Հումորային դերասան լինելու, մասնագիտության, անձնական կյանքի և այլ հարցերի մասին զրուցել ենք դերասան Գարիկ Սեփխանյանի հետ:
Ձեզ բոլորը հումորային հաղորդումներից ու սերիալներից են հիշում, երբևէ մտածե՞լ եք այլ դերերի մասին՝ ավելի լուրջ, դրամատիկ:
Արդեն 12 տարի է ես հումարային կերպարներ եմ խաղում, հումորային սցենարներ ենք գրում։ Այո, կցանկանայի ինչ-որ լուրջ կերպարում հանդես գալ։
Ձեզ պատկերացնու՞մ եք այդպիսի կերպարի մեջ:
Այո, փորձել ամեն դեպքում կարելի է:
Հումորային դերասան լինելը երազա՞նք է եղել, թե՞ պարզապես հանգամանքներն այդ ճանապարհով տարան:
Ճիշտն ասած, ես ինձ ուրիշ ձև չեմ պատկերացրել, այսինքն սովորելու ընթացքում մտածել եմ, որ պետք է հումորի մեջ լինեմ ու այդպես ճակատագիրը բերեց դեպի հումոր:
Երբևէ եղե՞լ է, որ հիասթափվեք ու փոշմանեք, որ այս ոլորտն եք ընտրել:
Հիասթափություններ, այո՛, մեկ-մեկ եղել են: Հիմա էլ կան ու լինում են այդպիսի դեպքեր, բայց հաշվի չենք առնում, հասկանում ենք, որ ժամանակավոր բնույթ է կրում դա, որ նորից ամեն ինչ ընկնելու է իր հունի մեջ։
Այս ոլորտում ասում են իսկական ընկերություն չի ստացվում, որովհետև բոլորն իրար նախանձում են ու իրար չեն սիրում: Սա մի՞ֆ է, թե՞ իրականություն, ի վերջո, այս ոլորտում հնարավո՞ր է ընկերություն անել գործընկերների հետ:
Իրական ընկերներ, իհարկե, կան, որոնց հետ արդեն տարիներով ընկերություն ենք անում ընտանիքներով: Բայց նախանձ, մնացած շատ վատ բաներ էլ կան, որ այս ասպարեզում գոյություն ունեն։ Կողքից նայելով մարդիկ կարող է չիմանան, բայց երբ դու ներսում ես, դա արդեն զգացվում է։
Ո՞ր նախագիծը կամ դերը բեկում մտցրեց ձեր կյանքում:
Ինչ-որ բեկումային դեր չեմ ունեցել։ Բոլոր դերերն էլ սիրում եմ, բայց էնպիսի դեր չի եղել, որ ես այդ դերի տակ մնամ ու իմ կյանքում ինչ-որ բան փոխվի: Ես ոնց կամ ծնված օրվանից, այդպիսին եմ։
Եթե չեմ սխալվում, դուք նաև միջոցառումների հանդիսավար եք, ինչո՞ւ սկսեցիք նաև այդ գործով զբաղվել։
Այն, ինչով մենք զբաղվում ենք հեռուստատեսությունում, հնարավոր է մարդիկ կողքից նայեն և մտածեն, որ մենք այնտեղ միլիոններ ենք աշխատում, բայց իրականում էդպես չէ։ Կողքից՝ որպես եկամտի աղբյուր, մեզնից շատերը փորձում են ինչ-որ մի ձև գումար վաստակել: Դա էլ այդ միջոցներից մեկն է, որ կարողանում ենք եկամուտ ունենալ, որովհետեւ աշխատավարձով չես կարող ապրել այնպես, ինչպես կուզեիր:
Գիտեմ, որ ցանկացած որոշում կայացնելիս սիրում եք երկար ծանր ու թեթև անել, դա երբեմն չի՞ խանգարում:
Ոչ, այս գործի մեջ ու ընդհանրապես կյանքում պետք է ամեն ինչ երկար մտածել, գցել-բռնել, նոր վերջնական քայլի գնալ: Երբեք չի խանգարում երկար մտածելը։
Հեռուստաեթերում, որի մի մասը նաև դուք եք, ի՞նչը կփոխեիք, այն, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ինչը՞ դուր չի գալիս ձեզ։
