«Դալան ֆեստ». Գյումրիում կմեկնարկի եռօրյա ռոք փառատոն

Նոր շունչ Գյումրու դալաններին: Հին Ալեքպոլի ճարտարապետության անբաժանելի մաս կազմող կամարները սեպտեմբերի 23-ից կվերակենդանան ռոք փառատոնի մեկնարկով: Եռօրյա փառատոնը Գյումրիում կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի, «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի ու «Մանուկյան ընկերության» հետ համագործակցությամբ:«

Հին Գյումրու փողոցներում, հատկապես հանգստյան օրերին, ամենատարբեր երաժշտախմբերի ելույթները Գյումրու մշակույթի մաս են կազմել, իսկ դալանները եղել են ռոք համերգների լավագույն հանգրվանը։ Քաղաքում պահպանված դալաններից երեքը վերակենդանացնելու տարբերակներից մեկը, կարծում ենք, «դալան-ֆեստ»-ն է: Հայտնի փաստ է, որ Գյումրիում ռոքային ավանդույթներ ձեւավորած «Բամբիռ»-ը՝ քաղաքի կամարների տակ նվագելու հրաշալի նախադեպեր ունի: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ փառատոնի ընթացքում ակնկալում ենք «Բամբիռ»-ի ու բամբիռցիների հետ ակտիվ համագործակցություն: Վերջին երկու տասնամյակում դալանների տակ որեւէ միջոցառում չի եղել: Նախագիծը մի կողմից վերակենդանացնում է մոռացված ավանդույթները, մյուս կողմից՝ երիտասարդների համար բացահայտում քաղաքային մշակույթի այս ձեւը»,-ասում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։«Դալան ֆեստ»-ը Գյումրին կհյուրընկալի 3 դալանում՝ Գորկու 67, Տիգրան Մեծ 8 եւ Շահումյան 188 հասցեներում: Ելույթ  կունենան «Խնձորի սոկ» ռոք խումբը, «Տիեզերք» բենդն ու «Ռոզեն Թալ» պրոգրեսիվ ռոք խումբը:

Նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա՝ հեռանկարում ունենալով այն դարձնել Գյումրու համար այցեքարտային: 

Աղբյուրը՝ http://armtimes.com