Գրիշա Աղախանյանի հաղորդավարական դպրոցը՝ Աբելյան արվեստի դպրոցի հետ համատեղ՝ Երևանում, Գյումրիում, Արմավիրում և Վանաձորում՝ սեպտեմբեր ամսից

Աբելյան արվեստի դպրոցում շուտով կվերաբացվի հաղորդավարական բաժինը, որն այս տարիների ընթացքում հայկական հեռուստառադիոեթերին մի շարք տաղանդավոր հաղորդավարներ է տվել: Բաժինն այս անգամ Աբելյան արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն Աբել Աբելյանը կբացի հայտնի ու սիրված հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանի հետ համատեղ:

Դպրոցում նորից հաղորդավարություն դասավանդելու միտքը հասունացավ արվեստի գործիչների ծանոթության, ապա ընկերության հաստատման արդյունքում. «Տարիներ առաջ, երբ հիմնեցինք Աբելյան արվեստի դպրոցը, մեր առաջին ու միակ բաժինը հաղորդավարությունն էր, որն ավարտեցին այսօր մեր ասպարեզում արդեն հայտնի շատ երիտասարդներ ու հաջողություններ գրանցեցին։ Մեր դպրոցն այս ոլորտում արդեն հաջողել է, իսկ Գրիշա Աղախանյանն ունի այն մեծ փորձն ու գիտելիքները, որոնք կարող է եկող սերնդին փոխանցել: Տարբեր զրույցների արդյունքում հասկացանք, որ համատեղ ուժերով կարող ենք մեծ արդյունքի հասնել ու որոշեցինք միասին վերաբացել հաղորդավարական բաժինը»,- նշում է Աբել Աբելյանը:

Դպրոցն ուսանողներին հնարավորություն է տալու կարճ ժամանակահատվածում ստանալ պրակտիկ հաղորդավարական գիտելիքներ ու հմտություններ և ոլորտում լինել մրցունակ. «Մեր ուսանողներն անցնելու են ամենատարբեր առարկաներ, որոնք իրենց գործունեության ընթացքում նրանց կօգնեն լինել ավելի հետաքրքիր և եթերային: Անցկացնելու ենք խոսքի վարպետություն, հաղորդավարություն, լրատվական հաղորդումների հաղորդավարություն, դերասանի վարպետություն, որն այն ժամանակ չկար, հոգեբանություն, էթիկա, նաև մտածում ենք ոճաբանություն առարկայի մասին: Սրանք այն հմտություններն են, որոնք մեկ տարվա ընթացքում ուսանողին տալու են այն ամենը, ինչ պետք է հաղորդավար դառնալու համար»:

Իսկ այս բաժնում ուսանողները սովորելու են երկու տարիքային խմբում՝ 7-11 տարեկանների և 12-ից բարձր տարիք ունեցողների: Դասախոսներն էլ, ովքեր դասավանդելու են, լինելու են իրենց ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր ունեն մեծ փորձառություն ու պրոֆեսիոնալիզմ. «Մեր տարիների աշխատանքն ու արդյունքներն են վկայում այն մասին, որ մենք պատրաստում ենք մասնագետներ, մենք մեր ուսանողներին կարճ ժամանակահատվածում կարողանում ենք տալ գիտելիքներ իրենց նպատակին հասնելու համար»: Իր գիտելիքներով ու փորձով նոր սերնդի հետ կիսվել Գրիշա Աղախանյանը վաղուց է ցանկացել, սակայն ցանկությունն այդպես էլ չի հասունացել ու իրականություն չի դարձել մինչ այս պահը, իսկ հիմա վստահ է, որ ճիշտ ժամանակն է ավելի քան երեք տասնամյակ կուտակած փորձը երիտասարդներին փոխանցելու. «Մեր ընկերությունն արդյունավետ էր նաև այս առումով, խոսակցությունների ու քննարկումների ընթացքում հասանք այն եզրակետին, որ որոշեցինք համատեղ բացել այդ բաժինը»:

Կարևորը եթերային ազատությունն է, որ սովորեցնելու են մեր ուսանողներին. նշում է Գրիշա Աղախանյանը և հավելում, որ եթերում պետք է բնական ու անկեղծ լինել. «Ես 32 տարվա փորձ ունեմ, որի ընթացքում բավականին երկար ժամանակ ապրել եմ ԱՄՆ-ում և հետևելով իրենց փորձին՝ հասկացել եմ, որ մեզ, մեր հեռուստաեթերին ազատությունն ու անմիջականությունն է պակասում. «Տաղանդի հետ մեկտեղ հաղորդավարը, շոումենը նաև ազատություն պետք է ունենա, որն օգնում է բեմում: Երևի մեր ազգային առանձնահատկությունների մեջ է այդ կաշկանդվածությունը, որը եթերում խանգարում է, իսկ հաղորդավարը պետք չէ շրջանակի մեջ լինել: Ես անցել եմ այդ ճանապարհը, ինձ խանգարել է, հիմա մենք լավ երիտասարդներ ունենք, ովքեր տաղանդավոր են, բայց կոմպլեքսներ ունեն, և մենք աշխատելու ենք վերացնել դրանք»:

Հաղորդավար դառնալու համար կարևոր է նաև հմայքը, իսկ Աբելյան արվեստի դպրոցում Գրիշա Աղախանյանը կփորձի բացահայտել ուսանողների ներքին խարիզման և սովորեցնել նրանց ինչպես բեմում ճիշտ ցույց տալ տաղանդն ու բոլոր այն հմտությունները, որոնք ունեն ապագա հաղորդավարները. «Այսօր հաղորդավար դառնալ ցանկացողներն արդեն ունեն հնարավորություն և այս ոլորտում կրթություն ստանալու վայր կա, որը ժամանակին մենք չենք ունեցել և ստիպված ենք եղել միայնակ անցնել այդ ճանապարհը: Ես ցանկանում եմ մեր երիտասարդներին տալ այն ամենը, ինչը մեր ժամանակ կուզեի, որ լիներ»:

Աբելյան արվեստի դպրոցի բոլոր մասնաճյուղերում ընդունելության համար հայտերն ընդունվելու են սեպտեմբեր ամսից: