Անասելի ցավոտ է ընկալել, որ մենք պատմությունից դասեր չքաղեցինք. Հրաչ Քեշիշյան

Մասնագիտության, ոգեշնչման աղբյուրների և այլ թեմաների մասին զրուցել ենք ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:

Ձեր աշխատանքը մարդկանց հետ է, քասթինգներ, նկարահանումներ, այլ ծրագրեր: Իսկ երբևէ ունենո՞ւմ եք մենակ մնալու և մտքերն ի մի բերելու անհրաժեշտություն. Ե՞րբ է դա լինում:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ ունի մենակ մնալու կարիք: Իհարկե, ես սիրում եմ մեքենա վարելուց մտածել, երբ մենակ եմ վարում: Սիրում եմ երկար ճանապարհներ գնալ, այդ ընթացքում շատ բան է մտքիս գալիս, ինչ որ ծրագրեր են ծնվում, այլ թեմաների մասին եմ մտածում, խորհում և հետո համակարգված մի բան ստացվում է այդ ամենից:

Աշխատելիս հատկապես ի՞նչն է ձեզ ոգեշնչում։

Ինձ ոգեշնչում են մարդիկ, ոգեշնչում են տաղանդավոր մարդիկ, ոգեշնչում են հետաքրքիր ու կենսուրախ մարդիկ, նրանք, ովքեր կարող են ինձ նոր բան սովորեցնել, ովքեր կարող են ինձ զարմացնել: Բնականաբար, որոշակի թեմաներ ու երևույթներ էլ կարող են ոգևորել, բայց հիմնական ոգևորության աղբյուրը մարդիկ են:

Դուք արդեն հսկայական փորձ ունեք, ձեր կարևոր դերն ունեք ոլորտում, ձեզ վրա՝ արդեն  որպես կայացած ռեժիսորի, ազդեցություն կարո՞ղ են ունենալ այլ ռեժիսորներ:

Անշուշտ, կինոոլորտի բոլոր տեսակի նորարարությունները, նոր մտքերն ու մտահաղացումներն ու իրագործումներն ունենում են մեծ ազդեցություն:

Հանդիսատեսի բուռն արձագանքը որևէ ֆիլմի պրեմիերայից հետո ձեզ ոգևորո՞ւմ է, թե արդեն դա սովորական ու բնական է դարձել. ի՞նչ եք զգում այդ ծափերից:

Դա չի կարող դառնալ սովորական, նախ, որովհետև դա միշտ չի լինում և դրան դու սպասում ես անկախ ամեն ինչից՝ մեծ սրտի դողով, նույնիսկ մարմնի դողով սպասում ես, թե ինչպիսի արձագանք կարող է լինել:

Ձեզ որքան ընդունում և սիրում են, այդքան էլ քննադատում են, ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին:

Նորմալ, որովհետև յուրաքանչյուր քննադատություն նաև որոշակիորեն մոտիվացիա է և յուրաքանչյուր մոտիվացիա քեզ ստիպում է տալ նոր արդյունք, այսինք ես սիրում եմ քննադատությունը, բայց ոչ զազրախոսությունը:

Դուք բազմաթիվ հաջողված ֆիլմեր ունեք, իսկ ո՞րն է ամենահարազատը ձեզ համար: Ո՞ր  ֆիլմը ձեզ համար դարձավ ճակատագրական և ձեր այցեքարտը:

Չեմ կարող ասել, որ ֆիլմն է իմ այցեքարտը, որովհետև դա բավականին բարդ է, բայց ինձ համար ամենաջերմն ու ամենահարազատը «Ոչինչ չի մնա» ֆիլմն է, որովհտև ես հասկանում եմ, որ ժամանակ առ ժամանակ երիտասարդ սերունդը, ով չի ապրել այդ ժամանակաշրջանում, կամ նոր է իր համար բացահայտում, այդ ֆիլմը դիտում է, նոր է այդ ջերմ արձագանքն ու վերաբերմունքը, ինձ շատ-շատ հարազատ զգացողություն է պատճառում:

Ո՞րն է ձեր չստացված ֆիլմը, կամ տեսահոլովակը: Կա՞ այդպիսի աշխատանք, որն արել եք, բայց հիմա փոշմանում եք:

Կան ինչ-որ գործեր, որոնք հաջողված չեն, բայց չհաջողված գործերի մասին խոսելն այդքան էլ էական չէ, որովհետ դրանց հետ նաև ժամանակն է հաշտվում և ժամանակը տեղն է գցում: Այսինքն ժամանակի ընթացքում դրանք հենց այդպես էլ մնում են: Եղել են դեպքեր, որ շատ բան չի ստացվել, անհաջող են եղել, շատ բան թափվել են, բայց փոշմանել չկա, որվհետև ոչ մի բանից պետք չէ ափսոսալ: Արվածն արված է, ուրեմն դա այդ պահի անհաջողությունն է եղել, կամ այդ պահի չստացված իրավիճակը:

Հայ դերասաններն ինչո՞ւ են ցանկանում նկարահանվել ձեր ֆիլմերում:

Չգիտեի, որ նման բան կա, շատ-շատ կայֆ զգացուղություն է, որ դերասաներն ուզում են նկարվել ինձ մոտ… Չգիտեմ, երևի իրենցից հարցնեք, ավելի հստակ կասեն, բայց մտածում եմ, որ մեզ մոտ գոնե այդ կինոպռոցեսի ընթացքում դերասանի հետ կարողնում ենք դառնալ միանման ու միավորվել մեկ հոգեբանական խնդրի շուրջ՝ կերտել կերպար ու այդ կերպարի ասելիքը հասցնել հանդիսատեսին:

Քանի որ այսօր տեխնիկական առումով ֆիլմ նկարահանելն ավելի է հեշտացել, շատ ռեժիսորների համար ավելի դյուրին է դարձել մտնել շուկա: Ինչպե՞ս եք գնահատում հայ երիտասարդ ռեժիսորներին, նրանք հայկական կինոն դեպի ո՞ւր են տանում:

Մենք ունենք շատ լավ, հետաքրքիր երիտասարդ ռեժիսորներ, ովքեր կարծում եմ, որ ճիշտ ուղղության վրա են ու հնարավոր է, որ ժամանակի ընթացքում հայկական կինոն հանրահռչակ դարձնեն: Ուղղակի պետք է որոշակի առումով համբերություն ու համառություն և ամեն ինչ լավ կստացվի. իսկապես լավն են մեր երիտասարդները:

Դուք նկարահանել եք «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որտեղ հիմնական դեպքերը Սյունիքում են տեղի ունենում: Ի՞նչ եք զգում այսօր, երբ ունեցանք պատերազմ ու Սյունիքի որոշ տարածքների կորուստ: Մի օր ֆիլմ կնկարահանե՞ք այս դեպքերի մասին:

Մեծ ցավ եմ զգում, որովհետև անասելի ցավոտ է ընկալել, որ մենք պատմությունից դասեր չքաղեցինք, չկարողացանք խնամել մեր երկիրը, մենք չկարողացանք պահել այն, ինչ մեր հայրերի և եղբայրների արյան միջոցով ձեռք էինք բերել։ Մի օր երևի ժամանակը ցույց կտա, տեսնենք…

Ի՞նչ կփոխեիքպատասխանեք այն, ինչ այս պահին ձեր մտքին գալիս է:

Չգիտեմ, պատմության ընթացքը, անարդարությունը… դժվար է ասել, ամեն ինչ կփոխեի:

Հարցազրույցը՝ ԱՆԱՀԻՏ Շահումյանի