Հարկավոր է ժամանակին հարկերը վճարել ու վերջ․ Գրիշա Աղախանյանը հայտարարագրել է իր եկամուտները

Դերասան, շոումեն, հաղորդավար եւ հանդիսավար Գրիշա Աղախանյանը վաղուց հայտարարգրել է իր եկամուտները: Այս մասին վերջինս հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Շոումենի կարծիքով՝ եկամուտները հայտարարգրելու հարցն անգամ քննարկել պետք չէ, հարկավոր է ժամանակին հարկերը վճարել ու վերջ:

Մինչդեռ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի մոտ ՊԵԿ-ի նման պահանջը միանշանակ չի ընդունվել, որոշները դժկամությամբ են պատրաստ ենթարկվել օրենքի պահանջին եւ կտրուկ են արձագանքում իրենց եկամուտների մասին հնչող ցանկացած հայտարարության:

Մեր դիտարկմանը, թե շոու բիզնեսի ներկայացուցիչների դժգոհության պատճառը, գուցե քիչ եկամուտն է, Գրիշա Աղախանյանը ասաց.«Քչի եւ շատի մասին չէ խոսքը: Ես 10 տարի ապրել եմ ԱՄՆ-ում եւ հարկեր վճարելու մեխանիզմը հետեւայն է՝ կարեւոր չէ՝ դու շատ եկամուտ ունես, թե՝ քիչ, ամեն մեկն այդ գումարը մուծում է իր եկամուտին ու իր աշխատածին համապատասխան»:

Գրիշա Աղախանյանից հետաքրքրվեցինք, թե երբվանից է սկսել վճարել, վերջինս ասաց. «Իմ հաշվապահն է դրանով զբաղվում, եւ մենք միշտ ենք վճարել»:

Հիշեցնենեք, որ գրեթե երկու ամիս առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում եւ շումենների ու հանդիսավարների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: 

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այս մասին լրագրողների հետ զրույցում վերջերս հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա անուններ չտվեց, միայն նշեց, որ եղել են հորդորներ՝ ներկայացնելու հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին: Անանյանի խոսքով՝ եթե այս նամակն էլ անպատասխան մնա, ապա ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի հետաքննիչներին, ովքեր էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Որոշ ժամանակ անց ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների իրականացրած հարկային հսկողության միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրը՝ http://armtimes.com