Ամեն տարի 500 զինծառայող` սպայական ու ենթասպայական կազմից, արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորման իրավունք կստանան։ Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Նախագծի համաձայն` յուրաքանչյուր տարի ծրագրին կարող է մասնակից դառնալ 500 զինծառայող։ Ծրագիրը նախատեսում է 28 մլն 500 հազար դրամի չափով հիփոթեկային վարկավորման հնարավորություն»,– ասաց նախարարը։
Այս գումարի սահմաններում բնակարանի գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար կփոխհատուցվի պետության կողմից։ Միաժամանակ պետությունը կսուբսիդավորի նաև վարկի տոկոսադրույքներից 3 տոկոսը։
Շահառուների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ, քանի որ բնակարանի խնդիր ունեցող զինծառայողների թիվն անհամեմատ ավելին է պետության հատկացրած միջոցներից։ՀՀ ԿԲ նախագահն էլ հավելեց, որ, քանի որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու պարագայում գործում է նաև եկամտահարկի վերադարձման կարգը, ապա լրացուցիչ 3 տոկոսով տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում ստացվում է, որ զինծառայողների համար գործելու է անտոկոս վարկավորում։