Հագեք ինչ ուզում եք ու փող չհավաքեք. քաղաքապետարանը զգուշացրել է դպրոցների տնօրեններին

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը դպրոցների տնօրեններին որոշ հիշեցումներ է արել` դպրոցական համազգեստի, դրամահավաքի և այլ հրատապ թեմաների մասին։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է երևանյան դպրոցների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է: Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ասել է փոխքաղաքապետը:

Տիգրան Վիրաբյանն անընդունելի է հայտարարել նաև դրամահավաքությունը։

«Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են»,– ասել է Վիրաբյանը` խոստանալով, որ հետևողականորեն գնալու են յուրաքանչյուր ահազանգի հետքերով։

Դպրոցների տնօրեններին զգուշացվել է նաև վարձակալությամբ տրվող տարածքների անվան տակ չարաշահումներ թույլ չտալու մասին։ Փոխքաղաքապետի խոսքով` հաճախ պարզվում է, որ 30 քմ–ի վարձակալության պայմանագիր է կնքվել, բայց իրականում վարձակալին ավելի մեծ տարածք է տրվել։ Տնօրեններին հորդորել են բոլոր գործարքները բերել իրավական դաշտ ու խուսափել մութ գործարքներից։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ դպրոցական բուֆետների համար քաղաքապետարանն այժմ քննարկում է միասնական ծրագրի ներդրման հնարավորությունը` նույնական սպասքով և սննդացանկով, առանց կանխիկ դրամի շրջանառության, նաև՝ հատուկ բջջային հավելվածներով: Իսկ մինչ այդ դպրոցները կարող են պայմանագրեր կնքել առանձին կազմակերպությունների հետ՝ հետևելով սննդի ընտրության՝ առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին:

Որոշվել է նաև սեպտեմբերից սկսած Երևանի դպրոցներում տեսակավորել աղբը, առաջին հերթին` առանձնացնել թուղթը: Աղբի տեսակավորման համար կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ:

Իսկ ուսուցիչներն աշակերտներին պետք է բացատրեն աղբի տեսակավորման կարևորությունը։ Խրախուսվելու է, որ երեխաները նաև տնից թուղթը բերեն:

Աղբյուրը` armeniasputnik.am