Հայաստանի կառավարությունը վարում է նախորդներից արմատապես տարբերվող քաղաքականություն. Սմբատ Ղահրամանյան

Citylife.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, ՀՀ ՊԿԱ շրջանավարտ, քաղաքագիտության մագիստրոս Սմբատ Ղահրամանյանը ում հետ զրուցել ենք ներկայիս քաղաքական իրավիճակից։

Citylife.am- Մեկ տարի անց՝ հեղափուխությունից հետո, երկրում կան տեսանելի փոփոխություններ, սակայն հայ ժողովուրդը կրկին դժգոհում է ներկայիս քաղաքականությունից։ Դուք, որպես քաղաքագետ, ի՞նչ մեկնաբանություն կտաք երկրում տիրող այս լարված իրավիճակին։

Սմբատ- Ես կխուսափեի երկրում ստեղծված իրավիճակը գնահատել որպես “լարված”, ես ավելի շատ այն կանվանեի ակտիվ քաղաքական, գուցե դասական իմաստով՝ նորմայից մի փոքր բարձր, բայց ոչ լարված:
Ինչ վերաբերում է նրան, թե ժողովուրդը կրկին դժգոհ է, ապա պետք է ասեմ, որ ժողովուրդը երբեք չի կարող 100%-ով գոհ լինել իշխանությունների վարած քաղաքականությունից, որովհետև այդպես երբեք որևէ երկրում ու առհասարակ պատմության մեջ չի եղել: Միշտ կան մարդիկ, խմբեր, որոնք ինչ ինչ քայլերից դժգոհ լինեն, սակայն մեր դեպքում իրավիճակը փոքր ինչ այլ է՝ մեզանում կան խմբեր ու գործիչներ, որոնք հասարակության շրջանում միտումնավոր փորձում են ստեղծել մթնոլորտ, որ երկրում հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել: Դա առերևույթ երևում է օրինակ սոցիալական ցանցերում տարբեր մանիպուլյացիոն լուսանկարներով ու գրառումներով: Սակայն ի ուրախություն մեզ, մարդկանց գիտակցությունը այլևս հնարավոր չէ մանիպուլացնել, որովհետև նրանք հստակ տեսնում են ինչ է փոխվել և ինչ չի փոխվել:

Citylife.am- Կարծես մենք բողոքական ազգ ենք և միշտ մի բան գտնում ենք բողոքելու համար, ըստ Ձեզ մեզ ինչպիսի՞ քաղաքական համակարգ և պետություն է պետք, որպեսզի մարդիկ գոհ լինեն։

Սմբատ- Բողոքական հոգեմտավոր կառուցվածքով կամ բնավորությամբ, այո ձեզ հետ չեմ կարող չհամաձայնվել: Կարծում ենք այսօր մեր պետությունը ապրում է իր պատմության ամենահետաքրքիր ու վճռական պահերից մեկը: Իմ բնորոշմամբ այն ոչ այնքան խնդիրների ու մարտահրավերների, որքան դրանց լուծումները գտնելու ու հնարավորություններ ստեղծելու մասին է: Քաղաքական համակարգի առումով, անկասկած այսօր դասական բազմակուսակցական համակարգը սկսում է գործառնել, որն ի դեպ նախկինում միայն գործում էր դե յուրե: Ստեղծվում են նոր կուսակցություններ, չնայած նրան, որ հերթական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա: Քաղաքական գործընթացները իրենց բնական հունով ընթանում են և չեմ կարծում, որ կարելի է սպասել արտահերթ որևէ զարգացման կամ նմանատիպ սցենարի: Իմ խորին համոզմամբ ընդհամենը 5 տարի հետո մենք կունենանք բոլորովին ուրիշ պետություն ու այլ որակի հասարակություն:

Citylife.am- Այսօր քաղաքականությունը յուրքանչյուրի բնակարանում է, մարդիկ սոց. ցանցերում տարբեր գրառումնր են կատարում և կարծես բոլորը գաղափար ունեն քաղաքականությունից, ի՞նչ կասեք այս մասին, ինչու՞ է հայ ժողովորւդն այսչափ քաղաքականացված։

Սմբատ- Քաղաքականացված ենք բնական մակարդակի կամ գուցե առավել շատ, բայց ես դրանում խնդիր չեմ տեսնում: Մասնագիտական տեսանկյունից պետք է նշեմ, որ քաղաքականացված են լինում այն հասարակությունները, որտեղ սոցիալ-տնտեսական խնդիրները շատ են, որտեղ քաղաքական զարգացման ճգնաժամերը և ժողովրդավարական անցումները չեն ավարտվում: Այս տեսակետից, մենք ունիկալ չենք: Գուցե շատերը զարմանան, բայց քաղաքականացված հասարակությունը առավել ուշիմ, ողջախոհ ու ադեկվադ է այն խնդիրերին ու մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած է ինքը և պետությունը: Դրա համար սա պետք է տեսնել պարզապես քաղաքացիական հասարակության, պետության զարգացման փուլերի համատեքստում:

Citylife.am- Դուք, որպես քաղաքագետ, ի՞նչ գնահատական կտաք մեր երկրի ներկայիս իրավիճակին, ի՞նչ ակնկալել իշխող կառավարությունից։

Սմբատ- Ձեր թույլտվությամբ մի փոքր շտկում: Ոչ թե իշխող կառավարություն, այլ թիմ կամ ուղղակի պարզապես կառավարող կուսակցություն կամ գործող կառավարություն: Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը վարում է նախորդներից արմատապես տարբերվող քաղաքականություն: Սա ի դեպ, վերաբերում է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությանը: Որպես կանոն հեղափոխություններից հետո նոր դերակատարները կազմաքանդում են նախկին համակարգը և ուրվագծում նորը: Մենք կարծես թե արդեն մոտենում ենք այս փուլի եզրափակիչ ակորդին, որից հետո սկսվում է պետական շինարարարության լայնածավալ ու երկարաժամկետ շրջանը: Կան իհարկե մի շարք բացթողումներ, բայց առանձին ճյուղային նախարարությունների մասով կարող եմ հստակ նշել, որ մեր երկրի տվյալ ոլորտները նման տեմպերով երբեք չի զարգացել ու արդիականացել: Խոսքը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության և կրթության ու գիտության մասին է: Այս նախարարությունների աշխատանքը հստակ տեսանելի ու չափելի է: Իհարկե նաև ավանդական ու մեզ համար անչափ կարևոր գերատեսչությունների՝ պաշտպանության նախարարության ու արտաքին գործերի նախարարության գործունեությունը ևս գոհացուցիչ է:

Citylife.am- Ի վերջո՝ Ձեր հետագա պլանները կապված քաղաքականություն հետ ինչպիսի՞ն են։

Սմբատ- Ինչպես գիտեք, ակտիվ քաղաքական անհատ եմ, բացի դա նաև մասնագիտական պատրաստվածություն ունեմ և հետևապես պետք է իրացնեմ իմ ինտելեկտուալ ներուժը: Ես երկար տարիներ է հետևում եմ հայաստանյան քաղաքական իրադարձություններին, որոշներին ակտիվ մասնակցել եմ որպես քաղաքացի: Մասնագիտական կրթություն ստանալուց հետո հատկապես, մտադիր եմ իմ աշխատանքը շարունակել պետական կառավարման համակարգում՝ այդպես նաև օգնելով իշխանություններին և ծառայելով իմ պետությանը: Մյուս տարբերակը ևս համարում եմ շատ իրատեսական. կամ կնախաձեռնեմ նոր քաղաքական ուժի ստեղծում կամ կմիանամ այն կուսակցությանը, որի արժեհամակարգն ու գաղափարները կիսում եմ: Թե որը կլինի չեմ կարող ասել, բայց ճանապարհները այս երկուսն են: Մի բան հստակ է՝ տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող ենք և պետք է լուծենք և տեսնում են մեծ հնարավորություններ, որոնցից պարտավոր ենք օգտվել:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/