Զրուցել ենք դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանի հետ։
Ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:
Դերասանի մասնագիտությունը չեմ ընտրել, դա կոչում է, և սա սոսկ բառեր չեն, այսօր դա այնքան ակնհայտ է, որ ավելորդ եմ համարում մանրամասնել։
Դուք նաև երգում եք, այնուամենայնիվ ինչո՞ւ դերասանուհի և ոչ երգչուհի:
Ինչու երգչուհի կամ դերասանուհի, որովհետև շատ պարզ է` կոչումով ասացի` դերասանուհի եմ, իսկ այս մասնագիտության տեր մարդիկ իմ կարծիքով՝ պետք է շատ լավ երգեն, պարեն, տիրապետեն իրենց ֆիզիկական բոլոր հնարավորություներին։ Այսինքն մարմինն ամբողջությամբ դերասանի գործիքն է, ուստի կարծում եմ՝ նորմալ է, որ դերասանուհին նաև երգում է։
Բավականին ակտիվ գործունեությունից հետո, հիմա պասիվ շրջանում եք, ինչո՞ւ, դո՞ւք եք որոշել ավելի քիչ լինել եթերում, թե՞առաջարկներ չկան։
Թատրոնում եմ անընդհատ և իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում։ Ինչ վերաբերում է եթերում չլինելուն՝ երկու տարին այդքան մեծ ժամանակահատված չէ։ Եթե լավ առաջարկներ լինեին, անպայման կհամաձայնեի։ Այնպես որ կլինեն, կմասնակցեմ, չեն լինի, ոչինչ, թող նկարահանվեն նրանք, ովքեր տվյալ նախագծերում համապատասխանում են։
Թատրո՞ն, թե՞ կինո. որն է իսկապես ձերը:
Երկուսնել իմն են, բայց թատրոնը դա լրիվ ուրիշ կոսմոպոլիտ միջավայր է, որը ոչ մի բանի հետ չես համեմատի, այստեղ կենդանի շփում կա, կենդանի էմոցիաներ, դուբլ անելու տարբերակ չկա, դու ես, հանդիսատեսը և վրիպելու ոչ մի հնարավորություն չկա։
Մենք ձեզ կարծես միայն հումորային կերպարներով ենք հիշում, ինչո՞ւ եք հիմնականում այս ժանրում և կցանկանայի՞ք հիմա խաղալ այլ հոգեբանության և բնավորության կերպարներ, որոնց երբեք չեք մարմնավորել:
Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանուհի եմ առաջի կարգի, և ահռելի մեծ խաղացանկ կա, որտեղ համաշխարհային գրականությունից, հայ դրամատուրգիայից շատ դերեր արդեն հասցրել եմ խաղալ և դեռ շարունակում եմ թատրոնում խաղալ։
Եթերում այդ կերպարներով կարծիք կազմելը թյուրիմացություն է, բայց բնավ խնդիր չէ, որովհետև կոմեդիայի ժանրը ամենաբարդն է։ Հերիք է ծիրանափողը հնչի և ցանկացած ստեղծագործություն կարդում ես ու մարդը հուզվում է, իսկ այսօր մարդուն ծիծաղեցնելը շատ բարդ է։ Երկու ժանրում էլ ուժերս փորձել եմ, ովքեր ինձ արդեն թատրոնում գիտեն, գիտեն նաև, թե ես դրամատիկական ժանրում ինչպիսի կերպարներ եմ կերտել։
Խոսենք անձնականից. երբևէ մասնագիտությունը խանգարե՞լ է անձնական կյանքին, ամուսնական հարաբերություններին:
Անձնականից չեմ սիրում խոսել, որովհետև կոչվում է անձնական։ Պարզապես բախտս չի բերել այնքանով, որ ամուսինս բավականին շուտ է մահացել։ Եթե այնպես լիներ, որ նա հիմա ողջ լիներ, չեմ կարծում, որ ինձ կխանգարեր, ինքնել արվեստի մարդ էր՝ երաժիշտ․ սա մի փոքր անձնականից։
Դուք որդի ունեք, հե՞շտ է կնոջ համար տղա երախա մեծացնելը, դաստիարակելը, թե՞ երբեմն բարդություններ լինում են:
Տղա, թե աղջիկ միևնույնն է, երկուսի դեպքում էլ իրենց դաստիարակության առումով բարդություններ ունեն, բայց միայնակ մեծացնել տղա երեխային, դժվար է, որովհետև հատկապես հասունացման շրջանում տղան հոր կարիքը շատ է զգում, իսկ մայրը որքան էլ նրա ընկերն է, բաներ կան, որ հաստատ մի քիչ դժվար է հաղթահարելը։ Այնպես որ դժվարություներ, իհարկե, կան բայց ամենակարևորը, որ մենք հաղթահարել էնք և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ու լավ է լինելու։
Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալու, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
Ամեն ինչ կփոխեի, ոչ թե դերասանուհի, այլ բժշկուհի կդառնայի և տրամաբանական իրար հաջորդող հանգամանքներից կյանքս լրիվ ուրիշ կերպ կձևավորվեր։ Կարճ ասած՝ ամենինչ կփոխեի, բայց բնավ չի նշանակում, որ ես կամ իմ կենսագրությունը թերի է, հակառակը՝ ամենինչ լավ է։ Պարզապես հետաքրքրության համար կփոխեի, որպիսզի հասկանայի՝ եթե այլ մասնագիտություն ընտրեի, ինչպիսին կլիներ իմ կյանքը։
Հարցազրույցը՝ ՄԱԿԻՉ Կարապետյանի