Ռոբերտ Քոչարյանը կրկին կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանավայրում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց իր որոշումը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը, ըստ որի` նա կմնա կալանքի տակ։

«Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարան հրապարակվելու պահից 15–օրյա ժամկետում»,– հայտարարեց դատավոր Դանիբեկյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախորդ նիստը կայացել էր սեպտեմբերի 12-ին։

Դատական նիստին մասնակցում էին ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Քոչարյանի պաշտպանները նրան անհապաղ ազատելու միջնորդություն էին ներկայացրել, դատախազներն էլ` Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու միջնորդություն։

ՀՀ երկրորդ նախագահը ելույթով հանդես եկավ` ասելով, որ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց Աննա Դանիբեկյանին։

Աղբյուրը` armeniasputnik.am