Կյանքի, երազանքների, հիասթափությունների և այլ հարցերի մասին զրուցել ենք դերասան Լեռնիկ Հարությունյանի հետ:
Ինչպե՞ս է անցել ձեր մանկությունը, որտե՞ղ, և այն ինչ հետք է թողել ձեր կյանքում:
Մանկությունս անցել է գեղատեսիլ Տավուշում, իսկ ամենամաքուր ու անկեղծ հիշողություններս կապված են հենց մանկությանս տարիների անշահախնդիր ընկերներիս հետ, և այդ տարիներն են հենց ինձ ձևավորել որպես մարդ, և հենց դա է նրա թողած հետքը իմ կյանքում:
Ինչո՞ւ դերասանի մասնագիտություն, դա երազա՞նք էր, թե՞ ուղղակի այդպես ստացվեց:
Երազանք չի եղել, երազել եմ ուրիշ մասնագիտության մասին, բայց մի փոքրիկ դիպվածի պատճառով մտքափոխվեցի, դա գուցե զավեշտ էր, կամ ճակատագիր: Դպրոցի ուսուցչուհիս ինձ նմանեցրեց Ալեն Դելոնին և ինքս ինձ հարց տվեցի՝ իսկ ինչո՞ւ չնմանվեմ իդիալին:
Ինչպե՞ս սկսվեց ձեր մասնագիտական ճանապարհը, ո՞ր դերը ձեզ համար դարձավ ճակատագրական և հայտնիություն բերեց:
Առաջին քայլն այն էր, որ ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ չպատկերացնելով ինչ դժվարին ճանապարհ եմ անցնելու: Դժվարություններից մերթընդմերթ ընկճվում էի, բայց երբեք չեմ հիասթափվել, չեմ ընկրկել, պայքարել և հաղթահարել եմ: Այդ տարիներին էլ փոքրիկ դերակատարումներ եմ ունեցել, ինձ խոչընդոտել են իմ կոմպլեքսները, իսկ երբ ինստիտուտի ավարտական քննություններից հետո հրավիրեցին Գաբրիլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, կոմպլեքսներս իրենց տեղը զիջեցին ինքնավստահությանը և հիմա լուրջ եմ վերաբերվում ինձ հանձնարարած անգամ փոքրիկ դերերին՝ հասցնելով պրոֆեսիոնալիզմի:
Ձեր հաջողություներով, վստահ եմ, այսօր հպարտանում են ձեր հարազատնները: Իսկ երբ նոր էիք ընտրում այս ճանապարհը, աջակցո՞ւմ էի, թե՞ դեմ էին:
Հարազատններս թերահավատորեն էին մոտենում այս հարցին, քանի որ շատ կարճ ժամանակ էր մնացել պատրաստվելու ընդունելությանը, ես նույնպես վստահ չէի բայց նպատակս մեծ ուժ էր տալիս ինձ: Գուցե ճակատագիր էր, որ պետք է դառնամ դերասան, իսկ հարազատներս այսօր և՛ հպարտանում են ինձանով, և՛ դեմ չեն գնում որոշումններիս:
Ի՞նչ կարգախոսով է առաջ շարժվում Լեռնիկ Հարությունյանը:
Ընդհանրապես դերասանական կարգախոսս այն է, որ դերդ այնպես պրոֆեսիոնալ մատուցես, որ ստացվի խաբկանքի միջոցով հավատացնելը:
Կա՞ն դերեր, որոնք նպաստել են ձեր մտածելակերպի ձևավորման վրա:
Ակամայից բոլոր դերերն էլ ազդում են քեզ վրա, որովհետև այնքան ես աշխատում մտնել կերպարի մեջ, որպեսզի կարողանաս ճիշտ մատուցել և բավականին ժամանակ է պահանջվում, որ կարողանաս դուրս գալ: Հենց այդ ընթացքում է փոխվում մեր մտածելակերպը, բայց գիտակցաբար աշխատում ենք վերցնել լավը:
Ձեր խաղացած դերերից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ, և ի՞նչ դեր կուզեիք խաղալ
Եթե դերը հոգեհարազատ չի լինում, չեմ էլ ընդունում, իսկ եթե ընդունում եմ, խաղում եմ հոգով և սիրով: ՈՒ երազած կերպարս Հուլիոս Կեսարն է, չնայած ոչ թե երազում եմ, այլ կուզեի խաղալ:
Եթե չընտրեիք այս ճանապարհը, հիմա որտեղ կլինեիք ու ո՞ր ոլորտում:
Ինձ թվում է երաժշտության մեջ կլինեի, որովհետև ինքնուս երաժիշտ եմ, նույնիսկ կարող եմ ասել, որ երաժշտությունն իմ հոբբին է:
Այսօր շատ դերասաններ քաղաքականությամբ են զբաղվում: Հնարավո՞ր է մի օր էլ ձեզ այդ ոլորտում տեսնենք:
Ամեն մարդ պետք է ինքն իր գործով զբաղվի, ես ինձ չեմ տեսնում քաղաքականության մեջ, դա իմ գործը չէ:
Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ինչ կփոխեիք ձեր կյանքում:
Ոչինչ չէի փոխի, ես գոհ եմ ինձ բաժին հասած ճակատագրից:
Ինչ խորհուրդ կտաք սկսնակ դերասաններին:
Կարդալ, կարդալ, կարդալ:
Ի՞նչ երազանք ունի Լեռնիկ Հարությունյանը:
Անձնական կյանքում և ողջ հայ ժողովրդին խաղաղություն եմ ցանկանում, ապրենք, արարենք խաղաղ հայրենիքում:
Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ Վարդանյանի