
Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը «Դեպուտատի շոու» նախագծի շրջանակում մի շարք նորություններ ունեն՝ խոստանում են միանգամից երեք նոր նախագիծ և մեկ նոր տեսահոլովակ թողարկել։ Առաջին մանրամասները հումորիստ-դերասանները վստահել են Tert.am Life-ին։
Անդոն ու Ռաֆոն համատեղ ներկայացնելու են «Հալալ & Զուլալ News» հաղորդաշարը, որտեղ կլինեն «Կարգին սերիալ»-ից հեռուստադիտողներին հայտնի կերպարներով։ Նախագծի շրջանակում հումորիստները կխոսեն տարբեր հարցերի մասին։
«Փորձելու ենք խոսել այն ամենի մասին, ինչը հետաքրքիր է: Քանի որ որևէ մեկի «դհոլի տակ» չենք պարում, այդ կերպարների միջոցով բարձրաձայնելու ենք ինչպես մեզ անհանգստացնող, այնպես էլ հանրությանը հուզող թեմաներ։ Նախագիծն իրականացնում ենք ընկերներով՝ մեր համատեղ ուժերով և միջոցներով: Թիմում ես, Անդրանիկ Հարությունյանն ու Արմեն Վարդանյանն ենք»,- ասաց Ռաֆայել Երանոսյանը։

Բացի համատեղ նախագիծը տղաներից յուրաքանչյուրը կթողարկի մեկական առանձին հաղորդում։ Ռաֆայել Երանոսյանը երեխաներին հումորով կպատմի հայկական և համաշխարհային հեքիաթներ։ «Մի քիչ խմբագրված տարբերակով, ինտերակտիվ պատմելու եմ տարբեր հեքիաթներ, տարբեր հերոսների կերպարներով։ Օրինակ՝ այն ընթացքում, երբ ծնողները հեռախոսը տալիս են երեխային, որպեսզի զբաղվի, խաղ խաղա, երեխաները կարող են նստել ու հեքիաթ լսել։ Ժամանակակից մոտեցմամբ է։ Առայժմ աշխատանքային փուլում ենք, կարծում եմ, հոկտեմբերին արդեն հասանելի կլինենք համացանցում։ Սա և՛ մեր յութուբյան ալիքին օգուտ կլինի, և՛ դիտումներ կունենանք, և՛ հետաքրքիր բան կանենք երեխաների համար»,- ասաց դերասանը։
Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպես որոշեց, որ պետք է հեքիաթներ պատմի երեխաներին․ «Հիմա տարածված երևույթ է, որ երեխաները համացանցից ավելի շատ վատ բան են սովորում․ սա բնական է, քանի որ համացանցը լի է վատ լուրերով, ապատեղեկատվությամբ, հայհոյանքներով: Ես, որպես հայ մարդ, եթե կարողանամ տասը տոկոսին էլ կտրել այդ հայհոյանքներից, տարածվող մյուս տեսանյութերից, նախագիծը ստացված կհամարեմ»։

Դերասանի խոսքով՝ հեքիաթները իմաստային փոփոխություն չեն կրելու՝ ուղղակի խմբագրվելու են․ «Խմբագրումն անելու ենք, որպեսզի կարողնանք պահել ակտիվությունը։ Օրինակ՝ 25 րոպե տևողությամբ հեքիաթը կփորձենք խմբագրել՝ ներկայացնել, օրինակ, 17 րոպեում կամ ավելի կարճ՝ իմաստը չի տուժի, բայց ակտիվությունը կավելանա»։
Եթե Ռաֆայել Երանոսյանին կտեսնենք հեքիաթի ձևաչափում, ապա Անդրանիկ Հարությունյանը կներկայանա հեռուստադիտողներից շատերին հայտնի կերպարով։ Խոսքը ռուսական «Նաշա Ռաշա» հումորային հաղորդումից հայտնի Ժորիկ Վարդանովի մասին է, որը մտացածին «Սև-Կավ TV»-ի եթերում հանդես է գալիս որպես ավանդապաշտ հաղորդավար։
«Արդեն հայտնի կերպարի հայերեն տարբերակը ես եմ ներկայացնելու։ Նկարահանած թողարկում ունենք, որի տևողությունն ամենաշատը 7 րոպե է, միջինում՝ 5-6։ Տևողությունն այսպես ենք որոշել, որպեսզի չհոգնեցնի և հետաքրքիր լինի օգտատերերին։ Թեմաները քաղաքական և շոուբիզնեսային են: Հետաքրքիր հաղորդումներ են սպասվում»,- ասաց Անդրանիկը։
Անդոյի խոսքով՝ բացի հաղորդումները շարունակելու են նաև երաժշտական տեսահոլովակներ ներկայացնել։ «Շատ հետաքրքիր նորություն է սպասվում, քանի որ նոր տեսահոլովակ ենք պատրաստում: Դեռ չենք ասի՝ ում հետ ենք երգելու, թող անակնկալ մնա»,- ասաց դերասանը։
