Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ. Մնացականյան

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

«Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է։ Այն ներառում է  ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը և հետապնդումը։