Հայբիզնեսբանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աջակցությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը մեկնարկեց Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարումներով և ամփոփվեց ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:

Մինչև փառատոնի ավարտը՝ շուրջ մեկ շաբաթ, փառատոնի բոլոր մասնակիցներն ապրեցին ուջանցիների տներում՝ այդ կերպ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ճանաչել հայկական մշակույթն ու կենցաղը: Մինչև սեպտեմբերի 20-ն Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում տեղի ունեցան բացօթյա կինոցուցադրություններ, բացի դա փառատոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվեցին նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» փոքր դահլիճում:

Փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի աշխատակիցները և ղեկավար անձինք, որոնք սիրով շրջեցին հյուրընկալ Ուջան գյուղում, ծանոթացան փառատոնի կազմակերպիչների հետ և դիտեցին ցուցադրվող ֆիլմը:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված էին 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և պարգևատրվեցին հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնում:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ն աջակից է մշակութային միջոցառումներին և դրանց կատարամանը, ինչպես նաև մշտապես Հայաստանում մշակույթի զարգացմանը նպաստող ծրագրերի կողքին է:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…