Այդպիսի ճակատագրական քայլեր չկան, որոնց համար զղջում եմ. Աբել Աբելյան

Կյանքի, աշխատանքի ու այլ հարցերի մասին զրուցել ենք «Աբելյան արվետսի դպրոցի» հիմնադիր, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանի հետ:

Տևական ժամանակ է Ձեզ չենք տեսնում հեռուստաեթերում, ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:

Իրականում զբաղվածությունս բավականին մեծ է և հիմա ավելի շատ զբաղված եմ սկսնակ դերասաններին օգնելով, որ դառնան դերասան,  քան իմ կարիերայով:

Դուք հայտնի դարձաք հեռուստաֆիլմերից, սերիալներից, բայց գիտեմ, որ թատրոնն էլ եք սիրում, ինչը խանգարեց լինել թատրոնի բեմում:

Ես եղա թատրոնի բեմում բավականին երկար ժամանակ՝ մի քանի տարի, հետո ինձ երևի թե  հեռուստատեսությունն ավելի կանչեց, ամեն դեպքում ես որոշեցի փորձել, տեսնել կստացվի՞, թե՞ ոչ։ Հեռուստատեսությունում եղել եմ որպես ռեժիսոր, հաղորդավար ու բազմաթիվ նախագծեր ունեմ արված, իսկ թատրոնը 100 տոկոս նվիրում է պահանջում, որը չես կարող ունենալ հեռուստատեսությունում՝ թատրոնի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով  նժարին պետք է դնես այն, որը կարծում ես, որ քեզ այդ պահին պետք է։

Մարդու մեջ ի՞նչն եք ամենից շատ կարևորում։

Համեստությունը:

Եղե՞լ է քայլ, որն արել եք և զղջացել այն անելու համար:

Շատ քայլեր կան, բայց հիմնականում այդպիսի ճակատագրական քայլեր չկան, որոնց համար ես զղջում եմ։ Չի եղել իմ կյանքում այդպիսի բան։

Առհասարակ որոշում կայացնում եք տաք գլխո՞վ, թե՞ ծանր ու թեթև անելով։

Տաք գլխով որոշում ընդհանրապես չեմ կայացնում, ծանր ու թեթև, իհարկե, անում եմ. շատ չէ,  բայց անում եմ։

Ըստ ձեզ՝ ի՞նչ է երջանկությունը և ինչպե՞ս կարելի է հասնել երջանկության։ Դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։

Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Ի՞նչ է երջանկությունը, ամեն մարդու համար կարծում  եմ՝ տարբեր է: Ինձ համար երջանկություն է, երբ շուրջս մտերիմներս երջանիկ են: Եվ միայն իմ տղաների մասին չէ խոսքը, իմ աշակերտները, ընկերներս,  հարազատներս, եթե իրենք երջանիկ են, ապա ես էլ եմ երջանիկ:

Մինչև թատերական ինստիտուտը դուք փորձել եք տնտեսագիտական բաժին ընդունվել, բայց ինչպես տեսնում ենք՝ ձեր տնտեսագետ դառնալու ճանապարհը չստացվեց, երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կշարունակվեր ձեր կյանքը, եթե տնտեսագետ դառնայիք:

Երևի դա իմը չէր, ուղեղս ավելի շատ հումանիտար առարկաների ուղղությամբ է աշխատել ու երևի թե այդ պատճառով էլ չընդունվեցի տնտեսագիտական բաժին։

Երկու որդի ունեք, եթե մի օր որոշեն դերասանի, ռեժիսորի մասնագիտություն ընտրել, ինչպիսի՞ն է լինելու ձեր վերաբերմունքը:

Ինչ էլ որոշեն դառնալ, ես իրենց կաջակցեմ, իրենց կողքին կլինեմ, իհարկե, իմ խորհուրդը կտամ, բայց իմ 14 տարվա դասավանդման  պրակտիկան ցույց է տալիս, որ եթե երեխային թույլ չես տալիս գնալ իր երազանքի հետևից, ինքը միևնույն է, գնալու է։ Ինձ թվում է ավելի լավ է ի սկզբանե թույլ տաս և օգնես՝ հաշվի առնելով քո ռեսուրսներն ու հնարավորությունները: Եվ եթե երեխան սխալ ընտրություն  անի, դա կլինի իր սխալ ընտրությունը, պետք չէ, որ ծնողի ընտրության հետևից գնալով սխալվի:

Դուք այսօր բազմաթիվ երեխաների հետ եք աշխատում, նրանց կրթություն եք տալիս, մասնագիտություն, հե՞շտ է այս սերնդի հետ աշխատելը, և ի՞նչ յուրահատկութուն ունի երեխաների հետ աշխատանքը:

Երեխաների և երիտասարդների հետ աշխատելը (որովհետև մեզ մոտ նաև 20-ից բարձր տարիք ունեցող երիտասարդներ կան) շատ հաճելի է աշխատելը, հատկապես, երբ  գալիս են կաշականդված, հուզված, մի փոքր վախվորած աշակերտներ ու մեկ տարի հետո նույնիս չեն էլ հիշում,  որ ժամանակին եկել էին հուզված ու կաշկանդված, բայց արդեն քայլում են շատ ինքնավստահ:

Ինչ վերաբերում է այսօրվա սերնդին, ասեմ հետևյալը՝ 14 տարի առաջ, երբ նոր էր դպրոցը հիմնվում, ես ասում էի և մինչ օրս էլ նույն կարծիքին եմ՝ միշտ եկող  սերունդն ավելի լավն է լինում: Ուղղակի շատ դեպքերում մարդիկ կան, որ չեն ուզում տեսնել, կամ  չեն ուզում մի քիչ տանջվել, որ ավելի երիտասարդ սերնդին օգնեն:

Իհարկե, այս սերունդը լավն է, իրենց ուղեղը շատ  արագ է աշխատում, այսօրվա սոցցանցերը փոխել են աշխարհը ու դրա համար կարծում եմ՝ սերունդն էլ  շատ ավելի ադեկվատ է: 

Ի՞նչը կցանկանաք փոխել ձեր շրջապատում՝ աշխատանքի, մարդկանց, միջավայրի առումով:

Ես այն տարիքում եմ գտնվում, որ կյանքում կտրուկ փոփոխություններ չեմ անում, ինչը պետք էր փոխել ժամանակի ընթացքում, փոխել եմ։ Եվ առհասարակ, ինչ էլ ուզես, կփոխես, մենք ինքներս ենք որոշում։ Մենք ենք որոշում՝ ում հետ գնանք առաջ, ում հետ՝ ոչ, ում հետ սեղանի շուրջ նստել, իսկ ում հետո՝ ոչ:

Հարցազրույցը՝ ՄԵՐԻ Ավագյանի: