Ֆրանսիայում հազարավոր մետաղադրամներով լի գանձ է հայտնաբերվել, տեղական France Bleu-ին հղում կատարելով` գրում է korrespondent.net-ը:
Ֆրանսիական Վարեյ քաղաքում ապրող գյուղատնտեսը հողամասը կարգի բերելու ընթացքում բասկետբոլի գնդակի չափ ունեցող անհասկանալի մետաղյա գունդ է հայտնաբերել: Տղամարդը գտածոն դրել է շարժիչի յուղի մեջ, սակայն այն իսկույն մասերի է բաժանվել: Պարզվել է, որ մետաղյա գտածոյի մասնիկները 13-րդ դարի պատկանող արծաթե և պղնձե մետաղադրամներ են:
Հետաքրքրական է, որ գանձը գտնվել է դեռևս 2014 թվականին, սակայն մասնագետին հաջողվել է փորձագիտական գնահատական տալ միայն 4 տարի անց:
Փորձագետ Դոմինիկ Դյուսոն, որը զբաղվում է մետաղադրամների ուսումնասիրությամբ, նշել է, որ որոշ մետաղադրամներ գնահատվում են 100 եվրոյի չափով: Ֆրանսիայում միջնադարյան մետաղադրամների գծով 5 հազար հավաքորդ է ապրում, և եթե այդ 14 000-ը հայտնվեն շուկայում, մետաղադրամների արժեքը կարող է կտրուկ անկում ապրել:
Աղբյուրը` tert.am