Սեպտեմբերի 20-ին Թումանյանի Անուշ ներկայացմամբ բացվեց Աբելյանական 88-րդ թատերաշրջանը: Բացումը համընկավ նաև Աբելյանական 3-րդ հանրապետական և Թատերական Լոռի 25-րդ միջազգային փառատոների հետ:
Այս տարի փառատոնին կմասնակցեն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Ալավերդու քաղաքային, Երևանի պետական կամերային երաժշտական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական, Հրազդանի դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Աբովյանի դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային, Երևանի խամաճիկների «Միմոս», Երևանի պատանի հանդիսատեսի, Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային, Երևանի մնջախաղի պետական, Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնները, ինչպես նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի «Իտո Գումի թատրոն»-ը՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով՝ «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Ռոմեո և Ջուլիետ», «Տերն ու ծառան», «Շունն ու կատուն», «Սուտասանը», «Անխելք մարդը», «Մորգանի խնամին», «Չախչախ թագավորը», Թումանյանի հեքիաթները՝ remake տարբերակով և այլն:
Փառատոնի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Նա նշեց, որ փառատոները միավորվել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ՝ կարևորելով Թումանյանի մեծագույն ներդրումը հայ մշակույթի մեջ:
Վ. Շահվերդյանը տեղեկացրեց, որ Անուշ ներկայացման պրեմիերայով բացվում է թատերաշրջանը, որը ամբողջովին նվիրված է Թումանյանին:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը խոսեց փառատոնի կարևորության, ինչպես նաև Աբելյանի տան լավագույն ավանդույթների մասին՝ բարի ընթացք մաղթելով:
Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, մեջբերելով Չարենցի խոսքերը Թումանյանի մասին, նշեց, որ Թումանյանին և նրա բոլոր գործերին հարկավոր է մոտենալ մեծ պատասխանատվությամբ և ակնածանքով:
Այս փառատոնը միավորել է հայ մշակույթի երեք հանճարներին. Նարեկացիով ավարտվելու է փառատոնը. Մատյանի մոնո կատարումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ութսունամյա հոբելյանին,- ասաց նա:
Ողջույնի և գնահատանքի խոսք ասաց Թատերական Լոռի փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Նա կարևորեց համագործակցությունը՝ միասնական փառատոնին մաղթելով հաջող մեկնարկ և բարի ընթացք:
Ջերմորեն շնորհավորում եմ 88-րդ թատերաշրջանի և փառատոնի բացման առթիվ: Ակնկալում ենք, որ միասնական փառատոնը լոռեցիներին թատերական մեծ հրավառություն կպարգևի: Այսօր էլ աբելյանցիները շարունակում են արարել և հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացումներ՝ նոր ասելիքով, նոր մոտեցմամբ, ավանդականի և նորի ներդաշնակ զուգակցմամբ, – ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Աբելյանցիները Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանի կողմից արժանացան շնորհավորագրի և ծաղիկների:
Հրաչյա Պապինյանը Աբելյանցիներին հանձնեց Թումանյանի երկերի ընտրանին և մասնակցության դիպլոմ:
Մեզ հետ զրույցում Լ. Սահակյանը նշեց, որ փառատոնի նպատակն է ինչպես թումանյանական, այնպես էլ այլ հեղինակների գործերի բարձրարժեք ներկայացումը թատերարվեստի երկրպագուներին:
Գաղտնիք չէ, որ համաշխարհայնացման և արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են արագացնում ավանդական և ազգային շատ արժեքներ կիրառությունից դուրս մղելու գործընթացը: Հետևաբար՝ անհրաժեշտ է արագ և համարժեք արձագանքել մեր շուրջը կատարվող փոփոխություններին: Մշակույթի ոլորտում նույնպես պետք է արդիականացվեն գիտելիքի ու տեղեկատվության ձևավորման և փոխանակման համակարգերը: Ազգային, ավանդական մշակութային շատ երևույթներ փառատոնի շրջանակում թատերասերներին կմատուցվեն առավել նոր, դինամիկ և հագեցած, որի արդյունքում մենք կունենանք ոչ նյութական մշակութային ավանդական արժեքների նորովի մատուցում: Ինչպես տեսնում ենք, աբելյանական փառատոնն արդեն իսկ ավանդական է դարձել և միավորում է բազմաթիվ թատերասերների՝ նպաստելով թատերական կյանքի աշխուժացմանը մարզում, հանդիսատեսի գեղագիտական ճաշակի զարգացմանը՝ նորովի մատուցելով բազմաթիվ ստեղծագործություններ: Այս փառատոնը բացահայտումների, ստեղծագործական հայտնությունների, վերանայումների և ձեռքբերումների ազդակ է յուրաքանչյուրի համար: Ակնկալվում է բազմաժանր և հետաքրքիր ներկայացումների շարք, փոխշահավետ համագործակցություն հայաստանյան և մերձավոր սփյուռքի թատրոնների միջև: Իսկ մշակութային իրողությունների ապակենտրոնացումը, կարծում ենք, կնպաստի մշակութային կյանքի համաչափ զարգացմանը հանրապետությունում,- ասաց նա: <<Անուշ>> ներկայացման և միասնական փառատոների գլխավոր հովանավորը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
Փառատոնային տրամադրությունը Վանաձորում կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը՝ թատերասեր հանրությանը պարգևելով դրական էմոցիաներ։
Աղբյուրը՝ թատրոնի լրատվություն