
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Օհանյանը Երևանում մասնակցելու է «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհամբերությամբ սպասում է համաժողովին մասնակցությանը:
«Այն կարևոր խոշոր միջոցառում է, որն անցկացվում է Երևանում: Աշխարհի շատ երկրներից գալիս են Հայաստան հենց այս միջոցառմանը մասնակցելու համար»,-ասաց Ալեքսիս Օհանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նրա առաջիկա ծրագրերով՝ կապված Հայաստանի հետ: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովին ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել, ինչը ողջունելի է:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ալեքսիս Օհանյանի դուստրը խոսում է հայերեն:
«Ոչ, ես ինքս եմ դժվարությամբ խոսում, գիտեմ մի քանի բառ միայն. «շնորհակալ եմ», «չէ», «այո»…շատ եմ ափսոսում, որ չեմ հասցրել ավելի լավ իմանալ»,-ասաց նա: Այն հարցին, թե երբ է Ալեքսիս Օհանյանը պլանավորում Հայաստան գալ իր ընտանիքի հետ, նա նշեց, որ իր կինը շատ հագեցած օրակարգ ունի, բայց հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին կկազմակերպեն:
Համաժողովին մասնակցելուց զատ, մայրաքաղաքում նախատեսված է նաև նրա՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: