
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել: Նախարարը ներկայացրեց ոլորտի՝ իր գնահատմամբ ձեռքբերումներ:
Ասուլիսին ներկա էր Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով խորհրդականի պաշտոնից ազատված, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:
Նա խնդրեց լրագրողների հարցի առաջին իրավունքն իրեն տալ, որին ի պատասխան Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե նրան էլ հարցի իրավունք կտրվի:
«Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»,- ասաց Թամամյանը:
Սակայն Արսեն Թորոսյանը որևէ հարցի չպատասխանեց և հեռացավ սենյակից:
«Ես հիշում եմ մի դեպք էլ, մի հատ նախագահ կար, որ սենց հեռացավ»,- արձագանքեց Գևորգ Թամամյանը:
Լրագրողներին չհաջողվեց նախարարից որևէ պարզաբանում ստանալ՝ նա որևէ հարցի չպատասխանեց, իրավիճակը՝ չմեկնաբանեց: