Ամենամեծ ձեռքբերումն իմ կյանքում տղաս է, ընտանիքս. Անի Քոչարյան

Մասնագիտության, երազանքների և այլ հարցերի մասին զրուցել ենք դերասանուհի Անի Քոչարյանի հետ:

Ինչո՞ւ դերասանուհի, այս մասնագիտությունը ձեր երազա՞նքն էր, թե՞ հանգամանքների բերումով ստացվեց:

Որպես այդպիսին երազանք չի եղել, կարծում եմ՝ ստացվեց, շատ էի ցանկանում և ուղղակի ստացվեց։

Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում. եթե ընտրության առաջ կանգնեիք, ո՞րը կընտրեիք:

Երկուսն էլ շատ սիրում եմ, և՛ թատրոնը, և՛ էկրանը, բայց բնականաբար թատրոնը՝ բեմը։

Կարողանո՞ւմ եք Ձեզ երբեմն կողքից նայել, ինչպիսի՞ն եք դուք Ձեր աչքերով՝ հե՞շտ է Ձեզ հետ:

Չեմ կարող ինձ կողքից նայել, պատկերացում անգամ չունեմ՝ ինչպիսին եմ ես: Իսկ ինձ հետ հե՞շտ է, թե՝ ոչ, դրա պատասխանը, ես չէ, որ պետք է տամ, այլ պետք է տան ինձ շրջապատող մարդիկ։

Իսկ ի՞նչն է ձեր մեջ Ձեզ ամենից շատը դուր գալիս։

Շատ բաներ կան (ժպտում է…), որ ինձ դուր են գալիս, իհարկե, կան նաև շատ բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց բնավորությանս մեջ շատ սիրում եմ անկեղծությունը, չեմ կարողանում կեղծել, դա ինձ դուր է գալիս։

Իսկ ձեր շրջապատում մյուս մարդկանց մեջ ո՞ր հատկանիշներն եք կարևորում:

Կրկին անկեղծությունը։

Կա՞ն քայլեր, որոնց համար ափսոսում եք, որ արել եք, կամ չեք արել:

Բնականաբար, որևէ քայլի համար չեմ ափսոսում, որովհետև դրանք եղել են իմ քայլերը, դրանք եղել են իմ ընտրությունները, և դրանք ի սկզբանե օգնել են ինձ հետագա կյանքում: Եթե նույնիսկ դրանք սխալ են եղել, ես դրանց վրա կարողացել եմ սովորել, կայանալ։

Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե չլիներ դերասանությունը:

Կարծում եմ, կերգեի։

Որո՞նք են ձեր ամենամեծ ձեռքբերումները՝ թե՛ անձնական, թե՛ գործնական:

Ամենամեծ ձեռքբերումն իմ կյանքում տղաս է, իմ ընտանիքը։

Կա՞ն կերպարներ, որոնց մասին միշտ երազել եք, բայց այդպես էլ չեք խաղացել:

Երազանքներ, ի սկզբանե, չեմ ունեցել և փորձում եմ չունենալ։

Իսկ ընդհանրապես ի՞նչ երազանքներ ունի Անի Քոչարյանը՝ որպես հայ, մայր և որպես դերասանուհի:

Երազում եմ, որ խաղաղություն լինի և երբևէ պատերազմ չլինի, երազանքս դա է: Նաև շատ եմ ուզում, որ առողջ ապրենք։

Հարցազրույցը՝ ՍԻՄՈՆ Քահվջյանի