Գյուղերում կրթամշակութային կյանքի զարգացման հնարավորությունների, երիտասարդների կրթության, ժամանցի ճիշտ կազմակերպման և այլ հարցերի մասին զրուցել ենք Լուսինե Պապիկյանի հետ:
Լուսինեն օրինակ է, թե ինչպես կարելի է գնալ քաղաք, կրթություն ստանալ և հետ վերադառնալ հայրենի գյուղ՝ այն զարգացնելու: Շիրակի մարզի Ազատան համայնքում նա երեխաներին դասավանդում է անգլերեն, թուրքերեն և ռուսերեն լեզուներ:
Այսօր շատ երիտասարդներ գնում են մայրաքաղաք սովորելու և այդպես էլ չեն վերադառնում ծննդավայր: Ձեր դեպքում այդպես չէ, դուք արդեն աշխատում եք Ազատանում, որտեղ ծնվել ու մեծացել եք:
Ինչո՞ւ որոշեցիք մնալ ծննդավայրում՝ չնայած ավելի մեծ հնարավորություններին, որոնք ձեզ համար ավելի շատ դռներ կբացեին:
9-րդ դասարանից դուրս եկա մեր դպրոցից, տեղափոխվեցի Երևան, հումանիտար քոլեջ՝ մայրիկիս և մորաքրոջս խորհրդով: Ավարտելուց հետո իմ մեջ շատ բաներ բացահայտեցի, այն ինձ շատ օգնեց հետագա անելիքներիս հարցում, իսկ հետո ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան:
Պատերազմից հետո ծանոթացա մեր քահանայի և երեց կնոջ հետ, իրենց գրքեր էի տվել, որ վաճառեն, և գումարը փոխանցեն զինվորների հիմնադրամ: Երբ երեց կինն իմացավ, որ տիրապետում եմ թուրքերենի, ինձ ասաց, որ լեզուն պահանջված է ու եթե ցանկանում եմ, կարող եմ պարապել գյուղի երեխաների հետ։
Մեր երիտասարդները շատ խելացի են , ուղղակի նրանց երբեմն չի տրվում սովորելու հնարավորություն: Երբեմն նույնիսկ ընտանիքները համաձայն չեն լինում, որ իրենց երեխաները կրթություն ստանան, ու այդ քայլով երեխաների մեջ կոտրում են ձգտումը, իսկ շատ դեպքերում էլ ուղղակի հնարավորություն չունեն ու երբ գալիս է դպրոցն ավարտելու ժամանակը, երեխաներին տրամադրում են ամուսնության։
Այդ պատճառով էլ, քանի որ երիտասարդները շատ խելացի և ձգտող են, ցանկացա իրենց օգնել, որ տիրապետեն լեզվին, նաև ինչ-որ մի կերպ օգնեմ, թեկուզ իմ օրինակով, որ եթե ունենք երազանք, այն պետք է դարձնենք նպատակ և ամեն ինչ անենք այդ նպատակն իրականացնելու համար:
Դուք միաժամանակ մի քանի առարկա եք դասավանդում: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել, դժվարություններ չե՞ն լինում:
Դասաբաշխում եմ անում, ժամանակը բաժանում եմ և հիմնականում խմբային դասեր եմ անում, չեմ սիրում անհատական պարապել, հոգնեցնողէ, խմբով լավ է, քանի որ յուրաքանչյուրն արտահայտում է իր մտքերը, և մեկը մյուսի համար դառնում է օրինակ, այդպես նաև առաջանում է մրցակցություն և դասերին պատրաստվում են էլ ավելի լավ։
Ի՞նչ պետք է անել, որ մարզերում կրթական ու մշակութային կյանքը զարգանա, որպեսզի այստեղի երեխաներն էլ չունենան զբաղվածության պակասի խնդիր:
Օրինակ՝ լավ կլինի, եթե գյուղում լինեն հետաքրքիր զբաղմունքի, ձեռքի աշխատանքների կամ այլ կրթական կենտրոններ: Օրինակ՝ մեր գյուղում «Gamezone» խաղասրահ կա, բայց դա հիմնականում տղաների համար է, աղջիկների համար նման որևէ տեղ չկա, եթե լինի մտահաղացում, կարելի է աղջիկների համար բացել գրադարան-սրճարան, մենք հույս ունենք, որ մեր ապագա գյուղապետի հետ կկարողանանք այդ միտքն իրագործել։
Այս ամենը պետք է, որպեսզի երեխաները դպրոցից բացի չգնան զբաղվեն հողագործությամբ, ավելի զարգացնող զբաղմունք ունենան, քանի որ, երբ քեզ մի բան դուր է գալիս, դու սկսում ես դրանով տարվել: Երեխաներն օգնում են իրենց ընտանիքի անդամներին հողամասի աշխատանքներում, որովհետև տան տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են լինում:
Այսօր, ցավոք, մեր գյուղերը շատ են դատարկվում, ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդները չգնան, իրենց համար այստեղ հետաքրքիր ու հաճելի լինի:
Պետք է մոտիվացնել երիտասարդներին, ինչ-որ հետաքրքիր վայրեր բացել, որ իրենք հետաքրքրված լինեն և նաև իրենք իրենց մտքերն արտահայտեն։
Երբևէ լինում են պահեր, երբ հիասթափվում եք ու սկսում մտածել, որ իզուր եք մնացել գյուղում և ձեր ունեցած գիտելիքներով կարելի էր ավելիին հասնել՝ գյուղից դուրս:
Հիասթափությունն իմ կյանքի առաջի մասում է, ես շուտ եմ հիասթափվում ամեն ինչից։
Միշտ փոքրուց երազել եմ իմացածս փոխանցել ուրիշներին: Քաղաքում այդ ամենի պակասը չկա, իսկ գյուղում կա, ես ուզում եմ, որ գյուղը զարգանա: Քաղաքում այսպես թե այնպես հնարավորություն կա, բայց գյուղում չկա այդ հնարավորությունը, հիմա եթե բոլորը ձգտեն դեպի մայրաքաղաք, մի տեսակ լավ չի լինի, մեր երիտասարդներին պետք է ցույց տալ, որ միայն մայրաքաղաքում չի այդ կյանքը, գյուղում էլ կյանք կա։
Երբ 9-րդ դասարանից դուրս եկա, դրանից հետո շատերը սկսեցին ձգտել Երևան գալուն, որովհետև ես Երևանում էի սովորում, և իրենք ուզում էին նմանվել ինձ: Ես հիշում եմ՝ մի դասատու ունեի, ինձ ասաց՝ դու չես կարող ընդունվել, ու այդ «չես» բառն ինձ ստիպեց, որ ավելի ուժեղ ձգտեի ու հասնեի այդ ամենին: Պետք է ցանկություն, ձգտում և կամք:
Մի քանի բառով բնութագրեք ձեզ
Նպատակասլաց, ընկերասեր, նվիրվող, գնահատող:
Կա՞ հարց, որի մասին կցանկանայիք խոսել, բայց ես այդպես էլ չհարցրի:
Այո, ուզում եմ ասել, որ պատերազմի օրերին մտածում էի, որ ամեն ինչ կկորցնենք, բայց մենք ունենք շատ հարուստ և զարգացած մշակույթ, որին շատ քչերն են տեղյակ ու որոշեցի ֆլեշմոբ կազմակերպել տարազների և հայկական պարերի վերաբերյալ, թե որ նահանգն ինչ տարազ է ունեցել։ Սկսեցի այդ ֆլեշմոբը, որը լայն տարածում գտավ և սիրվեց։
Աշնանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լինում են ցուցահանդեսներ: Այդ ամենը կազմակերպում է մեր գյուղի ուսուցչուհիներից մեկը՝ Տոնոյան Սիրանույշը, ով ևս երիտասարդ է և մոտիվացնում է երիտասարդներին։ Նա ևս սովորել Է Երևանում և հետ է վերադաձել գյուղ՝ երեխաններին կրթելու: Իր գալուց հետո երեխանները մասնակցում են տարբեր ծրագրերի, սեմինարների և միշտ զբաղեցնում են 1-ին հորիզոնականը։
Մենք այսօր երեխանների համար դառնում ենք ոգեշնչման աղբյուր՝ ինչպես մի ժամանակ մեզ համար մեր քույրերն են դարձել, հատկապես, երբ ավարտում էին և լավ աշխատանք ունենում: Դա շատ է մոտիվացնում, երբ ինչ որ մեկի լավ օրինակով դու ևս ցանկանում ես դառնալ այդպիսին։
Հիմա արդեն միտք ունենք երիտասարդների համար ստեղծել բացօթյա կինոթատրոն երեկոյան կինոդիտումներ ունենալու համար, հուսանք մոտ ժամանակներս կիրականանա, կարող է նույնիսկ գյուղապետարանը հովանավորել, քանի որ մեծ ծախսերի հետ կապված չէ։ Ասեմ, որ գյուղում նաև գրադարան, պարի համույթ և թատրոն կա, դերասաններն էլ Գյումրիից են գալիս։
Հ.Գ. Ազատանի մասին.
Գյուղում երկու եկեղեցի կա՝ մեկը կաթոլիկ, մյուսը առաքելական։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, մշակում են կարտոֆիլ, կաղամբ, գազար: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստան կամ Վրաստան: Կանայք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, տղամարդիկ՝ հողագործությամբ, բայց քանի որ գյուղը Գյումրի քաղաքին մոտ է, շատերն էլ աշխատում են հենց այնտեղ:
Հարցազրույցը՝ Արևուհի Բայազյանի