Իրավունք չունենք տրտնջալու և պետք է ամեն օրն ապրենք հանուն իրենց թափված արյան. Գոհար Հովհաննիսյան

Զրուցել ենք ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանի հետ:

Յուրաքանչյուրիս կյանքում հիշարժան են մեր մանկության տարիները։ Ձեր մանկությունից հատկապես ի՞նչն է տպավորվել ձեզ մոտ:

Կարծում եմ յուրաքանչյուրի համար թանկ է մանկությունը։ Դժվար տարիներ էին, բայց մենք մեզ երջանիկ էինք զգում առանց ինտերնետի և հեռախոսի (ծիծաղում է…)։

Ինչո՞վ են առանձնացել ձեզ համար սեպտեմբերի մեկերը:

Սրտատրոփ սպասում էի սեպտեմբերի 1-ին, հիշում եմ, որ միայն այդ օրն էինք նոր կոշիկ կամ շոր ունենում։

Ձեր ամենասիրելի ուսուցչուհին։

Իմ դասղեկն էր, ֆիզիկայի մասնագետ տիկին Մուրադյանը, չնայած առարկան այդքան էլ հետաքրքիր չէր։ Բացի առարկայից սովորեցնում էր պայքարել կյանքում, միշտ ասում էր, որ անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ քո ձեռքում է։

Այսօրվա երիտասարդ սերնդից հաճախ են բողոքում, քննադատում, դուք ի՞նչ կարծիք ունեք մեր այսօրվա երիտասարդների մասին, նրանց երաժշտական ճաշակի մասին:

Մենք ունենք հրաշք երիտասարդներ։ Երաժշտական ճաշակի մասին կասեմ հետևյալը՝ պետք է լավագույնը մատուցենք և վստահ լինենք, որ անպայման կսիրեն։

Ցավոք, այսօր հաճախ ավելի շատ տարածում ունի ռաբիսը, քան օրինակ` ազգային, ժողովրդական երաժշտությունը, ինչո՞ւ չենք կարողանում մեզ ավելի մոտ պահել մեր ազգայինը:

Ես միշտ ասում եմ, եթե հայ է, պետք է իմանա իր ազգային արժեքները, ոչ թե օտարամոլ անհասկանալի խոսքերով երգերը։

Միշտ այնպես է ստացվում, որ մենք կարծես թե ապրում ենք հանուն ինչ-որ բաների կամ ինչ-որ մարդկանց, ո՞վ կամ ի՞նչն է ձեզ համար կյանքից էլ ավելի թանկ, հանուն որի ապրում եք, աշխատում և պայքարում։

Ես ունեմ ընտանիք, ունեմ հայրենիք, որի համար իրենց կյանքն են տվել տղերքը, տվել են ամենաթանկը հանուն մեր ապրելու և հայի տեսակը պահելու։ Իրավունք չունենք տրտնջալու և պետք է ամեն օրն ապրեք հանուն իրենց թափված արյան։

Ո՞րն է ձեր կյանքի ամենակարևոր ու երջանիկ օրը։

Կյանքում չկա լիարժեք երջանկություն, կա երջանիկ պահ և այդ պահը ինքներս պետք է ստեղծենք։ Այս տարի ապրիլի 7-ին տեղի ունեցավ իմ առաջին մենահամերգը նվիրված հերոսածին մայրերին։ Պատասխանատվությունն ու լարվածությունը շատ մեծ էր։ Դահլիճում հրավիրված էին մոտ 500 որդեկորույս ծնողներ։ Համերգի ավարտից հետո շատ մայրեր մոտեցան և ասացին, որ մեր տղաները հենց էնպես չեն զոհվել, զոհվել են հանուն մեր ապրելու։ Պետք է շատ հնչեն նմանատիպ երգեր, չէ որ ազգային երգում ընդգրկված է մի ողջ պատմություն։

Ին՞չ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր առաջին քայլերն են անում երգարվեստում։

Խորհուրդս նոր կամ ընդհանրապես երգիչներին։ Դուք ծառայեք երգին, ոչ թե երգը ձեզ։ Պահպանեք մաքրամաքուրը, չի կարելի արաբական երաժշտության ներքո հիշատակել հերոսի անունը։

Հարցազրույցը՝ ՍԻՄՈՆ Քահվջյանի