
Citylife.am-ի զրուցակիցը թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանն է:
Ինչո՞ւ հենց դարասանություն:
Դեռ փոքր տարիքից է այս մասնագիտությունն ինձ համար երազանք եղել: Բժշկությունն էլ էի սիրում, ոստիկանի աշխատանքն էլ, բայց հաղթեց դերասանությունը, արվեստը, մշակույթը, որոնք իմ կյանքում առանձնահատուկ տեղ են գրավում:
Կա՞ այլ մասնագիտություն, որով կզբաղվեիք, եթե չընտրեիք դերասանի մասնագիտությունը:
Շատ կուզեի մեծ ընտանիք ունենալ, շատ երեխաներ, որոնց դաստիարակությամբ կզբաղվեի: Քիչ առաջ ասացի, որ բժշկությունն եմ շատ սիրել, բայց խիղճս չափաբաժնից ավելի շատ էր, դրա համար այդ աշխատանքի մեջ ինձ համար դժվար կլիներ: Դե, երևի ընթացքի ժամանակ կյանքի մարդը կարող էր այլ կերպ կողմնորոշվել, հիմա արդեն ուշ է այդ մասին խոսելու համար:
Դուք բազմաթիվ կերպարներ եք կերտել, ձեզ համար ո՞րն է եղել ամենասիրելի կերպարը:
Ինձ համար բոլոր կերպարները հարազատ ու սիրելի են, չկա մեծ կամ փոքր դեր: Նույնիսկ հիշում եմ, որ Լեննականի (այժմ Գյումրի) թատրոնում դպրոցական ժամանակ էլ եմ խաղացել ու մինչև հիմա հիշում եմ այդ դերի տեքստը: Ինձ համար բոլորն էլ հարազատ ու սիրելի են կերպարներ են եղել, բայց ես նախընտրում են տրագիկոմեդիան:

Եղե՞լ են կերպարներ, որոնք ձեզ դուր չեն եկել, բայց այս կամ այն պատճառով համաձայնել եք խաղալ:
Սերիալներում կամ ֆիլմերում խաղալու առաջարկների դեպքում, երբ զգացել եմ, որ սցենարն այն չէ, կամ ռեժիսորը, ես հրաժարվել եմ: Ինչ վերաբերում է թատրոնին՝ ինձ համար կարևորը թատրոնն է, որտեղ ոչ մի դերից կյանքում չեմ հրաժարվել: Ինչ տվել են, ես մեծ հաճույքով եմ խաղացել, որովհետև ինձ համար ամենակարևորն իմ աշխատանքի վայրն է:
Դուք կենդանասեր եք, ի՞նչ տեղ ունեն նրանք ձեր կյանքում:
Ինձ թվում է, որ մարդն առանց կենդանիներին սիրելու չի կարող ապրել: Իհարկե, կան մարդիկ, ովքեր կենդանիներին չեն սիրում, և ես նրանց մարդ չեմ համարում, որովհետև կենդանի սիրելը ցույց է տալիս նաև մարդու խիղճը: Եթե մարդու ներսը դատարկ է, նա միայն ապրում է ուտելու, չարախոսելու և ուրիշների կյանքով ապրելու համար… ես նրանց մարդ չեմ համարում: Երբ կենդանիներին կերակրում եմ, ուշադրություն դարձնում, դրանով ես ինձ շատ ավելի լավ եմ զգում:
Երբեմն ասում են, որ կենդանիներն ավելի հավատարիմ են, մարդասեր, քան հենց մարդիկ, դուք ինչպե՞ս եք մտածում:
Փաստ է, որ կենդանիներից ավելի հավատարիմ էակ չկա: Հազարից մի մարդ կարող է հավատարիմ լինել իր խոսքին, կամ գնահատել դիմացինին, իսկ կենդանիները բոլորն են հավատարիմ:

Մասնագիտական կյանքը կարծես ձեզ մոտ հաջողել է, իսկ անձնական՞ը, չե՞ք ափսոսում արածների կամ չարածների համար:
Ինչպես ասում են՝ արածների համար պետք չէ ափսոսալ, այլ հակառակը՝ պետք է ափսոսալ չարածների համար: Երևի բոլորի կյանքում էլ լինում են բաներ, որ անում են, բայց հետո մտածում՝ եթե այսպես չանեի, այնպես վարվեի, ճիշտ կլիներ, բայց ի՞նչ գիտենք ճակատագիրն ինչ է լինելու: Ոչ մի բանի համար երաշխիք չկա, ինչ-որ Աստված տալիս է, ճակատիդ գրված է, չնայած մարդիկ էլ մեծ պատասխանատվություն ունեն իրենց կյանքի համար:
Ինչի՞ մասին եք երազում:
Երազելը մի քիչ մանկական է հնչում, բայց ցանկացած տարիքում էլ մարդ պետք է երազի, թե չէ կյանքը մարդու համար կվերջանա: Ուղղակի ինձ թվում է, որ երազանքներն այդպես էլ երազանք են մնում ու չեն իրականանում: Երևի պետք է նպատակներ ունենալ, իսկ իմ նպատակը փոքր տնակ ունենալն է, որտեղ դրսի կենդանիներին կհավաքեմ շուրջս:
Վերջում ուզում եմ հայ ժողովրդին մաղթել, որ ամեն ինչ կարգավորվի, թող լույս դառնան մեր զինվորների հոգիները, իսկ մեր ծառայող զինվորներն ու գերիները թող տուն վերադառնան, որ բոլոր մայրերը կարողանան ավելի հանգիստ լինել: Ես մեր ժողովրդի համար հաղթանակ ու լուսավոր ապագա եմ ցանկանում:
Հարցազրույցը՝ ՄԱԿԻՉ Կարապետյանի
