Խոշոր կինոփառատոնի մասնակցող Թավշյա հեղափոխության մասին ֆիլմի օգտին կարելի է առցանց քվեարկել ՀՀ-ից

Կարին Հովհաննիսյանի ֆիլմը պատմում է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին: Կինոփառատոնի նկարագրությունների բաժնում նշվում է, որ Հայաստանում իշխող «Հանրապետական» կուսակցությունը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը, որն արդեն պաշտոնավարել էր 2 նախագահական ժամկետ, շարունակելու է ղեկավարել երկիրը որպես վարչապետ: Ֆիլմի նկարագրության մեջ նաեւ ներկայացվում է, որ այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երեւան երկշաբաթյա քայլարշավ է ձեռնարկել:

Ֆիլմում տեղ են գտել մի շարք հարցազրույցներ, որոնք տվել են ՀՀ վարչապետ Նիլկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Ֆիլմը ներկայացնում է նաեւ Չալո շանը:

Գործադիր պրոդյուսերներն են Սերժ Թանկյանը, որը նաեւ գրել է ֆիլմի երաժշտությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջո Բերլինգերը, Դեն Բրաունը, Ալեն Պետրոսյանը եւ Սուրեն Համբարձումյանը: Պրոդյուսերներն են Կարին Հովհաննիսյանը, Ալեք Մուհիբյանը, Տաթեւիկ Մանուկյանը, Էրիկ Եսրայելյանը, որը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերներից մեկը: