Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, պետական բյուջեից լրացուցիչ՝ 77 միլիոն 334 հազար դրամ կհատկացվի դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացումն ապահովելու համար։
Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտություններից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 2018 թ-ին ծրագրի իրականացման համար նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել են ծրագիրը՝ ընդգրկելով 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում են նախատեսել։
Աղբյուր` Panorama.am