Սեպտեմբերի 15-ին` Խաչվերաց տոնի օրը, ժամը 13:00-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերի, եղբայրների, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Մկրտվողների կնքահայրերը լինելու են հենց ապրիլյան պատերազմի մասնակիցները, զոհված հերոսների մարտական ընկերները:
Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, իսկ կազմակերպման հարցերով զբաղվելու պարտականությունն իր վրա է վերցրել Ռուբեն Մխիթարյանը:
«Ես և ապրիլյան պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանը համաքաղաքացիներ ենք և ընկերներ: Շուլիի հետ զրուցում էինք Գյումրիում, երբ շատ հպանցիկ, ամաչելով (շատ համեստ մարդիկ են Ապրիլյան պատերազմի մասնակիցները) ասաց, որ իրենք ընկերներով նման միտք ունեն՝ ուզում են իրենց զոհված ընկերների երեխաներին, քույրերին և եղբայրներին մկրտել: Մի քանի տեղում խոսել էին այս մասին, չէր ստացվել իրագործել, ոչ մերժում էին ստացել, ոչ համաձայնություն: Անկեղծ ասած, մկրտության մտքից շատ ոգևորվեցի, ազդվեցի և Շուլիին առաջարկեցի՝ ամբողջ կազմակերպչական աշխատանքը կատարել՝ ֆինանսից մինչև բուն արարողությունը կազմակերպելը»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց Մխիթարյանը:
Վերջինիս խոսքով՝ մկրտության արարողության միտքը չափազանց կարևոր էր, և անհնար էր անտարբեր մնալ, պետք էր անել հնարավորը տղաների գաղափարը իրականացնելու համար:
«Ինքս 2016 թ.-ի ապրիլին եղել եմ Արցախում, տեսել եմ՝ ինչ են արել մեր հերոս տղաները և ինչպես են խաղաղություն պարտադրել հակառակորդին: Իսկ Շուլի Հակոբյանն ինձ համար ոչ միայն ընկեր է, այլ Ապրիլյան պատերազմի խորհրդանիշներից մեկն է: Աստված մի արասցե, նոր հնարավոր պատերազմի ժամանակ, պատրաստ եմ տղայիս հետ իր կողքը կանգնել: Մեր հերոս տղաների համար պատրաստ եմ յուրաքանչյուր հարցով նրանց կողքին լինել»,- ասաց նա։
Մկրտության արարողությունը կյանքի կոչելու համար ֆինանսական ներդրում են կատարել և՛ Ռուբեն Մխիթարյանը, և՛ իր ընկերները, կատարվել է թիմային մեծ աշխատանք: Նա չցանկացավ նշել ընկերների անունները, ասելով, որ գուցե մատաղի արարողության ժամանակ ուղղակի նրանցից անվանական շնորհակալություն հայտնի:
Մկրտության արարողության մասնակիցները մոտ 240-250 են, որոնցից 80-ը Արցախից են: Մկրտվողները 90-ն են, մնացածը Ապրիլյան պատերազմի մասնակից կնքահայրերն են և մկրտվողների հարազատները:
2 ավտոբուս շարժվելու է Երևանից, 2 ավտոբուս՝ Սյունիքից, ինչպես նաև բազմաթիվ մարդիկ Շուշի են գալու իրենց անձնական մեքենաներով:
«Խորհրդանշական է, որ կան զոհվածների ընտանիքներ, որոնք թեև կնքվող չունեն, ցանկություն են հայտնել մասնակցել արարողությանը: Այս մարդկանց, բացի Ապրիլյան պատերազմից, կապում է մի ուրիշ հոգևոր կապ»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց Ռուբեն Մխիթարյանը:
Մկրտությունը կատարվելու է Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: «Բոլոր մկրտվողները կնունքի արարողակարգին համապատասխան ստանալու են ոսկյա խաչեր, մկրտությանն էլ հաջորդելու է մատաղի արարողություն»,- հայտնեց Ռուբեն Մխիթարյանը:
Աղբյուրը՝ http://Tert.am