Հարցազրույց դերասան Արտաշես Մխիթարյանի հետ:
Պատերազմն ամեն մեկիս վրա մի հետք թողեց և ինչ-որ մի բան փոխվեց մեր մեջ: Ի՞նչ փոխվեց Ձեր մեջ:
Շատ բան… շատ արժեքներ արժեզրկվեցին, շատ արժեքներ վերարժևորվեցին։ Կյանքի իմաստը, թերևս, որոշակի չափով փոխվեց։ Մտածելու շատ առիթ տվեց պատերազմը։ Երկար կարելի է խոսել, բայց կարճ ասած՝ շատ բան փոխվեց։
Այսօր մեր երկրում, մեր հասարակության մեջ բազմաթիվ խնդիրներ կան: Ի՞նչն է ձեզ ամենից շատ անհանգստացնում։
Չեմ կարող հստակ մեկ բան առանձնացնել։ Շատ բաներ կան անհանգստացնող, ծավալուն կլինի խոսքս։
Համավարակը, հետո արդեն պատերազմը վատ անդրադարձ ունեցան գրեթե բոլոր ոլորտների վրա՝ այդ թվում նաև կինոյի, թատրոնի: Մասնագիտական այդ դժվարությունները ինչպե՞ս կարողացաք հաղթահարել:
Դժվար էր, իհարկե, հաղթահարումը։ Արխիվային նյութերով հանդիսատեսին նորից պահել թատրոնի հետ կապը։ Թատրոնում ներքին վերանորոգման հետ կապված աշխատանքներ էին իրականացվում՝ այսինքն կոնտակտը կար թատրոնի հետ՝ գնալ- գալը։ Կորցրեցինք մեկ տարի մեր կյանքից, նաև ստեղծագործական առումով։
Խոսենք ձեր մասին. դերասաններն ի վերուստ ունենո՞ւմ են այդ տաղանդը, թե՞ այն կարելի է նաև ձեռք բերել, և ինչպե՞ս ստացվեց ձեզ մոտ:
Ե՛վ ի վերուստ պետք է լինի, և՛ աշխատանքի շնորհիվ։ Քրտնաջան աշխատանքի, պահանջկոտ լինելու ինքդ քո հանդեպ։ Ես բացառություն չեմ այդ առումով։
Ո՞րն էր ձեզ համար այցեքարտային դերը, որը ճակատագրական դարձավ:
Չե՛մ կարող առանձնացնել, բոլորն էլ որոշակի չափով կարևորություն ունեն, բոլորն էլ նպաստել են հաջորդ քայլերին, հաջորդ էջերի համար, որոնք բացվել են իմ առաջ։ Թատրոնում թերևս ավելի շատ։
Կա այսպիսի կարծրատիպ, որ հիմա չկան այնպիսի մեծ դերասաններ, ինչպիսիք նախկինում էին։ Ինչ՞ եք կարծում Դուք այս հարցի շուրջ։
Նախկինում այսքան ինֆորմացիա չկար։ Հիմա գույներն են շատ, զբաղմունքներն են շատ, ընտրությունն է շատ։ Նախկինում մարդիկ հստակ իրենց մասնագիտությամբ էին զբաղվում ու կարիք չունեին, այլ բանի մասին մտածելու ու զբաղվելու։ Հիմա թերևս այդպես չի, միայն մի գործով զբաղվելը բարդ է։ Նախկին ու ներկա արտիստների միջև ռեզուլտատները կայանում են նրանով, որ այն ժամանակ արտիստի կոչումը շատ բարձր նշաձողի վրա էր, արտիստ կոչման հասնելու համար, մարդիկ տարիներով աշխատում էին և անցնում բավականին բարդ ճանապարհ։ Հիմա դա մի քիչ հեշտացել է, ցավոք։
Դերասանի վատ տրամադրությունը կարո՞ղ է ազդել խաղի վրա։
Իրավունք չունի, դերասանը ինչ տրամադրություն էլ ունենա, երբ դուրս է գալիս բեմ, դա չպետք է անդրադառնա հանդիսատեսի վրա։ Հանդիսատեսը մեղք չունի, թե այսօր դերասանն ինչ տրամադրությամբ է եկել։ Դա դերասանի ներսի խնդիրն է։
Վերջին նախագիծը, որտեղ ներկայացել եք, «Սարի աղջիկ» հեռուստասերիալն էր, ինչպիսի՞ն էր ձեզ համար Ռոբի կերպարը և այն ի՞նչ տվեց Ձեզ:
Հետաքրքիր ու բարդ կերպար էր, դրական և բացասական գծերով կերպար էր, ստի ու ճշմարտության մեջ ապրող կերպար էր, բավականին բան տվեց, աշխատատար կերպար էր ինձ համար, փնտրելու կերպար էր, լարախաղացի նման էր կերպարն ինձ համար։ Դժվար էր ու հետաքրքիր։
Դուք ֆիլմերում նաև ունենում եք բաց տեսարաններ, ինչպե՞ս եք վերաբերվում ֆիլմերում այդ տեսարաններին, ինչպե՞ս պետք է այն անել, որպեսզի էսթետիկ լինի և չհասնի գռեհիկության:
Չպետք է հասնի գռեհիկության։ Վերաբերվում եմ պրոֆեսիոնալ, դա աշխատանք է։
Բաց տեսարաններում ձեր ներգրավվածությանն ինչպե՞ս են վերաբերվում ընտանիքի անդամները:
Ընտանիքի մասին իմ հարցազրույցներում սիրում եմ չխոսել: Ընտանիքն իմն է, այն հանրային չէ, իմ աշխատանքն է հանրային, թերևս ես եմ հանրային։
Նոր նախագծեր կամ առաջարկներ ունե՞ք առաջիկայում:
Թատրոնն անընդհատ է, ամեն տարի աշխատանքներ կան, առաջարկներ կան, իսկ ֆիլմերի առումով դեռ սպասում եմ։
Ձեր մաղթանքը հայ ժողովրդին, հայ զինվորին։
Խաղաղություն, համբերություն, երջանկություն ու Աստված պահապան մեր ժողովրդին։
Հարցազրույցը՝ ՍԻՄՈՆ Քահվջյանի