
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ծննդյան տարեդարձը նշելուն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց նրա մտերիմ ընկերը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա նաեւ նշեց, որ Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, հետեւում է առողջությանը:
«Հիմա, փառք Աստծու, իրեն լավ է զգում: Մի քանի օր առաջ թատրոնում էր, պրեմիերայի էր: Պլանավորում է հաճախ գնալ թատրոն: Այն պատմությունները լրիվ մնացել են հետեւում, ամեն ինչ լավ է: Առողջական վիճակն այն հարցն է, որին շատ լուրջ հետեւում ենք: Ամսի 3-ին 84 տարեկան է դառնում: Նա ապրի, հստակ հետեւում է իրեն, որովհետեւ ուներ ծանր շրջան, բայց հիմա դուրս է եկել դրանից: Բժիշկները կարծում են, որ շատ նորմալ վիճակում է: Ծննդյան օրը որոշել է փոքր շրջանակով նշել, չի սիրում մեծ բաներ: Թատրոնում, որքան գիտեմ, ուզում են շնորհավորել, պատրաստվում են»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, ամուսնալուծվելուց հետո վերամիավորվել է Տատյանա Վլասովայի հետ, ու նրանք միասին ապրում են Մոսկվայում: Վերջինիս հետ Ջիգարխանյանն ամուսնացած է եղել 1967-2015 թթ.: Սողոմոնյանը նշեց, որ անձնական կյանքում էլ ամեն ինչ նորմալ է:
«Ես անձնական կյանքը չեմ ցանկանում շոշափել: Իրենց գործն է: Բայց, այո՛, այդ հարցում էլ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Սողոմոնյանն ասաց, որ երիտասարդ նախկին կինն ու նրա ներկայացուցիչները Ջիգարխանյանին չեն անհանգստացնում: Ասաց, որ դերասանը կենտրոնացած է թատրոնի վրա, իսկ մնացածն իրենց գործն է: Ընդգծեց, որ քրեական գործեր կան, ու իրենք դեռ փորձում են երիտասարդ նախկին կնոջից հետ բերել Ջիգարխանյանի փողերը, իսկ 3 տներից 1-ն արդեն հետ են վերցրել:
Աղբյուրը՝ http://armtimes.com