Ամեն ինչից մի քի։ Բլից հարցում սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։
Citylife.am- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում։
Անի- Գերնպատակ չունեմ, բոլոր նպատակներս ու ծրագրերս մոտ ժամանակների հետ են կապված և հերթով լուծելի ու հասանելի են, մնում է հասկանամ՝ բռնածս ճանապարհը ուր կհասցնի ինձ։
Citylife.am- Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:
Անի- 25-26 տարեկան, բայց երբեմն ավելի փոքր են տալիս, կուզեի ավելի մեծ չերևալ, թեև գնալով համոզվում եմ, որ տարիքը ուղղակի թիվ է, աշխարհում ինչ-որ սահմաններ չխախտելու համար։
Citylife.am- Դուք անում եք այն ամենն ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին ինչ անում եք:
Անի- Անում եմ այն, ինչին հավատում եմ։ Հավատ ու վստահություն չներշնչող ոչնչի չեմ մոտենում՝ աշխատանքի, մարդկանց, իրավիճակի։
Citylife.am- Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:
Անի- Կյանքի ու ժամանակի հանդեպ ունեցածս վերաբերմունքը կփոխեի, ինձ համար ամենաբարդը ժամանակը գնահատելն է, ինձ մոտ վաղուց տպավորություն է, որ ես անընդհատ ժամանակ եմ կորցնում։
Citylife.am- Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:
Անի- Սիրիր քեզ ավելի, քան որևէ մեկին։
Citylife.am- Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:
Անի- Կխախտեմ, եթե դրանով չեմ վտանգի մեկ ուրիշի կյանքը։
Citylife.am- Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:
Անի- Չեմ փորձում տարբերվել մյուսներից, դրանով տարբերվում եմ մյուսներից։
Citylife.am- Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:
Անի- Կարծում եմ այո, մենակ թե կխնդրեի ինձ, որպես իմ ընկեր, ինձ ավելի շատ ժամանակ տրամադրել։
Citylife.am- Ո՞րն եք ընտրում, ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողությունները, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:
Անի- Կորցնել անցյալի հիշողությունները, անցյալն առանց այդ էլ արդեն կորած է։
Citylife.am- Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:
Անի- Ճշմարտությունը կամ կա, կամ չէ և որպես կանոն այն միշտ շատ մոտ է ու դրան հասնելու համար յուրահատուկ ոչինչ անել պետք չէ։
Citylife.am- Ձեր ամենամեծ վախը իրականություն դարձե՞լ է, թե ոչ:
Անի- Ոչ, և ես դեռ շարունակում եմ վախենալ։
Citylife.am- Ո՞րն է Ձեր մանկության ամենաերջանիկ հիշողությունը, ի՞նչն է այն դարձնում այդպիսին:
Անի- Մանկությունիցս շատ բան չեմ հիշում, փոքրիկ, խիստ անձնական դրվագներ են, գուցե ասելու դեպքում էլ ոչ ոք չհասկանա, թե ինչու է դա տպավորվել իմ մեջ, դրա համար էլ մանկությանս մասին գրեթե չեմ խոսում։
Citylife.am- Դուք ունե՞ք այնպիսի զգացողություն, որ օրերը միանման են ու կրկնվել են մի հարյուր անգամ:
Անի- Ամեն օրվա մեջ մի նորություն կա՝ նոր միտք, նոր հանդիպում, նոր երազ, նոր հիշողություն, ոչինչ երբեք չի կրկնվում։
Citylife.am- Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին օրն է, ու՞մ առաջինը հրաժեշտ կտայիք:
Անի- Ոչ ոքի… չեմ սիրում հրաժեշտներ։
Citylife.am- Կփոխանակեի՞ք Ձեր կյանքի 10 տարին համաշխարհային գրավչության և ճանաչման հետ:
Անի- Կյանքիս անգամ մեկ օրը չեմ փոխանակի որևէ այլ բանի հետ, հատկապես գրավչության ու ճանաչման։ Ամեն օրը հնարավորություն է այդ գրավչությունն ու ճանաչումը ձեռք բերելու։
Citylife.am- Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն, ինչ կատարվում է Ձեր կյանքում:
Անի- Երբեմն շատ եմ պլաններ կազմում, երբեմն տպավորություն է, որ իմ կյանքն իմ ձեռքերում է, բայց հետո հասկանում եմ, որ վերևում մեկը ծիծաղում է ինձ վրա։
Citylife.am- Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:
Անի- Այն աշխատանքը, որը հիմա անում եմ՝ գրելը։
Citylife.am- Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:
Անի- Նրա համար, որ առողջ բալիկ ունեմ։
Citylife.am- Դուք ինքներդ Ձեզ հավատու՞մ եք:
Անի- Ես հավատում եմ, որ իմ յուրաքանչյուր քայլ ազնիվ ու բարի մղումներ ունի, բայց թե որքանով է այդպես ստացվում, չեմ կարող ասել։
Citylife.am- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
Անի- Ինքս ինձ հարցեր չեմ ուղղում, պատասխաններից վախենում եմ։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի