
Մենթալ թվաբանությունը մի շարք առավելություններ ունի․ այն դրական է ազդում հիշողության, կենտրոնացվածության, ուշադրության, արագ հաշվարկների և անալիտիկ մտածողության վրա։ Սա անձնական փորձիցս եմ ասում, իսկ լավագույն փորձը, ինչպես ասում են, անձնական փորձն է։
Զրուցել ենք մենթալ թվաբանության մասնագետ Անի Միքայելյանի հետ։
Մենթալ թվաբանություն եք դասավանդում, 18-ամյա աղջկան ի՞նչը գրավեց այս մասնագիտության մեջ։
Երբ դեռ 18 տարեկան էի ու քոլեջն ավարտեցի, որպես գերազանց սովորող ուսանող այդ ժամանակ Դավթաշենում գործող ուսումնական կենտրոնում դասապատրաստողի աշխատանքի առաջարկ ստացա. ընդունեցի աշխատանքի առաջարկն և սկսեցի աշխատել երեխաների հետ: Մեզ մոտ գործում էր մենթալ թվաբանության խմբակ, ես տեսնում էի երեխաների արդյունքները, տեսնում էի՝ ինչպես է մենթալ թվաբանությունը զարգացնում երեխաներին, և այդպես հոգուս խորքում երազանք ձևավորվեց իմ անձնական, իմ հիմնադրած ուսումնական կենտրոնն ունենալ։ Այդպես աշխատեցի, ֆինանսական միջոցներ կուտակեցի ու 2019 թ. հուլիսի 7-ին իմ ուսումնական կենտրոնը բացեցի, որտեղ նաև մենթալ թվաբանության խմբակ էր գործում, չնայած, որ ինքս չէի դասավանդում։
Ունեի ինձ հետ համագործակցող մենթալ թվաբանության մասնագետ, ով ևս իր մեծ ներդրումն ունեցավ։ Դասերին լսում էի որպես հիմնադիր տնօրեն, այդ ամենն ինձ շատ էր գրավում ու անընդհատ մտածում էի՝ ինչ անել, որ ես էլ կարողանամ դասավանդել։ Եվ ստացվեց այնպես, որ մեր մասնագետը պետք է դուրս գար աշխատանքից, ու մեր համագործակցությունը դադարեցրեցինք, և ես մտածեցի, թե ով կարող է մենթալ թվաբանություն ավելի սրտացավորեն դասավանդել, քան ես ինքս։ Միտքը մեկ տարի ու կես իմ ներսում պտտվում էր. որոշեցի վերապատրաստվել։ Երկար ժամանակ վերապատրասվեցի, քանի որ երիտասարդ էի ,բայց մանկավարժական փորձն էլ կար, միշտ որտեղ աշխատում էի տնօրենները մանկավարժներ էին, ինձ հետ աշխատում էին։ Զբաղվում էի ինքնակրթությամբ և այդպես սկսվեց իմ ուղին։
Ես դասավանդում էի մենթալ թվաբանություն իմ սեփական ուսումնական կենտրոնում, հետո քովիդն առաջ եկավ ու ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով որոշեցի, որ պետք է փակեմ ուսումնական կենտրոնը, գոնե ժամանակավորապես: Բայց այնպես ստացվեց, որ մի մանկավարժների ընտանիքի վաճառեցի բիզնեսս ու դուրս եկա: Այդ ժամանակ աշխատանքի առաջարկ ստացա Small Oxford Armenia թվաբանության և արագ ընթերցանության կենտրոնից, որի հետ էլ պետք է համագործակցեին: Պետք է աշխատեի որպես մենթալ թվաբանության մասնագետ, և իմ ուղղին որպես մենթալ թվաբանության մարզիչ մինչև այսօր շարունակում եմ Small Oxford Armenia -ի հետ:
Մենթալ թվաբանության հանդեպ հետաքրքրությունը հատկապես վերջին տարիներին բավականին մեծ է: Ինչո՞վ է պայմանավորված այսչափ հետաքրքրությունը:
Մենթալ թվաբանությունն առաջին անգամ Հայաստան է եկել մոտավորապես 6-7 տարի առաջ: Մինչ այդ գրեթե ոչ ոք չգիտեր մենթալ թվաբանության մասին, չնայած այն որպես գիտություն, որպես առարկա, որպես երեխաներին զարգացնող գործիք բավականին երկար տարիների կյանք ունի: Նորությունը բոլորին հետաքրքրում է, և այսպես մենթալ թվաբանությունը սկսեց իր զարգացումն ունենալ։ Հետագայում արդեն հիմնադրվեցին տարբեր ուսումնական կենտրոններ, եղավ միջազգային օլիմպիադաներին մասնակցություն ու այդպես մենթալ թվաբանությունը գնալով տարածվեց՝ ի ուրախություն ինձ։

Ինչ՞ է այն տալիս երեխաներին, և ինչո՞ւ պետք է ընտրել այս մասնագիտությունը։
Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ գերժամանակակից ինֆորմացիայի դարաշրջանում, ու ցավոք, թե՛ մենք, թե՛ մեր երեխաներն անընդհատ գաջեթներից են կախված: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գաջեթների պատճառով մարդկանց ինտելեկտն ավելի ցածր մակարդակի է հասնում։ Մենթալ թվաբանությունն մի այնպիսի գործիք է, որն օգնում է, որպեսզի մենք զարգացնենք երեխայի ուղեղը, զարգացնենք երեխայի ձախ և աջ կիսագնդերը միառժամանակ, քանի որ ինչպես գիտենք՝ մի x գործողություն ենք կատարում մեր ուղեղի ձախ կամ աջ կիսագունդն է աշխատում, իսկ մենթալ թվաբանությունը օգնում է, որպեսզի մենք երկուսն իրար հետ զարգացնենք: Քանի որ այսօր այնպես է ստացվել, որ գիտելիքի ուժը մենք ավելի բարձր ենք գնահատում, քան ձեռքի ուժն է, և ինչպես գաջեթները, հեռախոսները, համակարգիչները թարմացման կարիք ունեն, այնպես էլ մեր ուղեղը: Դրա համար ավելի ժամանակակից, հետաքրքիր, ավելի հարուստ մեթոդիկայով զարգացնող ծրագիրը մենթալ թվաբանությունն է,։ Խորհուրդ կտամ բոլոր 5-ից 12 տարեկան երեխաներին, որ անպայման մայրիկները զբաղվեն, ու վստահեցնում եմ, որ դա լավագույն ներդրումը կլինի երեխայի կրթության մեջ:
Ես կարծում եմ, որ մենթալ թվաբանությունն այսօր շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, դեռ դրա մասին տարիներ անց ավելի շատ բաներ կբացահայտենք, ավելի գիտական ուսումնասիրություններ, ծավալը կմեծանա, և ես շատ ուրախ կլինեի, որ մենթալ թվաբանությունը որպես հանրակրթական առարկա դասավանդվեր դպրոցներում և հասանելի լիներ բոլորին:
Ինչպիսի՞ դժվարություններ կան այս մասնագիտության մեջ, որոնց կարող է հանդիպել այն դիմորդը, ով ընտրում է այս մասնագիտությունը, որին առնչվել եք նաև Դուք:
Մենթալ թվաբանության հաշվարկը, այսպես ասած, հիմնական տեխնիկան, գաղտնիքը, երևակայությունն է, այսինքն՝ մենք երեխային սովորեցնում ենք ֆիզիկական, առարկայական ավագ հաշվիչի վրա հաշվել, թվերին ծանոթանալ, մատների ճիշտ դիրքը, մատների ճիշտ աշխատանքը: Այնուհետև պետք է այնքան նրբանկատորեն երեխային բերել նրան, որ նա այդ հաշվիչը պատկերացնի մտքում, սկզբում մատների օգնությամբ պատկերացնի, որ իրականում աշխատում է ֆիզիկական աբակուսի հետ, բայց դա անում է մտքում, իսկ հետո նաև մատների աշխատանքով արդեն դադարեցնում է։ Քանի որ երեխաների համար նորություն է, իրենք երբեմն չեն պատկերացնում, թե ինչպես պետք է գործողությունն անեն: Այստեղ շատ կարևոր է, իհարկե, մասնագետի պրոֆեսիոնալիզմը, որպեսզի նա այնքան նրբանկատ լինի, այնքան ջանք գործադրի, որ երեխան չհիասթափվի, չասի՝ չէ, ինձ մոտ չի ստացվում, և ես չեմ ուզում շարունակել մենթալ թվաբանության դասընթացները։ Այսինքն, այստեղ կարևոր է մասնագետի աշխատանքը, երեխային օգնել յուրացնել ամեն մի մանրուք և կարողանալ պատկերացնել ավագ ուսումը։
Ցավոք, Հայաստանում գործում են մենթալ թվաբանության այնպիսի կենտրոններ, որոնք դրական արդյունքի փոխարեն, սխալ աշխատանքի դեպքում բացասական արդյունք են ցույց տալիս և ստացվում է, որ մենթալ թվաբանության դրական կարծիքը երբեմն նվազում է նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով և բացասական կարծիքներ են տարածում։

Այսօր մեր կյանքը մասամբ տեղափոխվել է նաև օնլայն հարթակ, մենթալ թվաբանությունը հնարավո՞ր է ամբողջությամբ յուրացնել օնլայն տարբերակով:
Ես կուզեմ նշել, որ Small Oxford Armenia-ի առավելությունը։ Մենթալ թվաբանության օնլայն դասընթացների փորձ ունեմ ոչ թե պայմանավորված քովիդով, կամ պատերազմյան շրջանով, այլ մինչ այդ մենք օնլայն դասերի մեծ փորձ ունեինք։ Աշխատում ենք ամեն օր Նորվեգիայում, Իտալիայում, Եվրոպական շատ երկրներում մեր ապրող հայ բալիկների հետ, ու դա շատ մեծ հնարավորություն էր, որ մեր հայրենակից բալիկները կարողանան օգտվել և սովորել մենթալ թվաբանություն։
Մենթալ թվաբանության հատուկ ծրագիր ունենք մշակած, հատուկ օնլայն դասընթացների համար, որը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք մենթալ թվաբանության ծրագիրը փոխանցել: Նույնիսկ երբեմն սա մեծ առավելություն է, քանի որ դասերը կարող են ձայնագրվել, հետո ինչ-որ մի բան մոռանալու դեպքում անընդհատ դա կրկնել: Ուզում եմ վստահեցնել, որ օնլայն դասերի դեպքում մենթալ թվաբանության կուրսը լիարժեք փոխանցել հնարավոր է։
Դուք նաև մասնակցել եք ԿՏԱԿ–ի կողմից վերապատրաստման և իրավունք ստացել հեռավար դասեր անցկացնելու։ ինչպե՞ս կարողացաք հաղթահարել միջազգային սերտիֆիկատի փուլը։ Դա ինչպիսի՞ հնարավորություններ տվեց ձեզ:
ԿՏԱԿ-ի կողմից հեռավար դասերին մասնակցելու վերապատրաստումից հետո, իհարկե, շատ գիտելիքներ ստացա, որն ինձ օգնեց ավելի կատարելագործվել հեռավար դասեր անցկացնելու հմտություններս: Արդեն դրանից հետո ցանկություն ունեցա միջազգային սերտիֆիկատ ունենալ, շփում արտասահմանյան գործընկերների հետ ու ստացվեց այնպես, որ դրանից անմիջապես հետո մենք պետք է մասնակցեինք օնլայն միջազգային օլիմպիադայի: Ես կարողացա վերջի 2 վերապատրաստումների ժամանակ ստացածս գիտելիքները ես կարողացա ներդնել ու մեր թիմից մասնակցած 7 աշակերտներից 6-ն իրենց համապատասխան տարիքային և գիտելիքների մակարդակում զբաղեցրեցին մրցանակային տեղեր, ունեցանք երեք 1-ին տեղ, երկու 2-րդ տեղ, և մեկ 3-րդ տեղ:
Հարցազրույցը՝ Արևուհի Բայազյանի
