ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 11-13-ին կանցկացվի Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, տարածաշրջանային աշխատաժողովի նպատակն է գիտահետազոտական աշխատանքի, աստղագիտական կրթության ու հանրայնացման և աստղագիտական տուրիզմի ոլորտներում կատարել փորձի փոխանակում: Աշխատաժողովում ներգրավված են մասնակիցներ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի անդամ-երկրներից՝ Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև Ուկրաինայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:
Աշխատաժողովի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը: