«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) այս տարի Ազգային ժողով չի հասնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը ինչ փուլում է:
«Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողով չի հասնելու, որովհետև ընթացակարգով հնարավոր չէր»,- ասաց Բադասյանը:
Ըստ նախարարի` Ստամբուլյան կոնվենցիայի հարցով խորհրդատվական կարծիք ունենալու համար դիմել են Վենետիկի հանձնաժողով, իսկ պատասխանը կստանան հոկտեմբերին, այնուհետև այդ հարցը կրկին կառավարությունում պետք է քննարկվի, որից հետո այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան:
«Դա անհրաժեշտ մի գործընթաց է: Կարծում եմ, որ այդ թեման իրեն սպառել է։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն էլ հնչել են»,- եզրափակեց Բադասյանը:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) այն վավերացրած կառավարություններին հորդորում է մշակել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի համապարփակ միջոցառումներ։ Կոնվենցիայի դրույթներն ուղղված են բռնությունը կանխարգելելուն, բռնության զոհերին օգնելուն և երաշխավորելուն, որ մեղավորները կանգնեն արդարադատության առաջ։ Դա ենթադրում է կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի, ինչպես՝ ընտանեկան բռնության, հալածանքի, սեռական ոտնձգության և հոգեբանական բռնության քրեականացում և դրա համար օրինական պատժամիջոցների կիրառում: