Պետք է հրաժարվես քո երջանկություններից հանուն ավելի մեծ գաղափարների. Դավիթ Հակոբյան

Զրուցել ենք դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի հետ:

Ասում են դերասանի աշխատանքը շատ դժվար, երբեմն էլ նաև անշնորհակալ, դուք ինչպե՞ս եք անցնում ձեր մասնագիտական ժանապարհը։

Ամբողջ կյանքս սովորել եմ, շարունակում եմ սովորել։ Ամբողջ կյանքս աշխատել եմ և շարունակում եմ աշխատել։ Այո՛, դժվար աշխատանք է։ Շատերին  թվում է, թե հեշտ է, բայց իրականում շատ դժվար բան է։ Չէի ասի, թե անշնորհակալ է։ Դահլիճում միշտ մի քանի հոգի լինում են, որ քեզանից գոհ են։ Ու, եթե նույնիսկ մեկ հոգի է շնորհակալ, դու գործդ արել ես։

Երբևէ եղե՞լ են հիասթափություններ, որոնք ինչ-որ պահի ստիպել են մտածել, որ ընտրությունը սխալ էր ու պետք է հետ կանգնել ընտրած աշխատանքից։

Ինչպես ասում են` վա՜յ էն մարդուն, ով երբեք չի կասկածում իր ընտրած ճանապարհի վրա, որովհետև տարբեր տարիքում կարծիքդ փոխվում է՝ աշխարհի, աշխարհայացքի, մասնագիտությունների, քո ունեցած հնարավորությունների մասին։ Հիասթափություններ էլ անկասկած եղել են։ Միշտ չէ, որ հարմար է միջավայրը՝ կապված թե՛ թատրոնի, թե՛ դերասանի հետ։ Բայց դա էլ մեր կյանքն է և պետք է այն հաղթահարել։

Ինչպե՞ս եք վարվում, երբ ընտրության առաջ եք կանգնում ՝ երկու կարևոր բաների միջև։

Նայած, թե դրանք ինչ կարևորություն ունեն ինձ համար։ Պետք է գտնել այնպիսի ձևեր, որ կարողանաս և՛ քո սիրելի գործով զբաղվել, և՛ ընտանիքիդ առջև մեղքի զգացում չունենալ։ Մարդու կյանքում երբեմն լինում են փոքրիկ երջանկություններ, որոնք, եթե ցավ են պատճառում ընտանիքիդ, մտերիմներիդ, պետք է հրաժարվես, էստեղ ընտրության հարց չկա։ Պետք է հրաժարվես քո երջանկություններից  հանուն ավելի մեծ գաղափարների։

Թատրո՞ն,թե՞ կինո, որն է ավելի շատ Ձերը։

Կինոն ինձ մի քիչ ուշ սիրեց, կարելի է և էդպես ասել։ Կինոն և թատրոնը դերասանի համար տարբեր արվեստներ են, որովհետև պահանջում են տարբեր գործիքակազմ։ Ես երկու տեղում էլ ինձ շատ լավ եմ զգում, բայց գերագույն հաճույք ստանում եմ, իհարկե, թատրոնում։

Մասնագիտությամբ նաև ռեժիսոր եք, վերհիշելով ձեր անցած ճանապարհը՝ և՛ ներկա, և՛ անցյալ, մի օր կցանկանա՞ք բեմադրել հենց ձեր կյանքը, և ձեր կյանքում հատկապես ո՞ր դրվագը կկարևորեք։

Ոչ։ Իմ կյանքը եկեք թողնենք հանգիստ, այն երևի ոչ մեկին հետաքրքիր չէ։ Դա իմ կյանքն է, և ես չեմ ցանկանա, որ որևէ մեկը զբաղվեր իմ կյանքի խնդիրներով։ Բայց ինչ-որ բեմադրել եմ, վերջին հաշվով իմ մտածմունքների հետևանքն է։ Դա իմ մանկության հուշերն ու լսած պատմություններն են, իմ կիսատ թողած պատմությունը, իմ կիսատ թողած հայրենիքի պատմությունները։ Վերջին վաշվով ինչ բեմադրում եմ, նույնպես իմ մասին են։

Եթե ոչ դերասանի մասնագիտությունը, ապա  ո՞ր մասնագիտությունը կլիներ Ձերը։

Ժամանակին մտածել եմ այդ մասին։ Ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ երազել եմ դառնալ դերասան։ Դպրոցում  շատ լավ մաթեմատիկա, ֆիզիկա եմ սովորել, նույնիսկ ընկերներիս հետ ֆիզմաթ դպրոցում քննություն եմ հանձնել։ Մի պահ նույնիսկ մտածում էի, որ կարող եմ նաև զինվորական լինել, հայ զինվորական, հայի զինվորական, Հայաստանի զինվորական, բայց չստացվեց։

Հատկապես վերջին տարիներին ֆիլմերում Ձեր խաղընկերները երիտասարդներ են, հե՞շտ  է նրանց հետ: Միայն նրանք Ձեզանից սովորելու բան ունեն, թե՞ դուք էլ նրանցից։

Այո, նկարահանվում եմ թե՛ սկսնակների հետ, թե՛ արդեն փորձառու երիտասանդների հետ։ Գերագույն հաճույքով եմ աշխատում շատերի հետ։ Եվ չեմ թաքցնի…Ես էլ անդադար նրանցից եմ սովորում, որովհետև երտասարդներն ի տարբերություն մեզ՝ ունեն հնարավորություն դեռևս 30-40 տարի հետոն էլ տեսնելու, որը ես նույնիսկ երազել չեմ կարող և փորձում եմ նրանց միջոցով դա տեսնել։

Եվ վերջում, ի՞նչ հարց եք հաճախ ինքներդ ձեզ տալիս, որի պատասխանը դեռ այդպես էլ չեք գտել։

Մեր կյանքն ինքնին բաղկացած է հարցերից։ Ծնված օրվանից հարցնում ենք՝ սա ի՞նչ է, նա ի՞նչ է… Թվում է, թե շատ հարցերի պատասխան իմացանք, բայց երևի կմահանանք Էդպես էլ չհասկանալով՝ վերջին հաշվով սա ի՞նչ էր։

Հարցազրույցը՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ  Զալիբեկյանի