Ինձ հետ կապված դա մի քիչ նեղ մասնագիտական է։ Այո, կան ինչ-որ բաներ, որ անում ես ուղղակի անելու համար: Հնարավոր է նաև դու չես ուզում անել դա, բայց պետք է էդպես լինի: Դրա համար բաներ կան, որոնք կարելի էր փոխել, բայց ես չեմ ցանկանում բարձրաձայնել, որովհետև դա մասնագիտական է։
Մասնագիտությունից անցում կատարենք անձնականին. եթե չեմ սխալվում ձեր կինը լրագրող է, ինչպե՞ս է ստացվում լրագրողի ու դերասանի համատեղ կյանքը:
Դժվար։ Իրականում իմ կինը կուրսեցիս է եղել։ Մենք նույն մասնագիտությունն ենք սովորել՝ ռեժիսուրա: Հետո ինքը շարունակել է ուսումը ռեժիսուրայի լրագրության ճուղով, այնպես որ ինքն էլ է տեղյակ իմ մասնագիտությունից։ Կարողանում ենք համատեղել, համակերպվել այդ մտքի հետ։ Շատ դժգոհություններ չեն լինում։
Մասնագիտությունը երբևէ խանգարո՞ւմ է անձնականին:
Լինում են դեպքեր, որ խանգարում է։ Երբ դու արդեն դառնում ես հանրային դեմք, բոլորը քեզ ճանաչում են, սկզբում հաճելի է, հետո սկսում է քիչ-քիչ նյարդայնացնել, չնայած ես իմ հետևորդներին, երկրպագուներին շատ սիրում ու հարգում եմ, նաև ինձ ճանաչողներին, ովքեր թեկուզ կարող են ժպտալ և անցնել, դա ինձ համար աշխարհի անենակարևոր բաներից մեկն է։ Նաև լինում են դեպքեր, երբ դու ուզում ես ինչ-որ մի բան աննկատ անել, բայց դա չի ստացվում, դա խանգարում է։
Ինչի՞ համար եք ափսոսում:
Ափսոսում եմ ճիշտ չանցկացրած ժամանակի համար։ Ինձ համար ամենաթանկ բանը կյանքում ժամանակն է, չպետք է ժամանակն անիմաստ ծախսել ինչ-որ բաների վրա։ Իմ կյանքում եղել են պահեր, երբ անիմաստ ժամանակ եմ ծախսել ու ափսոսում եմ դրա համար, կարելի էր ավելի արդյունավետ բանով զբաղվել։
Ցավոք սրտի, համավարակի և պատերազմի պատճառով շատ արվեստի գործիչներ չկարողացան իրենց կյանքն այլևս Հայաստանում պատկերացնել և գնացին այլ երկրներ բնակություն հաստատելու: Ի՞նչը ձեզ կարող է ստիպել արտագաղթել և նման միտք երբևէ ունեցե՞լ եք:
Անկեղծ ասած`ես այս համավարակի ժամանակ չեմ մտածել երկրից դուրս գալու մասին, հակառակը՝ քանի որ մեր ասպարեզում կյանքը մի տարի մահացավ, ես սկսեցի զբաղվել ուրիշ աշխատանքով, բիզնես բացեցի, սկսեցի աշխատել ու համատեղել իմ աշխատանքի հետ և հիմա գոհ եմ։ Տարվա մեջ մի քանի անգամ ես գնում-գալիս եմ, նույնիսկ ամիսներով մնում եմ, բայց որ մշտական բնակվեմ արտասահմանում՝ չեմ պատկերացնում։ Հնարավոր է ինչ-որ տարիք գա, որ ուզենամ գնալ, բայց հիմա դեռ չէ:
Իմ վերջին հարցը. Ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում և շրջապատում:
Ես գոհ եմ իմ կյանքից։ Մեքենաս կուզեի փոխել, նորը վերցնել: Չէ, անկեղծ ասած ինձ դուր է գալիս իմ կյաքը: Գուցե լինեին ինչ-որ բաներ, որ կցանկանայի այդպես չլիներ. նյութականի մասին է խոսքը, բայց ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կլուծվի։
Հարցազրույցը՝ ԼՈՒՍԻՆԵ Սահակյանի