Երևանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Երևանի 73 համարի երթուղին այլևս չի սպասարկվում: Այս երթուղին սկսվում էր Էրեբունի զանգվածից, իսկ վերջնակետը Նոր Նորքի 9-րդ զանգվածն էր:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում 73 համարը սպասարկող ընկերությունը երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակը չի կարողացել բավարարել՝ երեք շարժակազմով են սպասարկել, մինդեռ պայմանագրով 18-ն է նախանշված եղել: Երթուղային տաքսիների հնամաշ լինելու եւ շարժիչների պարբերաբար խափանման պատճառով մեքենաներն աստիճանաբար գծիծ դուրս են բերվել: Շահագործման պիտանի է մնացել ընդամենը երեք շարժակազմ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած նորմերին չհամապատասխանեցնելուց հետո վերջնական լուծարվել է:

«Ընկերությունն աստիճանաբար գնացել է սնանկացման եւ դատարանով էլ սնանկ է ճանաչվել, լուծարվել է եւ աշխատանքը դադարեցրել: Քաղաքապետարանը առողջացման ժամանակ էր տվել, որ կարողանային վերականգնվել եւ որոշակի մեքենաների քանակ ապահովել, բայց վերջին մի քանի տարիներին 5 մեքենան չի գերազանցել»,-ասաց Գալստյանը:

Տրանսպորտի վարչության պետի ԺՊ–ն հայտնեց, որ այս պահին 73 համարի երթուղայինի նույն երթուղով փոխադրումներ է իրականացնում 22 համարի ավտոբուսը. «22 համարի երթուղու տարբերությունը շատ չնչին է, 58 եւ 37 համարի ավտոբուսները եւս լրացնում են այդ երթուղին, բայց 22 համարի ավտոբուսը գրեթե 95 տոկոսով է լրացնում 73-ին»:

Մասնավորապես Էրեբունի զանգվածի բնակիչների պնդմամբ՝ իբրեւ թե 73-ին այլնտրանք՝ 22 համարի ավտոբուսը շաբաթ եւ կիրակի օրերին՝ առավոտյան ժամերին, գրեթե չի աշխատում, իսկ մնացած օրերին՝ ժամը 21:00-ից, ավտոբուսն առհասարկ չի աշխատում, մինչդեռ 73-ն աշխատում էր մինչեւ ուշ երեկո: Քաղաքացիներն այժմ ստիպված են երկու տրանսպորտով երթեւեկել:

Էդգար Գալստյանը հայտնեց, որ այս պահին խնդիրը միայն 73 համարի երթուղայինի դեպքում չէ, մեծ մասն են այսօր դիմել՝ հրաժարվելու համար:

«Գրեթե բոլորի մոտ նույն պատճառն է՝ շարժակազմերը մաշվել են, ներդրումներ չեն արվում: Համատարած բոլորն են դիմում ու դժգոհում: Քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդիպում կազմակերպեց, եւ մենք խնդրեցինք, որ գծատերերը առաջարկներ ներկայացնեն, մի փոքր թարմացնեն եւ գոնե եւս երկու տարի սպասարկում իրականացնեն. դեռեւս որեւէ առաջարկ չենք ստացել»,-ասաց Գալստյանը:

73 համարի երթուղայինի տրանսպորտային ուղեցույցն է՝ սկիզբը՝ Էրեբունի զանգված -Տիտոգրադյան – Այվազովսկու – Ազատամարտիկների – Ս. Դավթի փողոցներ – Տիգրան Մեծի պողոտա – Երվանդ Քոչարի – Ալ. Մանուկյան փողոցներ – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան – Մոսկովյան – Աբովյան – Կորյունի – Չարենցի – Հերացու փողոցներ – Մյասնիկյան – Գայի պողոտաներ – Բաղյան – Գյուրջյան – Շոպրոնի – Դավիթ Բեկի – Ավետիսյան – Վիլնյուսի փողոցներ – Նոր Նորքի 9-րդ զանգված (վերջ. կ.):
Հետադարձընույն ուղեգծով մինչեւ Հերացու - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փողոցներ շարունակությունը նույն ուղեգծով: