե՞ ոչ, նմանատիպ իրավիճակները նյարդայնացնում են: Բայց որպես բժիշկ ես ունեմ հստակ աշխատանքային մեխանիզմ և բացատրում եմ, թե միայն որ պարագայում եմ ես պատրաստվում աշխատել ձեզ հետ, որովհետև դա շատ կարևոր է, տվյալ պարագայում հիմնականում մեծ աշխատանքը կախված է անմիջապես բժշկից: Իմ պացիենտները և՛ կանայք են, և՛ տղամարդիք, եթե օրական վերցնեմ քսան պացիենտ, տասը կին են, տասը՝ տղամարդ: Կարծում եմ՝ հայ հասարակության մեջ կանայք ունեն որոշիչ դեր, թե որ բժշկին դիմի տղամարդը, ամեն դեպքում նման միտում նկատվում է: Երբեմն հարցնում եմ պացիենտներին՝ իսկ որտեղի՞ց եք լսել իմ մասին, պատասխանում են, որ կինս է ասել:
Իսկ ինչո՞ւ Անդրոնիս:
Ես ծննդականով Անդրոնիս եմ, անձնագրով Անդրանիկ: Շատ նեղ անձնական հարց է, որը երբեք չեմ բարձրաձայնում: Անդրոնիսն ուղղակի մի փոքր բրենդային անուն է դարձել, հետագայում չեմ ուզում զրոյից ինչ-որ անվանափոխություն իրականացնել, բժիշկ Անդրանիկին միգուցե չիմանան, բայց բժիշկ Անդրոնիսին անմիջապես հիշում են և իմանում են, թե ում մասին է խոսքը:
Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը:
Երջանկությունն այն կլինի, որ մենք վերջապես ապրենք առողջ հասարակությունում, որտեղ որոշիչ դեր ունի մարդու ներքին անկեղծությունը, մարդիկ իրար հետ փորձեն մաքսիմալ ազնիվ և անկաշկանդ շփվել, դա կլինի ինձ համար կատարյալ երջանկություն:
Ինչպիսի՞ն պետք է լինի այն աղջիկը, ով կարող է գերել ձեր սիրտը:
Միշտ իմ պատկերացրած կերպարներն ու իմ հավանած կերպարներն ամբողջովին տարբեր են եղել։ Միշտ ամբողջովին գեղեցկության այլ ստանդարտներ եմ մտածել և ամբողջովին այլ կերպարների հետ հարաբերություն եմ կառուցել: Ամենակարևորը՝ չեմ կարողանում տանել խանդը, այլ չափանիշներ, որ պետք է լինի, կարծում եմ՝ բարությունը և կենդանիների հանդեպ սերը:
Ունե՞ք երազանքներ, որոնք չեն իրականացել:
Երազանքներ շատ ունեմ, առաջնային երազանքներից մեկը սեփական կլինիկա ունենալն է, որի վրա հիմա աշխատում եմ, հուսանք, որ մոտ ապագայում իրականություն կդառնա: Ինչպես նաև մի մեծ երազանք կա՝ կրկին թիմային աշխատանք իրականացնելու, նոր որակի առողջապահական ծրագրեր մշակելու, որն այս պահին գաղտնիք է:
Հարցազրույցը՝ Արևուհի Բայազյանի։